Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Ջհանգիրյան. «Իշխանությունները խոստովանեցին» (տեսանյութ)

Հարցազրույց
06645170d559699dd809a6c733cbe1dd

Հայ ազգային կոնգրեսը գտնում է, որ ֆորմալ տեսանկյունից Սերժ Սարգսյանը կատարեց վերջին հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած 3 պահանջներից մեկը՝ ստանձնեց 2008թ. մարտի 1-ի ոճրագործության եւ 10 զոհերի սպանությունների բացահայտման պատասխանատվությունը: Այս թեմայով այսօր «Ա1+»-ը զրուցել է ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:

 - Պահանջը ակնհայտորեն կատարվել է: Ֆորմալ, ձեւական առումով մենք բավարարված ենք, սակայն մենք վստահություն չունենք, որ այս իշխանությունները մարտի 1-ի դեպքերի իրական բացահայտում կկատարեն, որովհետեւ իրենք են եղել, այդ նույն իրավապահ մարմիների ղեկավարներն են եղել, որ կոծկել են մարտի 1-ի դեպերը, մեղավորներին, ապօրինի հրաման տվողներին, սպանություններ կատարողներին: Հիմա տեսնենք, թե ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանի կոչը այդ մարմինների վրա, ինչ քայլ նրանք կկատարեն:

 - Երեկվա խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը մարտի 1-ի բացահայտման ժամկետ չի նշել: Պահանջը ներկայացնելիս ողջամիտ ժամկետ չի ներկայացրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ժամկետն այս հարցում կարեւոր չէ՞:

 - 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման ողջամիտ ժամկետը, ըստ էության, վաղուց անցել է: Մարտի 1-ի դեպքերից անցել է 3 տարի: Հիմա ասել, թե ինչ ժամկետում նրանք կբացահայտեն, դժվար է: Հարցը ենթատեքստ ունի, թե ինչ էր ակնկալում ՀԱԿ-ը նման պահանջ դնելով. ակնկալում էր, որ իշխանության բերանից հնչի այն միտքը, որ մարտի 1-ը բացահայտված չէ: Սա է խնդիրը: Ըստ էության, սա քաղաքական մի հաստատագրում էր:

 - Այսինքն, սա ընդունում եք ինքնախոստովանությո՞ւն իշխանությունների կողմից:

 - Այո, եթե կուզեք' ինքնախոստովանություն է. իշխանություններն ընդունեցին, որ այդ դեպքերը բացահայտված չեն: Թեկուզ ձեւական Սերժ Սարգսյանը հանձնարարություն տվեց իրավապահներին, որ այդ գործերը պետք է եւս մեկ անգամ նայեն, այսպես կոչված քրքրեն, բացահայտման նոր ուղիներ փնտրեն:

 - Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների քայլերը Լեւոն Տեր-Պետրոսյանի մյուս երկու պահանջները կատարելու ուղղությամբ: Սամսոն Խաչատրյանին, թեկուզ պայմանական ազատ արձակելը տեղավորվո՞ւմ է բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի շրջանակներում:

 - Սամսոն Խաչատրյանը ճանաչվել էր քաղբանտարկյալ եւ անազատության մեջ մնաց ընդամենը 1 ամիս եւ 5 օր: Դա ցույց է տալիս այս իշխանությունների դիմադրողականությունը, որքան է թուլացել: Այդ նույն Քր. օր. 316 հոդվածով ինձ, իմ բազմաթիվ ընկերների իշխանություններն ազատազրկման դատապարտեց 2- 3 եւ ավելի տարվա, սակայն այսօրվա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սամսոն Խաչատրյանին կարողացան անազատության մեջ պահել 1 ամիս 5 օր:

 - Ի՞նչ կասեք Տեր-Պետրոսյանի երրորդ պահանջի՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգման մասին: Ապրիլի 24-ի՝ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր երթը ՀԱԿ-ը նախատեսել է սկսել Ազատության հրապարակից: Այդ օրը որեւէ քաղաքական ուժ երթի համար չի իրազեկում քաղաքապետարանին եւ դժվար թե ոստիկանները խոչընդոտեն, որ եթե սկսեք Ազատության հրապարակից: Դրանից հետո կարո՞ղ եք համարել, որ նաեւ ՀԱԿ-ի երրորդ պահանջը կատարեցին իշխանությունները:

 - Ոչ: Իշխանություններն արդեն մերժել են ապրիլի 28-ին նախատեսված մեր հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարկում: Արդեն ծիծաղելի են քաղաքապետարանի մերժումները, որովհետեւ արդեն երկրորդ անգամն է, ինչ ՀԱԿ-ն իր հանրահավաքն անցկացնում է Ազատության հրապարակում: Վստահ եմ, որ ապրիլի 28-ի հանրահավաքն էլ ենք այնտեղ անցկացնելու: Եթե հետեւեք ՀԱԿ-ի իրազեկմանը, ապա կտեսնենք, որ այնտեղ նշված է, որ ապրիլի 28-ի հանրահավաքը անցկացնելու ենք Ազատության հրապարակում, իսկ Մատենադարանը հավաքատեղին է: Ես չեմ կարծում, որ իշխանությունները տեղի չեն տալու: Այս հարցում եւս իշխանությունները տեղի են տալու, ինչպես մնացած բոլոր հարցերում: Կամավոր այս իշխանությունները մինչ օրս ոչինչ չեն կատարել: Մնացած բոլոր քայլերն էլ կատարելու է ՀԱԿ-ի համակիրների, 100 հազարանոց համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում:

 - Տեսակետ կա, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքներից ժողովրդի մի մասը հեռանում է հիասթափված, քանի որ կտրուկ քայլեր չեն կատարվում: Ի՞նչ կասեք այս մասին:

 - Ես չեմ կիսում այդ տեսակետը: Եթե ժողովուրդը մեր հանրահավաքներից հիասթափված գնար, ամեն հաջորդ հանրահավաքի մասնակիցների թիվը ավելի մեծ չէր լինի: Մտածել, թե մեկ անգամ հանրահավաքի գալով շարժման նշած բոլոր խնդիրները պետք է իրականանան, միամտություն կլինի: Հանրահավաքները, զանգվածային միջոցառումները այն գործիքներից մեկն են, որը այս փուլում ամենաարդյունավետն է, սակայն մեր քաղաքական պայքարն իր զինանոցում այլ միջոցներ էլ ունի: Թե որ միջոցն ավելի նպատակահարմար կլինի պայքարի հաջորդ փուլի համար, ցույց կտա կյանքը:

 - Ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին առանձնազրույցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանի հետ զրուցելու նախաձեռնությունը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանինը, հնարավոր համարում եք «Ժառանգության» միացումը ՀԱԿ-ին:

 - Ես գուշակությամբ չեմ ուզում զբաղվել: « Ժառանգությունը» կմիավորվի, թե ոչ. դա իր խնդիրն է: ՀԱԿ-ն արդեն միավորում է 18 քաղաքական ուժերի, տասնյակ հասարակական կազմակերպությունների, հազարավոր անկուսակցական քաղաքացիների, որոնցից մեկն էլ ես եմ: ՀԱԿ-ը խնդիր չունի այլ ուժերի արհեստական մեզ միավորելու: Եթե մեր հանրահավաքներին մասնակցում են 100 հազար քաղաքացիներ, ապա դուք պետք է վստահ լինեք, որ ՀԱԿ-ի տեսակարար կշիռը մեծ է:

 - ՀԱԿ-ը շարունակո՞ւմ է պնդել, որ արտահերթ ընտրություններ են լինելու, սակայն հերթական ընտրությունները, այսպես ասած, սարերի հետեւում չեն:

 - Իհարկե: Էլ ինչո՞ւ էինք ՀԱԿ-ի 15 պահանջներից կարեւորում 3-ը: Դրանց կատարումից հետո ՀԱԿ-ի առաջնորդը հնարավոր է համարում երկխոսություն սկսել այս վարչախմբի հետ: Երկխոսության թեման միայն մեկն է' ե՞րբ են տեղի ունենալու արտահերթ ընտրություններ՝ ի սկզբանե նախագահական, իսկ հետո խորհրդարանական: Հակառակ դեպքում, մեր պայքարն ի՞նչ նպատակ է հետապնդում:

 - Քանի որ ֆորմալ առումով Սերժ Սարգսյանը երեք պահանջներից մեկ լիովին կատարել է, իսկ երկուսն էլ կիսով չափ, կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության:

 - Ես չեմ վերցնի իմ վրա վարչախմբի գործողությունների տրամաբանական հիմնավորումը: Շատ բարդ ու դժվարին գործ է, որովհետեւ շատ հաճախ նրանց հայտարարություններում եւ գործողություններում տրամաբանություն գտնելն անհույս գործ է: Միաժամանակ ես կարծում եմ, որ սա իշխանությունների կողմից առաջին լուրջ մեսիջն է ՀԱԿ-ին, որ մնացած պահանջները կատարվելու են:

 Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը