ԱՄՆ-ն խաղաղությա՞ն համար է դա անում, թե Իրանի խնդրով մտադիր է «պայթեցնել» տարածաշրջանը․ Սուրենյանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վերջին օրերի Երևանի և Բաքվի հայտարարությունները ակնհայտ են դարձնում, որ մեղմ ասած այնպիսի միջավայր չի ձևավորված, որը բերելու է խաղաղության գործընթացի շարունակելիությանը, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրման»․ նշում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Ա1+»-ի տաղավարում նա անդրադառնում է հարցին, թե ինչու է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ վարչապետ Փաշինյանին հորդորել պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների թափը։
Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը շատ հաճախ տրվում է գայթակղությանը՝ այս կամ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի պրոյեկտներին մասնակցելու, որը «մեղմ ասած՝ անվստահելի գործընկերոջ իմիջ է ստեղծում գործընկերների համար»․
Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին, Սուրենյանցը նշեց, որ ակնորոշակի շանս է հայկական դիվանագիտության համար, բայց մյուս կողմից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ․ «Եթե հանկարծ Ադրբեջանն ու Թուրքիան դիմեն գործողությունների Ֆրանսիան գործնականում կարո՞ղ է աջակցել Հայաստանին, թե դարձյալ սահմանափակվելու է այն հայտարարություններով որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է»։
Խոսելով ամերիկյան և ռուսական «խաղաղության պայմանագրի» տարբերություններից՝ Սուրենյանցը նշեց․
«Ռուսական առաջարկի հիմքում ընկած է փուլային կոնցեպցիան, ինչը ենթադրում է, որ առաջին փուլում պետք է լուծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների մնացած բոլոր բաղադրիչները՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, դելիմիտացիա և դեմարկացիա, անկլավների հետ կապված հարցեր, լոգիստիկ հարցեր, հումանիտար հարցեր, հետո փոխվստահության ձևավորման ճանապարհով տարիների կամ նույնիսկ տասնամյակների ընթացքում անդրադարձ կատարվի Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Մոսկվան նման առաջարկ անում է, որպեսզի լեգիտիմացնի խաղաղապահների գործունեությունը հետագա տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում, Արևմուտքը առաջարկում է փաթեթային լուծում տալ բոլոր խնդիրներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։ Սա համապարփակ կամ փաթեթային լուծում է, որը մի կողմ թողնենք, որ Ղարաբաղի հարցով այդ մոտեցումը Հայաստանի համար ձեռնտու չէ, որովհետև այս պահին, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց հստակեցվի, ապա ամենևին էլ մեր օգտին չի լինելու»։
Նա կասկածում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է․ «ԱՄՆ-ն խաղաղությա՞ն համար է դա անում, թե Իրանի խնդրով մտադիր է «պայթեցնել» տարածաշրջանը»։
Մանրամասները՝ տեսանյութում