Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Իտալական հաղթարշավ, իսպանական՝ ֆիասկո. չեմպիոնների լիգա

Այս փուլը գերազանց անցկացրին Իտալիայի թիմերը, որոնք տոնեցին 3 հաղթանակ: «Նապոլին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց շոտլանդական «Ռեյնջերսին», «Միլանը» 4 անպատասխան գոլ խփեց Զագրեբի «Դինամոյին», իսկ «Ինտերը» սեփական դաշտում վստահ հաղթեց չեխական «Վիկտորիային»՝ 4:0: Միայն «Յուվենթուսը» պարտություն կրեց՝ Լիսաբոնում զիջելով տեղի «Բենֆիկային»՝ 2:4: Թուրինցիները կպայքարեն Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

Իսկ ահա իսպանական ակումբները լիովին ձախողվեցին: Մադրիդ «Ռեալը» հյուրընկալվելիս զիջեց գերմանական «Լայպցիգին»՝ 2:3: «Բարսելոնան» սեփական դաշտում պարտվեց Մյունխենի «Բավարիային»՝ 0:2, Մադրիդի «Աթլետիկոն» ոչ-ոքի խաղաց գերմանական «Բայերի» հետ՝ 2:2: «Սևիլյան» չնայած սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին», սակայն եկող տարի հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

Նախապես չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել անգլիական «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», իտալական «Նապոլին» և «Ինտերը», պորտուգալական «Պորտուն» և «Բենֆիկան», գերմանական «Բավարիան» և «Բորուսիան», իսպանական «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Մնացած չորս ուղեգրերի համար կպայքարեն 8 թիմեր: Այս տուրից հետո մրցաշարից դուրս մնացին «Այաքսը», «Աթլետիկոն», «Բայերը», «Բարսելոնան» և «Սևիլյան»:

 

Չեմպիոնների լիգայի վերջին՝ 6-րդ տուրը, կկայանա նոյեմբերի 1-ին և 2-ին: