Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւր են Բեգլարյանին պաշտպանող մտավորականները

Հարցազրույց
35162cca59c0c642ee1d4591993ec746

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո նրան առաջինը եւ ամենախիստը սկսեցին քննադատել իր կուսակիցները` ՀՀԿ-ականները: Մտավորականները, ովքեր Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ջանք չէին խնայում Գագիկ Բեգլարյանին գովաբանելու համար, այսօր ոչ միայն հանդես չեն գալիս ի պաշտպանություն հրաժարական ներկայացրած քաղաքապետի, այլեւ` ընդհանարապես խուսափում են խոսել նրա հրաժարականի մասին: Այս առիթով «Ա1+»-ը զրուցեց կինոռեժիսոր, մտավորական Տիգրան Խզմալյանի հետ:

- Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ այսօր այն մտավորականները, ովքեր քարոզարշավի ընթացքում ամենուր շրջում էին Գագիկ Բեգլարյանի հետ, գովաբանում նրան, ժողովրդին խնդրում ձայն տալ միայն պարոն Բեգլարյանի օգտին, այսօր խուսափում են խոսել նրա հրաժարականի մասին:

- Նախ ես ուզում եմ ընդգծել, որ ես չեմ մտնում այդ մտավորականների մեջ: Ես հիշում եմ նաեւ, որ այդ մտավորականներից մեկը պնդում էր, որ Գագիկ Բեգլարյանի հոգում թատրոն կա: Նրանք չճշտեցին, թե դա ինչ թատրոն է, միգուցե աբսուրդի՞ թատրոն: Հիմա իրենք երեւի շարունակում են ունկնդրել այդ թատրոնի ներկայացումներից ինչ-որ մեկը: Ես կարծում եմ, որ դա որեւէ մեկի, մեր, ձեր, մեր ժողովրդին կյանքի, հոգսերի, խնդիրների հետ չի առնչվում: Դա ներքին խոհանոց է, ներքին խնդիր է, ռեժիմի հոգեվարքն է:

- Բոլոր դեպքերում Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ուշագրավ իրադարձություն է: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ նրան առաջինը սկսեցին քննադատել հենց նրա կուսակիցները:

- Դժվար է պատկերացնել, որ իրենք չգիտեին, թե ում են ընտրում, ծանոթ չէին նրա խառնվածքին: Մարդը բավականին անկեղծ էր: Ես չեմ կարող ասել` նա լավ, թե վատ քաղաքապետ էր, որովհետեւ մի տարի ապրող ծաղիկների քանակով դժվար է գնահատական տալ, թե ինչպիսին էր մեր քաղաքի կյանքը: Ես կարծում եմ, որ այն հոգեվարքը, որի մասին բազմիցս ենք ասել, տեղի է ունենում: Մենք` Սարդարապատ շարժման մասնակիցներս շարունակում ենք պնդել, որ այս ամենը արվում է ժողովրդի ուշադրությունը ավելի կարեւոր հարցերից շեղելու համար: Պետք չէ սեւ կատու փնտրել մութ սենյակում, որտեղ այն չկա: Մեր բոլոր խնդիրները բոլորովին այլ վայրում են: Այն, որ այսօր ակտիվ քննարկվում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականի խնդիրը, դա ծիծաղելի է: Դա արքունիքի խոհանոցն է, եկեք մտնենք այնտեղ:

- Կխնդրեի գնահատել մտավորականների դերը մեր հասարակության մեջ: Մտավորականները այսօր մեր հասարակության շարժիչ ու՞ժն են, թե՞ ոչ:

- Իրականում դա բառախաղ է: Մտավորականը այն չէ, որ մտածում է, բոլոր մարդիկ էլ մտածում են, կարեւորն այն է, թե ինչ են մտածում մարդիկ: Մեզ մոտ առաջացել է մի խավ, որն իրեն մտավորական է համարում, սակայն պատրաստ է գցվել եւ ցանկացած պաշտոնյայի պնակալեզը դառնալ: Այդ պահից նրանք կորցնում են մտավորական, առավել եւս արվեստագետ կոչվելու իրավունքը: Նրանք դառնում են լակեյ:

- Ի՞նչ եք կարծում Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետ, մտավորականները կշարունակե/ն մյուսների քարոզարշավին այդքան ակտիվ մասնակցել:

- Նրանք շատ վատ վիճակում են գտնվում` կյանքում արդեն երկրորդ-երրորդ անգամ չեն կողմնորոշվում, թե այս անգամ ում... Նրանք վախենում են կրկին սխալվել: Դա է պատճառը, որ դուք չեք կարողանում այս օրերին որեւէ մեկին գտնել: Նրանք դեռ չեն կողմնորոշվել:

- Ձեր կարծիքով միայն դա՞ է պատճառը, որ չեն խոսում, կարծո՞ւմ եք նույն ոգեւորությամբ հաջորդ թեկնածուներին են պաշտպանելու մտավորականների այդ խումբը:

- Այդ ոգեւորությունը կարող է համոզել միայն այդ թեկնածուներին, ժողովրդին դա ամենեւին չի մտահոգում: Ժողովուրդը նրանց տեսնելիս անջատում է հեռուստացույցը:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը