Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Հավաքվում էինք դպրոցի նկուղային հարկում փոքր խմբով ու նվագում»․ ինչպես է ստեղծվել նվագախումբը (տեսանյութ)

Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը, ով այդ ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար կոնցերտմայստերն էր, կարողացավ իր շուրջ համախմբել նվիրյալ երաժիշտների և ստեղծել կամերային նվագախումբ, որը կարճ ժամանակում ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Դա 1962 թվականն էր։

Զարեհ Սահակյանցից հետո նվագախումբը ղեկավարել են Կոնստանդին Բաղդասարյանը, Ռուբեն Ահարոնյանը, Զավեն Վարդանյանը, Էմին Խաչատուրյանը, Արամ Ղարաբեկյանը, Վահան Մարտիրոսյանը և նրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր ներդրումը։

«Ա1+»-ը զրուցել է նվագախմբի կայացման ակունքներում կանգնած ջութակահար, դիրիժոր Հմայակ Դուրգարյանի հետ, ով այժմ բնակվում է Իսպանիայում։

«Զարեհ Սահակյանցի առաջարկով հավաքվում էինք Սայաթ-Նովայի անվան դպրոցի նկուղային հարկում փոքր խմբով ու նվագում: Իսկ արդեն 1964-ից նրա մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց որպես կամերային անսամբլ մուտք գործել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ: Սա էր ճանապարհը։ Պարտիտուրաների հետ մեծ խնդիր ունեինք, և այս հարցում մեզ շատ օգնեց Վազգեն Ա կաթողիկոսը, ով կամերային երաժշտության մեծ սիրահար էր։ Ի դեպ, Վեհափառի ցանկությամբ Զարեհ Սահակյանցը իրականացրեց պատարագի չորս հատվածի մշակումները»,- զրույցում նշեց պարոն Դուրգարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։