Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 

10 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

 

Կառավարութան որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի 2111-ն որոշման մեջ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023թ պետական բյուջեի կիսամյակի արդյունքներով հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշից ավել հավաքագրմամբ, որի արդյունքում 10 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Նախագծի նպատակն է Կառավարության ս.թ. դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ ավելացնել 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 մլրդ դրամով և միջոցներն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ:

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավելել է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ, որը գերակատարվել է առաջին կիսամյակի պլանի նկատմամբ շուրջ 50 մլրդ դրամով: Արդյունքում՝ 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը: «Նշեմ, որ սրանից առաջ, 10 որոշումներով արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7.5 մլրդ դրամով, որի հիմնական մասը, մոտավորապես՝ 6.5 մլրդ դրամը հատկացվել է Լեռնային Ղարաբաղին»,-ասել է Վահե Հովհաննիսյանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ ասել է. «Պետք է գոհունակությամբ ընդգծեմ ՊԵԿ և Քննչական կոմիտեի համագործակցությունը, միաժամանակ, օպերատիվ աշխատանքներն իրականացնում է ՊԵԿ օպերատիվ վարչությունը։ Իհարկե, մեր մյուս իրավապահ մարմինները նույնպես աջակցություն են ցուցաբերում՝ Ազգային

անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը, բնականաբար։ Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես այն հարկատուներին, ովքեր օրենքով սահմանված հարկերը վճարում են առանց Քննչական կոմիտեի, դատախազության և մյուս իրավապահ մարմինների օգնության»։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ շատ լավ հնարավորություն է ընձեռված առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով:

 

Բյուջետային ցուցանիշների կապակցությամբ վարչապետը նշել է, որ նախորդ տարի բյուջեի ընդունումից հետո, Ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը եռամսյակային բաշխվածություն են հաստատել, և դրա համեմատ առաջին եռամսյակում շուրջ 14 մլրդ դրամով է գերակատարվել, իսկ կիսամյակի տվյալներով՝ 49 մլրդ 900 մլն դրամով։ «Եվս 2 ցուցանիշ կա, որոնք կարևոր եմ համարում ընդգծել: Առաջին ցուցանիշը վերաբերում է բյուջեի եկամուտների կիսամյակային աճին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Կիսամյակի տվյալով մենք 19 տոկոսով ավելի հավաքագրում ունենք 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ, բացարձակ թվով 176 մլրդ դրամի։ Շատ կարևոր է նաև համեմատել 2018 թվականի առաջին կիսամյակի հետ, և այս տարվա առաջին կիսամյակում 2018 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատ հավաքագրել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92,7 տոկոսով»- ասել է կառավարության ղեկավարը։

 

Վարչապետի խոսքով, ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ նույնիսկ կորոնավիրուսի, պատերազմի և հետպատերազմական շրջանում, ոչ մի օր բարեփոխումների օրակարգից շեղում չի եղել և պետք է նույն կերպ շարունակել բոլոր ոլորտներում։

 

Կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ նախորդ նիստում կայացրած որոշման մասին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կառավարության նախորդ նիստում կայացրած մի կարևոր որոշման, որը վերաբերում է կապիտալ շուկայի զարգացմանը՝ հիշեցնելով, որ կառավարության և՛ 2018 թվականի, և՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում կապիտալի շուկայի զարգացմանը։ «Վերջերս մենք նաև ներգրավում ունեցանք, մեր բորսայում նոր բաժնետերեր, նոր ներդրողներ հայտնվեցին, ինչը մեզ հույս է տալիս, որ այդտեղ աշխուժություն կունենանք։ Կառավարության նախորդ նիստում որոշում կայացրեցինք աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք այսպես ասած, կգնան ցուցակման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ ֆոնդային արժեթղթերի շուկայի զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի ընկերությունները նաև այլ աղբյուրներից իրենց անհրաժեշտ միջոցները ներգրավվեն։ Մյուս կողմից, վարչապետի խոսքով, քաղաքացիներն իրենց խնայողություններն այսօր, ըստ էության, հնարավորություն ունեն ներդնել միայն բանկերում՝ ավանդների ձևով, և կապիտալի շուկայի զարգացումը քաղաքացիներին հնարավորություն կտա, որպեսզի իրենց միջոցները ներդնեն երկու տարբերակով՝ կամ որոշակի ընկերություններում իրենց ընտրությամբ և գնահատմամբ, որոնք ցուցակված են, ձեռք բերել բաժնետոմսեր՝ այդպիսով մասնակցելով տնտեսական և ներդրումային կյանքին, կամ պարտատոմսեր։

«Եվ, ահա, մենք որոշակի մեխանիզմ ենք ստեղծել, մասնավորապես՝ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ, մենք օժանդակություն ենք տրամադրում ընկերություններին։ Պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով առաջին 3 տարիների համար, սակայն ոչ ավել քան 45 մլն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար։ Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելում նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները»,- նշել է վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, 2018 թվականից Հայաստանի տնտեսական զարգացման նոր իմպուլս հաղորդելուն ուղղված քայլերում առանցքային տեղ է զբաղեցրել այն, որ կապիտալի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլ նաև մարդկանց սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ: «Եկեք չմոռանանք, որ սա Հայաստանի Հանրապետությանը բացարձակապես անծանոթ թեմա է: Նույնիսկ տեղյակ մարդիկ կարող են նրբությունների և հնարավորությունների մասին չիմանալ: Այս առումով՝ չափազանց կարևոր եմ համարում, որ մենք զուգահեռ պատշաճ հանրային իրազեկում իրականացնենք, որպեսզի մարդիկ այս հնարավորությունների մասին իմանան, կարողանան իրենց հնարավորությունները ճիշտ կառավարել»,- հավելել է վարչապետը:

 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում մարդկանց անհատական հաշիվների վրա բավականին շատ գումարներ են կուտակվում, և երկու պրոֆեսիոնալ ֆոնդ կառավարողները շատ մեծ ցանկություն ունեն նոր ակտիվներում ձեռքբերումներ իրականացնել, այսինքն, եթե մի կողմից ապահովվի այդ տիպի ակտիվների մուտքը շուկա պարտատոմսերի և բաժնետոմսերի տեսքով, բնակչությունը հնարավորություն կունենա միջնորդավորված իրենց կենսաթոշակային հաշիվներում առկա միջոցների հաշվին նաև ֆինանսավորելու այդ տիպի գործառնությունները:

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս մեկ կարևոր հանգամանք է ընդգծել, ըստ որի՝ բորսայում ցուցակված կազմակերպությունը կամ միջազգային վարկանիշ ստացած կազմակերպությունը կարևոր է ոչ միայն այն տեսանկյունից, որ այդ կազմակերպությունը հաշվետու և թափանցիկ է իր անցյալ գործունեության մասով, այլ նաև ունի ապագա գործունեության աընդհատության և շարունակականության վստահելիություն:

 

Ֆինանսների նախարարի հավաստմամբ, կառավարությունը կապիտալի շուկայի զարգացման մեջ էական դեր է խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումն էական ազդեցություն են ունենում և շուկա ձևավորում: Եթե մասնավոր ընկերությունները պետք է վարկանիշ ստանան՝ ուղղորդվում են սուվերեն վարկանիշով, և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: «Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրումներ կատարել պետական գանձապետական պարտատոմսերում դրամով գնանշված»,- հավելել է Ֆինանսների նախարարը:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, մեր երկրի ռիսկերը, ըստ միջազգային առաջնակարգ վարկանիշային ընկերությունների գնահատման, այնպիսին են, որ շատ հրապուրիչ է ներդրումների համար, բայց գործիքների բացակայության պատճառով այդ հոսքը չի գալիս: Ըստ փոխվարչապետի, բորսայական առևտրի խթանումն օտարերկրյա շատ լուրջ դիվերսիֆիկացված ներդրումների հարթակ է նաև: «Ես կարծում եմ, որ դա էլ շատ կարևոր ռազմավարական նպատակ է, որովհետև օտարերկրացի ֆիզիկական անձը պետք է հնարավորություն ունենա հայկական կապիտալում ինտերնետով ներդրում անի, և դա որակապես փոխելու է ներդրումային միջավայրը և հնարավորությունները»,-ասել է փոխվարչապետը:

 

Վարչապետի պարզաբանմամբ, այս մեխանիզմները շատ կարևոր են, քանի որ երբ օտարերկրյա խոշոր ներդրողը ՀՀ կառավարության պարտատոմս է ձեռք բերում, դա, առաջին հերթին, վստահություն է Կառավարության և երկրի նկատմամբ:

 

Փոխվարչապետի հավաստմամբ, այս թեման ռազմավարական գերկարևոր նշանակություն ունի, որովհետև նրա ազդեցությունը ֆինանսական համակարգի և ֆինանսների շրջանառության վրա էլ է շատ լուրջ:

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ հետաքրքրությունը մեր պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ տեղի է ունենում մի միջավայրում, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում տոկոսադրույքներն իջնում են: Այս հետաքրքրությունը նաև նշանակում է, որ կա սպասում, որ Հայաստանում տոկոսադրույքները շարունակելու են իջնել:

 

 

Հաստատվել է «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը»

 

 

Կառավարության որոշմամբ, հաստատվել է «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը»: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ա.

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեության ապահովման համար որակյալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:

 

Ֆինանսավորման նոր մոդելը, որն առաջարկվում է պիլոտային եղանակով ներդնել Օպերային թատրոնում, ենթադրում է կազմակերպությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար: Մոդելը նախատեսում է նաև, որ յուրաքանչյուր տարի կազմակերպության կողմից գեներացված սեփական եկամուտների դիմաց կազմակերպությունը կստանա հավելյալ գումար, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ, որը թույլ կտա ապահովել նոր բեմադրությունների իրականացումը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացումը հնարավորություն կտա 2023թ. ունենալ 2 նոր և վերափոխված բեմադրություններ, ինչը կնպաստի սեփական եկամուտների աճին և կխթանի հաջորդ տարիներին սեփական միջոցներով նոր ներկայացումների բեմադրման աշխատանքները՝ նոր ներկայացումների բեմադրումը դարձնելով անընդհատ գործընթաց: Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը նոր հնարավորություն կընձեռնի Հայաստանում և արտերկրում արվեստասեր հանրությանը բարձր բեմական վարպետությամբ հանդես գալու, հայ արվեստը հանրահռչակելու համար:

 

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ սա նույնպես Կառավարության կարևորագույն բարեփոխումներից է, որի վրա երկար տարիներ էներգիա է ծախսվել այն տրամաբանությամբ, որ մշակույթը Հայաստանում ռազմավարական ուղղություն է: «Բնականաբար, երբ մենք սա ասում ենք, մշակույթի և թատերական կազմակերպությունների կողմից լինում է արձագանք, որ պետք է պետությունն ավելի մեծ աջակցություն ցուցաբերի և մենք ասում ենք՝ այո՛»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2022թ. 2017թ. համեմատ աճել է 1032 տոկոսով:

 

Վարչապետի խոսքով, մշակութային հաստատությունները սեփական եկամուտները գեներացնելը պետք է դիտեն իբրև իրենց գործունեության հիմնական ձև. «Մենք հիմա մի մեխանիզմ ենք ստեղծում, որով մեր թատերական կազմակերպությունները ճիշտ կառավարման դեպքում կարող են ուղղակի իմաստով զարգանալ, ոչ թե դա լինի մի կազմակերպություն, որը մաշվում է տարիների ընթացքում, այլ կազմակերպություն, որը տարիների ընթացքում զարգանում է: Հիմա այս մոդելը հաջողությամբ կիրառում ենք կամ կկիրառենք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պիտի ասեմ, որ այո՛, այնտեղ սեփական եկամուտների ցուցանիշները շատ էական ավելացել են, բայց շատ կարևոր է, գոնե ես անձամբ տեսել եմ, որ սկսած դեկորացիաներից, հագուստից, ներկայացումների որակից, այո՛, մենք էական փոփոխություն ենք տեսնում: Եվ մենք բոլոր այն տեղերում և բոլոր այն դեպքերում, որտեղ այդ փոփոխությունը տեսնենք, սեփական եկամուտները կրկնակիի չափով մեծացնելու ենք»,- նշել է Կառավարության ղեկավարը և վստահություն է հայտնել, որ այս բանաձևն աշխատելու է, քանի որ այն

պարտադրելու է, որպեսզի չլինի թատերական կազմակերպությունների անորակ կառավարում:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է, որ այս փոփոխությունն ուղեկցվում է նաև, ընդհանուր առմամբ, մշակութային հաստատություններում աշխատանքի որակի, արդյունավետության բարձրացման այլ փոփոխություններով: Մասնավորապես՝ առաջիկայում նախարարի հրամանով կհաստատվեն համապատասխան ատեստավորման և աշխատակիցների վարձատրության սկզբունքները: