«Քաղաքապետարանն օրվա հացից չի զրկել»
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը հերքում է փողոցային առեւտրով զբաղվողների այն պնդումները, թե քաղաքապետարանն իրենց առանց նախազգուշացնելու է արգելել փողոցներում առեւտուր իրականացնել: Նրանք դժգոհում են, որ զրկվել են օրվա հացից: Այս առիթով այսօր «Ա1+»-ը զրուցեց գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը:
- Նախ' կցանկանայի հստակեցնել, որ մարդիկ ոչ թե զրկվել են աշխատանքից, այլ նրանց արգելվել է առեւտուր իրականացնել որոշակի վայրերում, ինչը արգելված է «Առեւտրի եւ ծառայությունների» մասին ՀՀ օրենքով: Փողոցներում անօրինական առեւտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել հարակից մեծածավալ եւ փոքրածավալ շուկաներ եւ այնտեղ շարունակել իրենց գործունեությունը:
- Դուք այդ մարդկանց նախապես զգուշացրե՞լ էիք, որ արգելելու եք փողոցային առեւտուրը:
- Այո, զգուշացրել էինք: Անօրինական առեւտրի արգելումն ու կանխարգելումը նոր գործընթաց չէ: Այս պահին այդ շարունակական գործընթացի ավելի լայնամասշտաբ փուլն է իրականացվում: Օրենքն ընդունվել 2004թ-ին եւ սկսել է գործել 2005թ-ից: Այս տարվա հունվարի սկզբին բոլոր փողոցային առեւտրով զբաղվողներին զգուշացրել են, որ տեղափոխվեն: Նրանց 7-10 օր ժամանակ է տվել' իրենց առեւտուրը օրենքով թույլատրված վայրեր տեղափոխվելու համար:
- Զգուշացվե՞լ են նաեւ Մալաթիայի տոնավաճառի առեւտրականները, որոնք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում:
- Այո, բոլորն են զգուշացված, որից հետո նոր սկսվել է արգելման գործընթացը:
- Այդ մարդիկ նաեւ ասում են, որ շուկաներում տեղ չկա:
- Վստահեցնում եմ, որ շուկաներում տեղ կա' թե մեծածավալ, թե փոքրածավալ առեւտրի համար: Այցելեք շուկաներ եւ ինքներդ կհամոզվեք: Ես կուզենայի, որ այս խնդիրը երկու մասի բաժանեինք: Ես ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ անօրինական առեւտուրը օրենքով արգելվում է նաեւ նրանց համար, ովքեր ունեն սրահներ, սակայն առեւտուր են իրականացնում սրահների հարակից տարածքներում:
- Փողոցային առեւտրով զբաղվողների մեջ կան մարդիկ, որոնք օրական 20 լիմոն են կարողանում վաճառել եւ երեկոյան ընդամենը հաց գնել ու գնալ տուն: Այդ մարդիկ ասում են, որ չեն կարող գնալ շուկա եւ տեղ վարձել: Դուք հաշվի ե՞ք առել այդ մարդկանց շահերը: Ի տարբերություն մյուս առեւտրականների, նրանք ընդամենը հացի խնդիր են լուծում:
- Երեւանի քաղաքապետարանը նաեւ նախաձեռնում է փոքրածավալ շուկաների տեղակայման ծրագիր: Հնարավոր է, որ նման մարդկանց համար տեղ հատկացնեն այդ շուկաներում' զեղչային համակարգով:
- Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե սկզբում պատրաստվեին այդ շուկաները եւ հետո արգելեիք փողոցային առեւտուրը:
- Արդեն կան գործող փոքրածավալ շուկաններ: Ավելի նպատակահարմար է այդ մարդկանց տեղափոխել այդ շուկաները եւ հետո անհրաժեշտության դեպքում նորերը ստեղծել:
- Շուկաններում ապրանքների գներն ավելի բարձր են, քան փողոցում: Վերավաճառողներ են ասում են, որ իրենք չեն կարող շուկայական գնով վաճառել իրենց ձեռք բերած ապրանքը:
- Գնորդներն ուղղորդվում են վաճառակետերով եւ մեծածավալ կամ կենտրոնացված շուկաներում: Քանի, որ այսօր քչերն են այցելում, դրա համար տեղի վաճառողները ստիպված գները բարձրացնում են: Եթե փողոցային առեւտրով զբաղվողները տեղափոխվեն շուկա, մրցակցությունը կմեծանա եւ նրանք ստիպված նոր գներ կսահմանեն:
- Փողոցային առեւտրով զբաղվողներն ասում են, որ շուկան գյուղացիների համար է, իսկ իրենք վերավաճառողներն են եւ իրենց ապրանքը կարող են վաճառել, որտեղ ցանկանան:
- Նման բան չկա: Օրենքը տարբերակում չի դնում: Բացօթյա առեւտուրը օրենքով արգելվում է, բացի որոշակի ապրանքատեսակների ցանկից' ծաղիկներ, տնկիներ, պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, եւ այն էլ որոշակի պայմանների ապահովման դեպքում:
- Դուք ունե՞նք տեղեկատվություն, թե փողոցային առեւտրով զբաղվողները փողոցներում առեւտուր կատարելու համար որեւէ մեկին վճարո՞ւմ են տեղի համար:
- Ոչ, ես նման տեղեկություն չունեմ:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը