Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_surxa78nl0fgs4mz520240110235005
A A
Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախմբի մեծ շրջագայությունը Չինաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգներով, հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգների տոմսերն ամբողջովին սպառված էին:

 

Շրջագայությունը կայացել է Armstrong Poly երաժշտական գործակալության հրավերով՝ որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենամանշանակալի համերգների կազմակերպիչը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգները կայացել են 2023թ.-ի դեկտեմբերի 20, 21, 22, 24, 25, 26, 28, 29, 31-ին հետևյալ համերգասրահներում՝ Shanghai Grand Theatre (Շանհայ), Zhuzhou Shennong Grand Theatre (Չժուժոու), Changsha Concert Hall (Չանշա), Qianjnang Caoyu Grand Theatre (Ցիենցզյան), Guangxi Culture and Art Centre (Գուանժու), Changshu Grand Theatre (Չանշու), Baoji Grand Theatre (Բաոծի), Shanxi Grand Theatre (Շանսի), Shenyang Shengjing Grand Theatre (Շենյան):

 

Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն և Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children's Choir): Բոլոր համերգներն անցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

 

Համերգները մեծ ոգևորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից և զգալի հանրային արձագանք են ստացել: Համերգներին նախորդել են նշանակալի գովազդային արշավներ, բոլոր

քաղաքներում ամենուր կարելի էր հանդիպել Հայսատանի ազգային ֆիլհարմոնիկի պաստառները: Այս շրջագայությունը մեծ իրադարձություն էր, որը Չինաստանում զգալի կերպով բարձրացրեց Հայաստանի ճանաչելիությունը և ամրացրեց հայ-չինական մշակութային կապերը:

 

2023թ-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եզրափակեց աննախադեպ համաշխարհային շրջագայություններով, նոյեմբեր ամսից 17 համերգներով հանդես գալով Աթենքի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բոստոնի, Մոնրեալի, Տորոնտոյի և Պորդենոնեի հեղինակավոր համերգասրահներում: Սա մեծ և ծանր երաժշտական մարաթոն էր, որը նվագախումբը հաջողությամբ հաղթահարեց՝ Հայաստանը պատվով ներկայացնելով աշխարհին:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ մասշտաբային շրջագայությունը կայացել է 2019թ-ի դեկտեմբեր և 2020թ.-ի հունվար ամիսներին, նվագախումբը 10 համերգով հանդես է եկել Չինաստանի կարևոր քաղաքներում: Շրջագայությունը կազմակերպել էր նույն՝ Armstrong Poly երաժշտական գործակալությունը: