Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է «Wikileaks»-ը սկսել Քոչարյանից (տեսանյութ)

Հարցազրույց
e89eaa734dc1bb579e51a7debb40c3af

«Wikileaks» կայքի հրապարակած փաստաթղթերը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գնահատում է աշխարհում չերեւացող կառավարությունների հարվածը երեւացողներին: «Պատահական չէ ընտրված նաեւ փաստաթղթերի հրապարակման պահը` ԵԱՀԿ գագաթնաժողովի նախօրեին: Փաստաթղթերը վերաբերում են աշխարհի մոտ 200 երկրներում ընթացող գործընթացներին, որոնց մեծ մասը ԵԱՀԿ անդամ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Կարապետյանը, ինչպես նաեւ պատասխանեց մեր այլ հարցերին:

- «Wikileaks»-ի ունեցած փաստաթղթերը հասնում են մոտ մեկ միլիոնի: Ընդամենը հրապարակվել է առաջին մասը` 250 հազարը: Դրանց մեջ 17509 փաստաթուղթը վերաբերում են Հայաստանին:

- Դուք որտե՞ղից եք տիրապետում նման ինֆորմացիայի:

- Կա ինտերնետային կայք, որին բաժանորդագրված եմ, ու որը նախքան հրապարակումը այդ փաստաթղթերը եւ դրանց ռուսերեն թարգմանությունն, ինձ ուղարկում է: Դա զուտ լրագրողական աշխատանքի արդյունք է:

- Այս պահին ՀՀ-ի վերաբերյալ «Wikileaks»-ը հրապարակել ընդամենը մեկ փաստաթուղթ, ըստ որի 2008թ. ԱՄՆ-ը համոզմունք է հայտնում, որ 2003թ. Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը գնդացիրներ և հրթիռներ է տրամադրել Իրանին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հենց այդ փաստաթուղթը հրապարակվել:

- Այդ փաստաթուղթը շատ հետաքրքիր է: Դրանով ասվում է, որ ՀՀ-ն տրանզիտ տարածք է դեպի Իրան վաճառվող զենքի եւ զինամթերքի համար: 2003թ. ընտրությունների տարի էր, եւ այդ փաստաթղթով ուզում են ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է դարձել ՌԴ- Իրան թնջուկի մեջ: Իսկ ո՞վ էր այդ ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարը, որը կապված էր զենքի վաճառքի հետ` Սերժ Սարգսյանը: Այսինքն, այս փաստաթղթով նաեւ ասում են, որ Սերժ Սարգսյանին դեռ չի հաջողվել թոթափել Ռոբերտ Քոչարյանի ունեցած ազդեցությունը եւ Ռոբերտ Քոչարյան -Սերժ Սարգսյան տանդեմը ներ է քաշվում մի պատմության մեջ, որն այնքան էլ լավը չէ: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Wikileaks»-ի ունեցած փաստաթղթերն այնքան էլ բարվոք չեն նրա հեղինակության համար:

- Ձեր կարծիքով, ե՞րբ կհրապարակվեն այդ փաստաթղթերը, կամ երբեւէ կհրապարակվե՞ն:

- Ես կարող եմ ասել, որ արդեն տպագրվել է եւս մեկ փաստաթուղթ: 2008թ. Վրաստանի դեպքերի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հանձնակատարի նամակն է, որից ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են Վրաստանի իշխաանություններին դուր գալու համար, սակայն Միխեիլ Սահակաշվիլին եւ Վրաստանի ԱԳ նախարարը մոտ մեկ շաբաթ չեն պատասխանում Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի հեռախոսազանգերին: Դա վկայում է վրացական իշխանությունների եւ ընդհանարապես աշխարհի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ես կարծում եմ, որ ՀՀ-ի վերաբերյալ փաստաթղթերն ավելի ակտիվ կհրապարակվեն Աստանայում նախատեսված Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո:

- Դուք կարծում եք, որ «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերն իրենց ազդեցությունը կունենա՞ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

- Այո: Իմ կարծիքով Աստանայի հանդիպման համար կատարված ճնշումները վերջիվերջո արդյունք չեն տալու: Հիշո՞ւմ եք Ցյուրիխում, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, ինչպես էին բոլոր գեղեցիկ շարվել, թշեր էին քաշքշում, հիմա Աստանայում նման առիթ չկա:

- Այսինքն, Աստանայում որեւէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու:

- Որեւէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի, չեմ բացառում, որ դեկլարատիվ բնույթ կրող հռչակագրի նման մի բան ստորագրվի, ճնշումների տակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք կողմերը, եւ մասնավորապես Հայաստանը, չի կատարի: Աստանայից հետո կողմերի վրա ճնշումները կմեծանան, շատ կտրուկ կաճի պատերազմի վտանգը: Շատ կարճ ժամանակ հետո ես կխոսեմ, թե ինչ բնույթի կարող է լինել այդ պատերազմը, ինչ նպատակով:

- Ձեր կարծիքով` «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերը կազդեն ոչ միայն ՀՀ արտաքին, այլեւ ներքի՞ն քաղաքականության վրա:

- Այո: Աստանայից հետո ՀՀ-ում իշխանությունները փորձելու են ժողովրդավարությանն ուղղված քայլեր իրականացնել: Այս պահին նրանք մտածում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին: Ես ցավում եմ, սակայն ինֆորմացիա կա, որ նրանք չեն ցանկանում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Այս առումով, շատ ճիշտ է, որ մենք բոլորս պայքարում ենք, որ իշխանությունները ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալների թեկուզ մի մասին ազատ արձակելուց հետո Սերժ Սարգսյանը կփորձի երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ:

- Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ում հաջորդ համապետական ընտրությունները կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ:

- Ես չեմ բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը: Եթե ընտրությունները լինեն արտահերթ, ապա իշխանությունները կցանկանան, որ այն լինի խորհրդարանական: Այդ ժամանակ նրանց համար ավելի հեշտ կլինի պայմանավորվածության գալ քաղաքական ուժերի հետ:

- ՀՀ-ում խորհրդարանի ընտրությունները միշտ որոշում են նախագահի ընտրությունների ելքը: Այսինքն, ոչինչ չի՞ փոխվելու:

- Այս անգամ իրավիճակը մի քիչ այլ է: Տարածաշրջանային իրավիճակն է բարդ: Դեռ կուսակցությունների հավաքի ժամանակ եմ ես Սերժ Սարգսյանին ասել, որ այս ամենն իր համար կարող է ավարտվել Հաագայով: Նա ծիծաղեց եւ ինձ ասաց. «Ինչ անեմ, գնամ կախվեմ»: Ես ասացի, որ չգիտեմ, թե ինչ անի, սակայն փաստն այն է, որ ՀՀ-ին կարող են մատաղ անել: «Wikileaks»-ի սկսած գործընթացը շատ լուրջ է: Ճիշտ են ԱՄՆ Պետդեպարտամենտի այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, որ այս ամենը աշխարհում կարող է խժդժություններ առաջանալ:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը