Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱԿ
A A
Քաղաքականություն

Կոնգրեսը բանաձեւ է հրապարակել

 Հայ Ազգային Կոնգրեսի 5(23)-րդ համագումարին ընդունված բանաձևը․ 

Հայ Ազգային Կոնգրեսը իր գերագույն նպատակն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորուﬓ ու երկարատև և կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական և գիտամշակութային հարատեւ վերելքի ապահովումը։

Հայաստանն այսօր կանգնած է օրհասական սպառնալիքների առջև։ 2020-ին սկսված և ﬕնչ օրս չավարտված պատերազﬕ հետևանքով հայաթափվել է Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքները հայտնվել են օկուպացիայի տակ, Ադրբեջանը շարունակում է պետականորեն կազմակերպված համակարգային հայատյաց քարոզչությունը, որպես պատանդ պահում և խոշտանգում հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանը նաեւ հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ՝ առաջ քաշելով ﬔր երկրի ներքին հարցերին վերաբերող նվաստացուցիչ պահանջներ և պահպանելով պատերազﬕ վերսկսման վտանգը։ Հայաստանի վրա կախված է հետագա մարդկային և տարածքային կորուստների մահացու վտանգը։ Վտանգված է Հայրենիքը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը։ Իրավիճակը բարդանում է նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրումով, Հայաստանի անվտանգությանը սպառնում է ինչպես Արևմուտք-Ռուսաստան, այնպես էլ ԱՄՆ-ի և Իսրայելի կողﬕց Իրանի դեմ սկսված պատերազմը։

Երկրի ղեկը, ﬕնչդեռ, հայտնվել է ﬕ քաղաքական ուժի ձեռքում, որն առաջնորդվում է շահամոլական և օտարածին օրակարգերով և փորձում վերածել Հայաստանը աշխարհաքաղաքական կենտրոնների կռվադաշտի։ Մոգոնելով Ռուսաստանի հետ իբր հիբրիդային պատերազﬕ ուրվականը՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձում է ստանալ Արևմուտքի անվերապահ աջակցությունը ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված հալածանքներին, սերմանում պառակտում և ապօրինություն։ Մի իրավիճակում, երբ հայությանն օդի պես անհրաժեշտ է հաﬔրաշխություն և համախմբվածություն արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, ռեժիմը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են իշխանությանը լուրջ մարտահրավեր նետել, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու շինծու ﬔղադրանքներ։ Հատկապես արգահատելի են ապօրինի հարձակուﬓերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որոնք, ըստ էության, ուղղված են ﬔր պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։

Ժաﬓ է նորից, 1988-ի Շարժման ոգուն հավատարիմ, ﬔր ժողովրդի հավաքական հզորությամբ ձևավորել Հայաստանի և նրա ժողովրդի, ﬔր ամբողջ ազգի շահերից բխող իսկական Հայկական Օրակարգ։

Ելնելով այդ նպատակից՝ հայտարարում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և իր առաջիկա քաղաքական գործունեության և ապագայում Հայաստանի կառավարման գործում առաջնորդվելու է հետևյալ սկզբունքներով և մոտեցուﬓերով։

1.Խաղաղության հաստատում և երկաթուղային հանգույցի կառուցում․

Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կապված են մեր երկրում հակադիր աշխարհաքաղաքական և Հայաստանի ազգային անվտանգության շահերի ներդաշնակեցման հետ, ինչը ամուր հիմք կդառնա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման համար։ Հայաստանը պետք է նաև հաղթահարի ծովից կտրված ցամաքային երկրի տնտեսապես անբարենպաստ կարգավիճակը՝ սեփական ինքնիշխան տարածքում կառուցելով երկաթուղային հանգույց, որը ոչ միայն թույլ կտա մեր երկրին առավելապես ինտեգրվել համաշխարհային տնտեսության համակարգում, այլև դառնալ ռազմավարական տրանզիտային կենտրոն։ Դրա լավագույն միջոցը Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույցի կառուցումն է, որը կապահովի երկրի երկաթուղային կապը ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։ Այսպիսով Հայաստանը կհաղթահարի առևտրա-տնտեսական կարևորագույն ուղղություններով երկակի ցամաքային երկիր, այսինքն՝ նավահանգիստներից երկու երկրով կտրված լինելու հանգամանքը, և մեկ երկրի միջոցով ելք կստանա դեպի

 

Միջերկրական ծովի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ՝ էապես մրցունակ դարձնելով Հայաստանի տնտեսությունը։ Մեր առաջարկած ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ նախագծի իրականացումը, այսպիսով, ոչ միայն կհաստատի կայուն խաղաղություն, այլ նաև կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական արագ զարգացմանը։

2․ Իրատեսություն և ռազմավարական մտածողություն.

Այսօր ամենակենսական խնդիրն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը, մեր պետության պահպանումը, ազգային ինքնության և դարերով ձևավորված պատմամշակութային արժեքների պաշտպանությունն ու զարգացումը։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում և այդ սահմանների անձեռնմխելիությունը՝ արտաքին քաղաքականության գերխնդիրն է։ Հայաստանի քաղաքականությունը պետք է զերծ լինի պատմական անցյալի հետ կապված հույզերից և անիրատեսական ամբոխահաճո խոստումներից։ Պաշտպանելով արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը պատմական հայրենիք և հաշվի առնելով, որ նման վերադարձն անհնար է հայատյաց և բռնատիրական Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, պետությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում այս ժամանակաշրջանում պետք է կենտրոնանա Հայաստանում նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրման և միջազգային ատյաններում ու դատարաններում գույքային և այլ իրավունքների պաշտպանության գործի վրա։

3.Հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, կոմունիկացիոն ինտեգրացիա․

Արևմուտք - Արևելք գլոբալ աշխարհաքաղաղաքական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որևէ կողմ բռնի, այլապես մեր երկիրը կվերածվի գերտերությունների միջև պայքարի կռվախնձորի և կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների։ Մենք չպիտի դառնանք հակամարտող երկու ճամբարներից որևէ մեկի սատելիտը։ Որպես գոյատևման և զարգացման միակ միջոց պետք է ընտրվի բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացումը, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նկատմամբ չեզոքությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համագործակցության կամուրջ բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ և՜ Ռուսաստանի, և՜ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, և՜ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե վարում ես իսկապես անկախ քաղաքականություն։ Բոլոր այս ուղղություններով բարելավված հարաբերությունների հիմքով հնարավոր է նաև ավելի ուժեղ դիրքերից խնդիրները արդյունավետ կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

 

4.Արմատական տեխնոլոգիական արդիականացում․

 

 Աշխարհի պատմության ընթացքում որևէ երկիր չի ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում, եթե այն չի կառուցել իր տնտեսությունը գիտական առաջընթացի և արդիական ճեղքումային տեխնոլոգիաների հիմքի վրա։ Տնտեսությունն առաջ շարժող մեծագույն հավելյալ արժեքը ստեղծվում է տեխնոլոգիաների առաջնագծում, և միայն դառնալով տեխնոլոգիական առաջընթացի ուրույն ուղղությունների ռահվիրա՝ Հայաստանը կգտնի իր տեղը համաշխարհային տնտեսական համակարգում։ Պետությունը պետք է հսկայական ֆինանսական ներդրումներ կատարի ՀայԹեք արդյունաբերության խորշային սեգմենտներում յուրահատուկ մրցակցային առավելություններ ստացած ստարտապների և կայացած ընկերությունների գիտահետազոտական (R&D) աշխատանքների և գյուտարարության արտոնագրման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիան, ալտերնատիվ կուտակային էներգետիկան, օրգանիկ և էկո-գյուղատնտեսությունը, ֆինտեխը և կրիպտո-ինդուստրիան։ Պետականորեն խրախուսվող տեխնոլոգիական առաջընթացը պետք է դառնա երկրի տնտեսական զարգացման, պաշտպանունակության և բանակի ամրապնդման, գիտության, կրթության, առողջապահության, ճարտարապետության և մշակույթի լոկոմոտիվը և այդ բնագավառները մեկ միասնական համակարգի մեջ իրար կապող գլխավոր օղակը։

 

5.Ազատ և արդար մրցակցության և համագործակցության հասարակության ստեղծում․ 

 

Ներառական տնտեսության ստեղծում, որը կբացառի արտոնությունները իշխանության մերձավորների և խոչընդոտները քաղաքական հակառակորդների համար։ Պետական կարգավորիչ դերը պետք է մի կողմից կենտրոնանա խոշոր տեխնոլոգիական և կոմունիկացիոն նախագծերի և ենթակառուցվածքի խթանման, մյուս կողմից՝ ազատ մասնավոր նախաձեռնության համար արդար մրցակցային միջավայրի ապահովման վրա։ Ներքին սպառման շուկաներում պետք է բացառվեն մենաշնորհները։ Պետք է գործեն կոռուպցիոն չարաշահումները և շահերի բախումը բացառող հակակշիռների և զսպումների արդյունավետ օրենքներ և կարգավորումներ։

 

6.Նախագահական-խորհրդարանական սահմանադրական կարգի վերականգնումը և արդարադատության անկախացումը գործադիր իշխանությունից․ 

 

Հայաստանը պետք է վերականգնի անկախության ակունքներում՝ 1990 թվականին ազգային բացարձակ կոնսենսուսով ընդունված նախագահական-խորհրդարանական կառավարման մոդելը, և այնուհետև մեկընդմիշտ բացառի կառավարման մոդելի որևէ փոփոխություն։ Պետք է վերջ դնել օրվա իշխանության շահերին ծառայող և քաղաքական խաղի կանոնները իշխանության կոնյունկտուրային շահերին հարմարեցնելու կործանարար էքսպերիմենտների պրակտիկային։ Նախագահական-խորհրդարանական մոդելի վերականգնումը նաև հրամայական է ազգային անվտանգության արդյունավետ ապահովման տեսակետից։ Նոր Սահմանադրությունը պետք է նախատեսի անկախ նոր սահմանադրական մարմինների ստեղծում, որոնք օժտված կլինեն անկախ դատական համակարգի, դատախազության, քննչական ապարատի և այլ վերկուսակցական մարմինների ստեղծման գործառույթներով։

 

7.Ժողովրդավարության ամրապնդում և հանրային համերաշխության ապահովում․ 

 

Կդադարեցվեն բոլոր քաղաքական հալածանքները, այդ թվում նաև հոգևորականների նկատմամբ, ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները, կերաշխավորվեն խոսքի, խղճի և բոլոր այլ քաղաքացիական ազատությունները։

 

Սրանք են մեր անելիքները։ Հայ Ազգային Կոնգրեսը միևնույն ժամանակ գիտակցում է, որ նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը։ Ուստի, հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին։