Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի նվերը Գողթանիկ բնակավայրին (լուսանկարներ)

Վայոց Ձորի Գողթանիկ բնակավայրի բնակիչների համար ենթակառուցվածքները մեծ նշանակություն ունեն: 200 բնակիչ ունեցող գյուղում վերջերս բնակություն են հաստատել նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները: Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Եղեգիս խոշորացված համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական շենքին տեղադրվել է 6.9 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Նպատակը կանաչ հայեցակարգի տարածումն է և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը:

«Սոցիալական պատասխանատվության մեր թիրախում գտնվում են բոլոր գյուղերը, որտեղ կարող ենք բարեգործություն կատարել: Գողթանիկում այլընտրանքային էներգիայի ստացման այս կայանի տեղադրումով մենք լուծում ենք երկու հարց՝ հնարավորություն ենք տալիս վարչական շրջանին ջեռուցել շենքը և կից մշակույթի տունը, որտեղ կազմակերպվում է գողթանիկցիների ժամանցը, և երկրորդ՝ գումար են խնայում կենսական նշանակության այլ հարցեր լուծելու համար»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի կառավարման հոգսերը մեղմելուն:

 

«Արևորդի հասարակական կազմակերպությունը 2006 թվականից ի վեր իրականացնում է բնապահպանական ծրագրեր: Ucom-ի հետ այս ծրագրի իրագործման արդյունքում համայնքը կկարողանա ավելի արագ զարգանալ: Տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի աշխատանքից խնայված միջոցները հնարավոր կլինի վերաուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը: Համատեղ այս աշխատանքները լինելու են շարունակական և ուղղված են լինելու համայնքային ենթակառուցվածների զարգացմանը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

 

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը երկու ընկերությունների ղեկավարներին շնորհակալություն է հայտնել բնակավայրին աջակցելու համար:

 

«Արևային ֆոտովոլտային այս կայանի խնայողությունների արդյունքում մենք հնարավորություն կունենանք այդ գումարը ծախսել այլ ոլորտների բարելավման համար` օրինակ արջերի հարձակումների արդյունքում պատճառված վնասների հատուցման ուղղությամբ: Արևային կայանի տեղադրումը արդյունավետ է և օգտակար»,-նշել է Արթուր Ստեփանյանը:

 

***

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

 

***

«Արևորդի» բնության և մշակույթի պահպանության ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ իրականացնելով բնապահպանական կրթության, իրազեկվածության բարցրացման և վարքագծային փոփոխությանն ուղղված ծրագրեր։ «Արևորդին» տարիներ շարունակ մեծ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում է «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը», որն ունի մեծ հանրային մասնակցություն, ինչպես նաև Արևորդի էկո-ակումբների ցանցը, որը հնարավորություն է տվել հազարավոր երիտասարդների ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ։