Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բռնցքամարտի ԵԱ եզրափակիչներ․ Գագիկ Ծառուկյանը դժգոհ հեռացավ մարզադահլիճից (տեսանյութ)

Երևանում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Եզրափակիչ մրցամարտերի օրը Հայաստանից հանդես եկան 3 բռնցքամարտիկ: Մերոնց բոլոր մարտերն էլ անցան անչափ լարված, դիտարժան պայքարում: Ավաղ, միայն 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովին հաջողվեց հաղթանակ տանել և երրորդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն: 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մենամարտը Վասիլ Ուստուրովի հետ դժգոհության ալիք բարձրացրեց, քանի որ մեր բռնցքամարտիկը հաղթել էր առաջին երկու ռաունդներում, իսկ երրորդում առանձնակի չէր զիջել մրցակցին, սակայն մրցավարներն 3:2 հաշվով հաղթանակ շնորհեցին Բելգիան ներկայացնող մարզիկին: Զարմանալի չէ, որ մարտերին հետևող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ հանդիպումից հետո մոտեցավ առաջնության մրցավարության պատասխանատուներին: Կարճատև զրույցից հետո նա դժգոհ հեռացավ մարզադահլիճից: Ինչ վերաբերում է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանին, ապա նա ամեն ինչ արեց վրացի Գեորգի Կաշինաշվիլուն հաղթելու համար, սակայն ի վերջո զգացնել տվեց մրցակցի փորձառությունը, որն էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այդպիսով, Հայաստանն այս առաջնությունում նվաճեց 1 ոսկի, երկու արծաթ և մեկ բրոնզ: Հիշեցնենք, որ մեր թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 13 հոգով: Մեդալների ընդհանուր քանակով առաջին տեղը զբաղեցրել է Իտալիան` 7 մեդալ: Ապա հաջորդում են Իսպանիան ու Անգլիան` 5-ական: Ոսկե մեդալներով լավագույնը Վրաստանն էր, որը նվաճեց 3 մեդալ: Երկրորդ տեղում Սերբիան է` 2 ոսկե մեդալով: Հայաստանից բացի ոսկե մեդալի արժանացան նաև Անգլիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի ներկայացուցիչները: