Բացել լրահոսը Փակել լրահոսը
315531704_686922682862793_2076986809262850471_n
A A
Բիզնես Քաղաքականություն

Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին` շենքի սեփականաշնորհման մութ գործարքից. Հայկ Գրիգորյանը ԱԳՆ-ի նախկին շենքի ներկայիս անմխիթար վիճակի պատճառների մասին

Ազգային առաջընթաց կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը` ԱԳՆ-ի նախկին շենքի ներկայիս անմխիթար վիճակի պատճառների մասին 

Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել էի Երևան քաղաքի ակտուալ հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև իշխանության դրսևորած անգործությանը դրանց հիմնահատակ լուծումներ տալու ուղղությամբ` նշելով, որ շարքը լինելու է շարունակական:

Հատուկ ուշադրություն էի դարձրել Երևանի պատմական կենտրոնի ճարտարապետական տեսքի աղճատման խնդրին, հրաշքով փրկված պատմամշակութային շենք/շինությունների անմխիթար վիճակին` խոստանալով հաջորդ գրառումներումս անդրադառնալ այս ոլորտում տիրող ամենաթողությանը և հանցավոր գործարքներին:

Այսօր ուզում եմ առանձին անդրադառնալ Երևանի հենց սրտում գտնվող` Հանրապետության Հրապարակի թամանյանական չորս մոնումենտալ շենքերից մեկի` ԱԳՆ-ի նախկին շենքի, որը ոչ միայն մայրաքաղաքի, այլև ողջ Հայաստանի այցեքարտերից է, անմխիթար վիճակին, մշուշոտ ապագային և դրա սեփականաշնորհման մութ գործարքին:  

Հանրապետության Հրապարակով անցնելիս յուրաքանչյուր քաղաքացի իր աչքով կարող է տեսնել, թե ինչ բարձիթողի ու ամայի վիճակում է երբեմնի բանուկ այդ շենքը, տեղ-տեղ բացակայում են ապակիները, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են ներս, խոնավեցնելով պատերը, շենքի Արամի փողոցի վրա գտնվող հատվածի պատից սկսել են թափվել տուֆի քարերը, անմխիթար վիճակում է նաև տանիքը: Պետք չէ լինել շինարար` հասկանալու համար, որ երկար չշահագործվելու և բարձիթողի վիճակում հայտնվելու հետևանքով շենքերը և շինությունները տարիների ընթացքում դառնում են վթարային և կանգնում փլուզման վտանգի առջև: Այս առումով ճարտարապետական եզակի կոթող համարվող այս շենքը բացառություն չէ, նրան էլ է սպառնում նույն ճակատագիրը, եթե այն փրկելու ուղղությամբ շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն:      

Իսկ ինչու՞մն է խնդիրը... Ինչու՞ շենքը հայտնվեց այս անմխիթար վիճակում...

Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին շենքը սեփականաշնորհելու մութ գործարքից: Ըստ էության Հանրապետության Հրապարակում պետական կարևորագույն նշանակության ճարտարապետական կոթող հանդիսացող նման շինություն ընդհանրապես չէր կարող սեփականաշնորհվել որևէ պատճառով: Ինչևէ, ինչպես միշտ ՀՀ իշխանությունները շահը վեր դասեցին բարոյական նորմերից և 2012 թվականին ԱԳՆ-ի շենքը $51 մլն վաճառեցին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Ըստ պայմանագրի այդ շենքում վերանորոգումից հետո, որը պետք է իրականացներ Էռնեկյանին պատկանող մեկ այլ ընկերություն` «Սալսա Դեվելոփմենթը», տեղակայվելու էր հինգաստղանի միջազգային հյուրանոցային ցանցերից մեկին պատկանող նոր հյուրանոց: Թե ինչը դրդեց հայրենի կառավարությանը գնալ նման տարակուսելի գործարքի հարցի մի կողմն է, հարցի երկրորդ կողմը այն է, թե ինչու Էռնեկյանը, $51 մլն-ով Հանրապետության սրտում գնելով այդ բաղձալի գույքը, տաս տարվա ընթացքում այդպես էլ ձեռնամուխ չեղավ իր երազանքների  հյուրանոցի կառուցմանը, շենքը թողնելով բախտի քմահաճույքին և հասցնելով վթարային ստատուսի:      

Իսկ պատճառը իմ տեղեկություններով հետևյալն է...

Բանն այն է, որ ԱԳՆ-ի նախկին շենքի վերակառուցման համար նախատեսված գումարները Էռնեկյանը հատկացրել է մեկ այլ նախագծի իրագործման համար: Իսկ ավելի կոնկրետ այդ գումարը տրամադրվել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին՝ Դալմայի այգիներում «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի նախագիծը իրականացնելու համար։ 110 միլիոն դոլար արժեցող այս նախագծի իրագործումը ֆինանսավորելու է «Կոնվերս բանկը», որը, ինչպես հայտնի է, նույնպես պատկանում է Էռնեկյանին:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Էռնեկյանը նախապատվությունը տվել է այս ծրագրին, այլ ոչ Հանրապետության Հրապարակում հյուրանոց կառուցելու բաղձալի գաղափարին: Բանն այն է, որ իմ տեղեկություններով, սա յուրօրինակ «պրեզենտ է» «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին այն բանի համար, որ նրա ջանքերի շնորհիվ Էռնեկյանին պատկանող «Կարաս» գինու բրենդը դատական վճռի միջոցով գրանցվեց որպես ապրանքային նշան՝ զրկելով մյուս գինեգործներին իրենց արտադրանքի անվանման մեջ  այդ բառն օգտագործելու իրավունքից:

Ահա այսպես Հանրապետության սեփականություն հանդիսացող այս և այլ եզակի արժեք ներկայացնող գույքը տարբեր ժամանակների իշխանավորների «թեթև ձեռքով» կնքված հանցավոր գործարքների արդյունքում հայտնվել է այս ու այն գործարարի քմահաճության տիրույթում, նրանք էլ այդ գույքի ճակատագիրը տնօրինել և տնօրինում են զուտ իրենց բիզնես-շահերի նպատակահարմարությունից ելնելով: