ՍՈՐՍ ՏՆԱԿ. Մեծ ընտանիք, որտեղ բոլոր երեխաները լիարժեք կյանքի շանս են ստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սորս տնակ» զարգացման կենտրոնում տարբեր խնդիրներով բազմաթիվ երեխաներ են մասնագիտական օգնություն ստանում եւ սոցիալական հմտություն ձեռքբերում։ Զարգացման կենտրոնը բազմաթիվ ծնողների հոգսեր է թեթեւացնում։
Նաիրայի որդու մոտ 3 տարեկանում աուտիզմ է ախտորոշվել։ Զարգացման տարբեր կենտրոններ դիմելուց հետո Նաիրան կանգ է առել «Սորս տնակ»-ի վրա, ասում է՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ որոշում է կայացրել։ «Սկզբում երեխան գալիս ու միայն գետնին էր պառկում, կենտրոնի մասնագետները թերապիան սկսել են գետնին պառկած վիճակից»,- պատմում է Նաիրան։
«ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի «ՍՈՐՍ ՏՆԱԿ» զարգացման կենտրոնը ունի մոտ չորս տասնյակ աշխատակից։ Կենտրոնը գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Շաբաթական վեց օր՝ ժամը 10։00-ից մինչեւ 17։00-ն կենտրոնի մասնագետներն աշխատում են ամենատարբեր խնդիր ունեցող 1,5-ից մինչեւ 18 տարեկան երեխաների, այդ թվում՝ 3 մանկատների սաների հետ։
«Սորս տնակը» հիմնադրվել է ծանր խնդիր ունեցող երեխաներից մեկի մայրիկի՝ Մարինա Պարազյանի ջանքերով։ Ծնողների թե՛ հոգեբանական, թե՛ երեխաներին հասարակության մեջ ներգրավվելու խնդիրներին քաջատեղյակ Մարինա Պարազյանը այլ ծնողների հետ միասին հիմնել է «Սորս տնակը»։
«8 տարի առաջ երբ մենք հիմնեցինք այս կենտրոնը, որը մինչեւ օրս գործում է իր հովանավորով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհիվ, երեխաները՝ տարեկան 150 երեխայի քանակով ստանում են շատ որակյալ սպասարկում։ Կարողանում ենք սպասարկել ամենատարբեր խնդրով երեխաներին, որոնցից շատերը նաեւ հետագայում հաջողություններ են ունենում արդեն ներգրավվելու հասարակության մեջ։ Երեխաներ կան, որոնց կարիքներն այնպիսինն են, որ կարողանում հաճախել միայն մեր կենտրոն, եւ դառնում են զարգացման կենտրոնի հիմնական շահառու, այս տարածքը դառնում է երեխաների երկրորդ տունը»,- ասում է Մարինա Պարազյանը։
Կենտրոնի տնօրենն ասում է՝ իրենց հաջողության գրավականը բազմաֆունկցիոնալ թիմն ու երեխաներին օգնելու մեծ ցանկությունն է․ «Առնվազն 3-4 թերապիա է ստացել երեխան, ունեցել է խմբային աշխատանքներ, ներգրավված է եղել ծնողը տարբեր վերապատրաստումներում։ Անգամ քույր եղբայրների համար փոքրիկ ակումբներ ենք ունեցել շփման։ Մենք փորձում ենք ծավալուն աշխատանք տանել՝ որպես ընտանիքներ, հաշվի առնելով որ խնդիրը հենց մենք ենք կրում, եւ պատկերացնում ենք, թե ինչքան դժվար է Հայաստանում ծնողական համայնքում փոփոխություններ անել»։
«Սորս տնակում» երեխաները օգտվում են բազմատեսակ ծառայություններից՝ հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, արթերապիստի, կինեզոթերապիստի, ադապտիվ մարմնամարզության, երաժշտաթերապիստի։ Ուսումնասիրելով արտասահմանյան փորձը՝ զարգացման կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետները երեխաների հետ աշխատում են նորագույն լուծումներով։