Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0152533
A A
Մշակույթ

Փարաջանովի «Նռան գույնը»՝ պարի լեզվով

Փարաջանովի «Նռան գույնը» կներկայացվի համայն մարդկությանը հասկանալի՝ պարի լեզվով։ Ընդ որում՝ կզուգակցվեն հիփ հոփի ու հայկական ժողովրդական պարի տարրերը։

Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային բեմադրությունը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և կբացի հոբելյանական միջոցառումների շարքը։ Նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակը «Սաթէ-Աթըղ» թատերական միության նախագահ Սաթէ Խաչատրյանն է։ Ներկայացման առաջնախաղը, նրա խոսքով, կկայանա 2024 թվականի հունվարի 18–ին և 19-ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, իսկ հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։ Մարտ ամսին, ամենայն հավանականությամբ այն կցուցադրվի նաև Երևանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Պարային ներկայացման գաղափարը սկսել են իրականացնել 2021 թվականից:

Տիկին Խաչատրյանն ընդգծեց, որ իր համար կարևոր խնդիր է, որ Փարաջանովը ներկայացվի ոչ թե նեղ ազգային, այլ համամարդկային դիտանկյունից։ Սրանով է բացատրվում և ստեղծագործական կազմի ընտրությունը։ Բեմադրության վրա աշխատում են և ֆրանսիացի և հայ արտիստներ։ Երաժշտական մասն էլ վստահել են հայ երաժիշտներին՝ «Հող» խմբին։ Ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը ևս հայ է՝ Էդգար Մանուկյանը։ Պարողներից հինգը ֆրանսիայից են, երկուսը՝ Հայաստանից։

Բեմադրիչը ֆրանսիացի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին է, ով հայտնի է իր հիփ–հոփ պարային բեմադրություններով:

««Նռան գույնը»՝ ֆիլմը չի կրկնօրինակելու»,– ասաց նա և անկեղծացավ,– առաջին անգամ, երբ այցելեցի Փարաջանովի տուն–թանգարան, մի տեսակ խորը չընկալեցի Փարաջանովի արվեստը։ Եվ այս այցելության ընթացքում միայն հասկացա ու ինձ համար բացահայտեցի մեծ արվեստագետին։ Ինձ համար Փարաջանովի արվեստը պարի լեզվով ներկայացնելը, կարելի է ասել, մարտահրավեր է»։

Մի բան, սակայն, հաստատ գիտի․ կբեմադրի պարային մի ներկայացում, որը հետաքրքիր կլինի բոլոր տարիքների համար, անգամ՝ երեխաների։ Եվ, հուսով է, որ այս ներկայացումից հետո հանդիսատեսը ցանկություն կունենա ճանաչելու Փարաջանովին ու նրա արվեստը, իսկ ովքեր ճանաչում են, ավելի խորը բացահայտելու։

«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։