Ոնց որ կուկլա էր ջրի երեսին․ 2 տարեկան երեխային ջրից հանել և հիվանդանոց է հասցրել մի երիտասարդ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդու Դեբեդ թաղամասի հատվածում գետն է ընկել երկու տարեկան երեխա։ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայությունում դեպքը գրանցել են քաղաքացու ահազանգից հետո։
Վարարած գետը երեխային քշել-տարել է մոտ 2 կմ։ Այդ ընթացքում որոնողական աշխատանքները շարունակել են ինչպես փրկարարները, այնպես էլ սովորական քաղաքացիները։ Երեխային գտել և հիվանդանոց է հասցրել մի երիտասարդ։
Մանրամասները՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես արդեն հրապարակվել է, այսօր Ալավերդի քաղաքում 2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը։ Երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է երեխային ու դուրս բերել գետից։
Քիչ առաջ Սանահին Սարահարթ թաղամասում այցելել եմ երեխայի ընտանիքին։ Մինչ այդ այցելել եմ Ալավերդու ԲԿ, որտեղից երեխային տեղափոխել են Վանաձորի ԲԿ։ Ըստ բժիշկների` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Երեխան գիտակցության է եկել, սրտի աշխատանքը, սատուրացիան նորմալ է։ Այս պահին բժիշկները շարունակում են հետազոտությունը, Երևանից Վանաձոր է հասել շտապօգնության ևս մեկ բրիգադ։