Չորս ամիս է, առնչություն չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ․ Արա Սահակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն արդեն 4 ամիս է, դուրս է եկել Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունից։ Ասում է՝ տարաձայնությունը վերաբերում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։
«Արդյունքում պարզվեց, որ ես ճիշտ եմ, և այն ճանապարհը, որն ընտրվեց, հեռացնում էր այն նպատակներից, որոնք հռչակվել էին»,- ասում է Արա Սահակյանը։
Ինչ վերաբերում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Սահակյանն ասում է՝ քվեարկության օրն ինքը դիտորդ է եղել և հասկացել է, որ մարդիկ առաջնորդ էին ընտրում։ Եվ խորհրդարան մտած երեք ուժերն էլ ձայներ ստացել են իրենց առաջնորդների շնորհիվ։
Անդրադառնալով Հայաստանի անկախության 30 ամյակին՝ ասում է․ «Մեր վիճակի ողբերգականությունը կայանում է նրանում, որ մեր զավակները հիմա անում են այն, ինչ մենք արել ենք և մեզ թվում էր, թե ավարտել էինք։ Մենք վերադարձել ենք 30 տարի առաջ մեր առջև դրված խնդիրներին, մենք նոր բանակ ենք ստեղծում»։
Ինչ վերաբերում է Արցախի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հնարավոր հաշտեցման գործընթացին, Արա Սահակյանը հարց է բարձրացնում, թե դա ինչպե՞ս կարող է հնարավոր լինել այն դեպքում, երբ այդ երկրների տիրապետած ռազմական տեխնիկան շատ ավելին է։
«Մենք ինչպե՞ս կարող ենք վստահության մթնոլորտ ստանալ, երբ Ադրբեջանն ունի 7 անգամ ավելի շատ տանկ։ Թուրքիան՝ միայն 2,5 հազար տանկ, հսկայական ավիացիա և այլ զինտեխնիկա։ Եվ եթե Ադրբեջանն ու Թուրքիան անկեղծ են իրենց մտադրություններում, մենք պետք է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու հարց բարձրացնենք ու այնտեղ ներառենք նաև Վրաստանին։ Ինչպե՞ս կարող ենք այսպիսի գերսպառազինված երկրների հետ խաղաղության գնալ»,- հավելում է նա։
Արա Սահակյանն խոսեց նաև Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին և ասաց, թե «դա կազմակերպված բռնություն էր, և կազմակերպիչներն ու կատարողները նույն անձինք էին»։
Մանրամասները՝ տեսանյութում