Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն (տեսանյութ)

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում  քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն:  Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող, ուսուցանման ու գրագիտության հետ կապված անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառողների զորացրման դեպքերին:

 

«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակները առաջարկվում է ճանաչել սահմանափակում պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելը, անձնակազմ ղեկավարելը»,- ասել է  նախարարը:

 

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է՝ գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է: «Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա: Խոսքն անգամների մասին է: Խորհրդակցել ենք նաև Առողջապահության նախարարության հետ, և խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնասել մարդու առողջությունը», -ասել է Սուրեն Պապիկյանը: 

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցն ունի  և՛ քաղաքական, և՛ մասնագիտական հիմնավորման խնդիր. «Երբ մենք վիճակագրությունները նայում ենք՝ տեսնում ենք, որ անկանոնությունները շատ են: Այս թեման ուսումնասիրելիս՝ մենք մի քանի պրոբլեմների հետ ենք բախվել, որովհետև շատ դեպքերում առաջնորդվում ենք լավատեսության կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը և այլն, այդտեղ պետք չի շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել: Բայց երբ թեմաների մեջ խորանում ենք՝ տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ սողանքներ, և նաև մեր պրակտիկան է թույլ տալիս եզրակացնել,  որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են: Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում եթե չասեմ բազմաթիվ,  գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ են գործում:

 

Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, որ ես անկեղծ ասեմ՝ այդպիսի բան իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանարապես, երբ, օրինակ, որ զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա կա, դա արձանագրվում է, բայց հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու այդպես ազատում ենք: Այսինքն՝ այդ կարգի խորը խնդիրներ և պրոբլեմներ կան: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ում մտքով կանցնի՝ լինել երկրի, կառավարության անդամ կամ վարչապետ կամ մտքովդ անցնի, որ երկրի պետության, ազգի էլիտար երկու մասնագիտություն ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության: Ո՞ւմ մտքով կարող է այդպիսի բան անցնել: Շատ էական է, որ այս ահազանգերը, այս իրավիճակները, մենք այդ համակարգերից չենք ստացել, համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ ժողովուրդ, այստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով գնալով ենք հասկացել, որ այստեղ խնդիր կա: Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, ովքեր առնչվում են նման դեպքերի հետ,  պետք է կառավարությանը, պետությանն ասեն՝ հարգելի կառավարություն, այսպիսի պրոբլեմ կա, վերադասության կարգով այդ ժամանակ պետք է զեկուցեն:

 

Հիմա ես ուզում եմ տալ հարց, որը հռետորական է և հռետորական չէ՝ իսկ  ինչի՞ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչի պաշտպանության առաջանային, զորահավաքային առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար: Ինչի՞: Համակարգն այդտեղ է համակարգ, որ վերադասության կարգով զեկուցում են, ասում են՝ պրոբլեմ կա: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից այդպիսի զեկույցներ եկած լինեն, չկա այդպիսի դեպք ուղղակի: Այստեղ է խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամը երևում: Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Այս ամեն ինչով, ովքեր զբաղվել են մինչև հիմա, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն: Ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, խնդիր եմ դնում, չեմ ասում՝ 1 օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, ընդհանրապես թող այդտեղ չաշխատի, թեմայի հետ թող առնչություն չունենա»:

 

Կսահմանվեն  դրույթներ  մասնագիտացված հանրակրթական դպրոցների վերաբերյալ

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին»  օրենքի  փոփոխություններով պայմանավորված: Որոշմամբ  առաջարկվում է հաստատել նաև «ՀՀ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունը: Սահմանվել է նաև դրույթ այն մասին, որ դպրոցը կարող է նաև ունենալ դասղեկի առանձին հաստիք, ինչը նախկինում բաց էր մնացել: Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, որի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա: Արդյունքում՝ հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը  հնարավորինս անխոչընդոտ կընթանա:

 

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես Ֆինանսների նախարարության գործընկերների հետ արդեն իսկ նախապատրաստել ենք  գնումների և հաշվապահության գործընթացը պատվիրակված իրականացնելու փաթեթը»,-ասել է նախարարը:

 

Ի պատասխան վարչապետի հարցման, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ վարչատնտեսական կառավարման նոր մոդելն ամբողջական կգործի գործընթացն ավարտելուց հետո. «Այսինքն՝ մենք հիմա առանձնացրել ենք պատասխանատվությունները, բայց որպեսզի ամբողջական գործառույթի էֆեկտը հասկանանք, պետք է նաև այդ գործընթացը կազմակերպենք: Եվ դրանք առանձնացված են՝ սնունդը, անվտանգությունը, մաքրությունը, գնումները, հաշվապահություն, տնտեսական սպասարկում: Առաջին փուլով՝ գնումների և հաշվապահության մասը նախատեսում ենք, որ կենտրոնացված պատվիրակենք իրավաբանական անձի կողմից իրականացնելու,   ինչը հնարավորություն կտա թե՛ ծախսարդյունավետություն, թե՛ միասնական ստանդարտ ունենալ բոլոր դպրոցներում այդ գործընթացների համար»:   

 

Ըստ նախարարի՝ ամենակարևոր փոփոխություններից է նաև այն հանգամանքը, որ մենք ամրագրում ենք կրթահամալիրների համայնքային կենտրոններ լինելու գաղափարը, որը բազմիցս քննարկվել է. «Այժմ կանոնադրությամբ, մասնավորապես, հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների, որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին: Մասնավորապես՝ մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը պետք է ապահովվի, որպեսզի այստեղ  իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու և ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»:

 

Նորակառույց դպրոցների շենքերը նաև որպես  համայնքային կենտրոններ ծառայեցնելու որոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյան նշել է. «Շրջայցերի ընթացքում տեսնում ենք, որ ճիշտ չի լինի, որ նորակառույց դպրոցները դասապրոցեսի ավարտից հետո փակվեն, և այդ շենքերը մնան դատարկ: Մենք հիմա մեթոդներ ենք մտածում, թե ինչպես անենք, որ այդ շենքերը ծառայեն համայնքի կարիքներին և  մի քանի գաղափար ենք դիտարկում: Այստեղ պետք է նաև որոշակի ստեղծագործական ազատություն տալ, իհարկե, այն տրամաբանությամբ, որ դրանք պետք է մաքսիմալ մոտ լինեն կրթական և զարգացման օրակարգերին և տրամաբանությանը»:

 

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև տնօրենների թափուր տեղերը լրացնելու մրցույթների կարգում արված փոփոխությունները. «Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք արդեն դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»:

 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը: Ըստ նախարարի, սա  ցույց է տալիս, որ համակարգում առկա է  կարողությունների զարգացման բավականին լուրջ խնդիր:

 

Վարչապետն անդրադարձել է նաև այն խնդրին, որոշ տեղերում առկա է դասասենյակների պակաս. «Այդ պրոբլեմը արձանագրե՞լ եք, հընթացս ի՞նչ և ինչպես է փոխվել, որ, ասենք՝ շենքը նոր կառուցել ենք, բայց պարզվում է, որ դասասենյակները չեն հերիքում»:

 

 Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և նշել, որ հատկապես նման խնդիր ունենում են  ավելի վաղ փուլում նախագծված և մրցույթը տարած դպրոցները, քանի որ դրանից հետո է ԿԳՄՍՆ-ն կրթական ընթացակարգերում փոփոխություններ կատարել, որոնց համաձայն դպրոցներում այլևս խառը դասարաններ չկան:

 

Արձագանքելով՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կային դասարաններ, որ երեխանների փոքր թվի պատճառով մի քանի հոգի 3-րդ դասարանից էին, մի քանի հոգի՝ 4-րդ, մի քանի հոգի՝ 5-րդ դասարանից, և շենքեր նախագծելիս դասասենյակների այդ դասարանների թիվն է թղթի վրա երևացել: Հետո մենք ասացինք՝ ամեն դասարան, տարիքային խումբ պետք է առանձին դաս անի, և այս որոշման արդյունքում դասարանների թիվն աճեց»:

 

Ըստ վարչապետի՝ մյուս կողմից, եթե շենքի տարածությունը ֆիզիկապես բավարար է և դեռ մի բան էլ ավելին, այստեղ զուտ կազմակերպման խնդիր է առկա. «Մեր տնօրեններն էլ տեղում պետք է մի քիչ ստեղծագործ լինեն: Մենք լրիվ նոր դպրոց ենք մտնում, մեկ էլ խեղճացած ասում են՝ դասարանները չեն հերիքում, ընդ որում՝ անծայրածիր տարածքներ են դպրոցում: Այդտեղ էլ ստեղծագործականության հարց կա: Այո, նորմալ է,  խնդիր է, բայց դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական դպրոցում, որտեղ ամենատարբեր ենթակառուցվածքներ՝ ինչ ասես կա, ասում են՝  սենյակը չի հերիքում: Ի վերջո, կառավարությունը չի կարող գնալ, մտնել ամեն դպրոց և ասել՝ երեխաներ, դուք՝ այստեղ, հարգելի ուսուցիչներ, դուք՝ այստեղ, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ»:

 

Վարչապետը հավելել է՝ անգամ միջազգային չափանիշներով կառուցված ամենալավ դպրոցն ու մանկապարտեզն ամենօրյա կառավարման կարիք ունի. «Եթե չկա ամենօրյա կառավարման հմտություն, ֆունդամենտալ պրոբլեմներն այդտեղ են»:  Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դպրոցներում հաճախ խնդիրներ են ծագում, որոնք տեղում լուծելու փոխարեն,  գրություններ են գրում: Վարչապետի դիտարկմամբ՝  խնդիրներ կան, որոնք պետք է տեղում կառավարվեն, իսկ դրա համար դպրոցների կառավարման՝ և տնօրենների, և վարչատնտեսական մասի ղեկավարի կառավարչական հմտությունները շատ կարևոր են:  

 

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերի

 

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որի համաձայն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերի:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել որոշման մանրամասների մասին:

 

ԿԳՄՍ նախարարը նշել է. «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում՝ նաև ամսական 50 հազար դրամ՝ բացի 30 տոկոս հավելավճարից:

 

Այս նախագծով մենք արդեն բաշխում ենք անհրաժեշտ միջոցներն ըստ մարզերի: Պետք է ասեմ, որ բավականին մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից: Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է: Ու նաև դա է պատճառը, որ մենք զուգահեռ այլ նախագիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք, այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու: Եվ պիտի ասեմ, որ արդեն մեր համակարգում աշխատում է ավելի քան 500 ուսուցիչ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված: Նրանց մի մասը ոչ այս կարգով է աշխատանքի անցել, նրանք այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երևանի դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների, բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, որ երբ մարդիկ ավելի երկարաժամկետ կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաև շատ ավելի մեծ պատրաստակամությամբ այս ծրագրից են օգտվում»:

 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաններին հանրակրթության ոլորտում ներգրավելու գործընթացից, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ այդ  երեխաները տեղավորվել են դպրոցներում. «Հիմա մենք մարզերից ստացվող հատուկենտ ահազանգերով տեսնում ենք, որ հիմնականում կրթությունից դուրս մնացած կարող են լինել այն երեխաները, որոնց ընտանիքները բնակության մի քանի վայր են փոխել: Եվ  նման մի քանի դեպքեր ունեցել ենք, երբ հայտնում են, որ հիմա այս բնակավայրում ենք և երեխան պետք է դպրոց գնա, մարզերի հետ արագ ու օպերատիվ աշխատում ենք և այդ հարցը լուծում»:

 

Կառավարությունը հաստատել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

 

Կառավարությունը հաստատել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները: Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մարտի 29-ին: Մրցույթն ընթացել է համալսարանի   կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ  Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

 

Հարցը ներկայացնելիս՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պարոն Գյուրջինյանն արդեն մեկ տարի հաջողությամբ իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

 

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն է հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին, նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը, նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցել են իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու և նոր ծրագրեր իրականացնելու հարցում. «Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը: Եվ այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»:

 

Արձագանքելով վարչապետը նշել է՝ իհարկե, կառավարությունը կաջակցի այդ  հարցում. «Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք, այո,  կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»:

 

Կապահովվեն Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում համայնքներին փոխանցվող ֆինանսական միջոցները

 

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի 11-րդ կետի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, ծրագրի շրջանակում թվով 91 շահառուների հետ կնքվել է պայմանագիր՝ 6.945 հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասերում  այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով։ Պայմանագրի արժեքը կազմում է 33 670 000 դրամ, որը նախատեսվում է համայնքին փոխանցել գնահատող կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը և ծրագրի 9-րդ կետի վերաբերյալ կազմված ամփոփ փաստաթղթերը Էկոնոմիկայի նախարարություն և մարզպետի աշխատակազմ ներկայացնելուց հետո՝ նախարարության և համայնքի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ 2023 թ. միջոցառման շրջանակներում կնքվել է 3 պայմանագիր, իսկ 2024 թ. դեռևս չեն  ներկայացվել մասնակցության կամ փոխհատուցման  հայտեր։

 

Կփոխհատուցվի 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով

 

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5,022.1 հազար դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով: Առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել  Հակոբյանի 2020թ. 44-օրյա պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում, Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով: Գումարը կհատկացվի  կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով պայմանավորված իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ծախսերը փոխհատուցելու համար:

 

Միջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով

 

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն: Նախատեսվում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար: Նախատեսվում է նաև փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։ Նպատակի ներքո աջակցություն կուղղվի փախստականների, այդ թվում՝ առավել խոցերի խմբերի (տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան բռնության զոհեր և այլ խմբեր)՝ հանրային ծառայության ոլորտներում ներառման ապահովմանը (կրթություն, առողջապահությունը և սոցիալական աջակցություն)։ Գործողությունները նաև կաջակցեն փախստականների վերապատրաստմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով` նրանց ինտեգրումն աշխատաշուկայում ապահովելու և սոցիալական պաշտպանության ծրագրերն ավարտին հասցնելու համար:  Ընդհանուր առմամբ, ԼՂ փախստականների ավելի երկարաժամկետ, մասնավորապես՝ աշխատաշուկային ինտեգրմանը և կացարանի հետ կապված կայուն լուծումներին առնչվող կարիքները հոգալու համար կպահանջվեն վերլուծական հսկայական ջանքեր՝ հանրային ծառայությունների մատուցման մեխանիզմների ընդհանուր հզորացման նպատակով ապացույցների վրա հիմնված և արդյունավետ քաղաքականություն/ծրագրեր և ներդրումներ մշակելու համար: Հետևաբար, նպատակի ներքո գործողությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, տեխնիկական աջակցություն, վերլուծություն և տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, աջակցություն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցառումներ և համակարգային բարեփոխումների իրականացում քաղաքականության համապատասխան ոլորտներում: Աջակցման միջոցառումների մաս կարող է լինել նաև իրազեկման և տեղեկատվական ներգործության գործողություններին աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

 

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով: Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում: Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք: Գործողության շրջանակներում նախատեսվում է՝ Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին, մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով, օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը: Նախատեսվում է աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում  հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը: Նախատեսվում է բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության  ամրապնդմանը:

 

Կառավարությունը հավանություն է տվել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝  2008 թ. կոնվենցիան լրացվել է  e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։ e-CMR արձանագրությունը ուժի մեջ է մտել 2011 թ. հունիսի 5-ին։ Արձանագրությանը միացել է 34 երկիր: Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների էֆեկտիվության և մրցակցության բարձրացմանը։ Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը։ Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին։

 

Հավանություն է տրվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կնիքները և դրոշմակնիքները դնելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման» առաջարկությանը: Արդյունքում նախատեսվում է  սահմանել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, ինչպես նաև խառը փոխադրումների ժամանակ տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կնիքների և դրոշմակնիքների դնելու կարգը: Այն կիրառվելու է այն ապրանքների նկատմամբ, որոնք մասնակից պետությունների մաքսային տարածքներով տեղափոխվում են մաքսային տարանցում ընթացակարգով, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնց տեղափոխումը սկսվում և/կամ ավարտվում է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներից դուրս: Համաձայնագրի նպատակն է ապահովել ոլորտում խախտումների և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:

 

Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով

 

Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է  Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձաքննության, ինչպես նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերում: Հիմնավորման համաձայն՝ Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Խիստ կարևոր է համայնքի գազիֆիկացումը և հաշվի առնելով, որ գազամատակարարման մայրուղային գիծն անհրաժեշտ է անցկացնել Կոշ բնակավայրից ու Դպրեվանք բնակավայրով՝ ապա նշված մայրուղային գծի կառուցման արդյունքում հնարավոր կլինի գազիֆիկացնել նաև Արուճ, Նոր Ամանոս, Նոր Եդեսյա  բնակավայրերը։ Այսինքն՝ ծրագիրը  տարածաշրջանային բնույթ է կրում, քանի որ միաժամանակ կգազիֆիկացվեն մի քանի բնակավայր։ Շամիրամ համայնքի բնակչությունը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ  50,0 մլն դրամ։ Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 5,7 մլն դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 513 հազար դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 79.9 հազար դրամ։

 

Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

 

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Արդյունքում գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է պետբյուջեի ծախսերի կրճատում, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսվարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում: Ապրանքների իսկության վերահսկումը կիրականացվի  հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքին: Օրինագծով նախատեսվում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի միջոցով մինչև քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը երաշխավորելու նպատակով։    Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին, այդ թվում՝ ընտրատեղամասին, որտեղ պետք է քվեարկեն՝ առավել արդյունավետ կերպով ապահովելով ընտրողների՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի իրացումը։

 

Հավանության է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը: Կորպորատիվ կառավարումը նպատակ ունի աջակցելու երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն, ընդհանուր առմամբ, ուղղված են կորպորատիվ կառավարման կայուն և արդյունավետ համակարգի ներդրմանը՝ նախանշելով նաև դրա կիրառման մոդելը։ Քաղաքացիական օրենսգրքով Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ իրավանորմեր նախատեսելով՝ ոչ միայն ստեղծվում է Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման համար օրենսդրական ամուր հիմք, այլև ընդգծվում է կազմակերպությունների համար այդ համակարգի ներդրման և կիրառման կարևորությունն ու արդյունավետությունը։ Նշված մոդելը հաշվի է առնում նաև միջազգային լավագույն փորձը՝ խրախուսելու Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կամավոր ընդունումն, ինչպես նաև օրենքով դրան միանալու պարտադիր հիմքեր նախատեսելու հնարավորություն է ընձեռում։ Առաջարկվող մոդելն օրենսդրին թույլ կտա իր հայեցողությամբ և միջազգային նորմերի ու փորձի հաշվառմամբ սահմանել այն ոլորտները, որտեղ Կանոնագրքին միանալը պետք է լինի պարտադիր։ Միևնույն ժամանակ, նման մոտեցումն իրավաբանական անձանց բավարար հայեցողություն և ազատություն է տալիս իրենց, իսկ խնդիրների ու նպատակների հաշվառմամբ Կանոնագրքի կիրառության վերաբերյալ որոշում կայացնելու առումով։

 

Հավանություն է տրվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծմամբ։ Արդյունքում՝  կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակներում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար։

 

Կապահովվի համայնքային փոքր խմբային տներում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շարունակականությունը

 

Կառավարության որոշմամբ կապահովվի «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից համայնքային փոքր խմբային տներում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շարունակականությունը: Հիմնադրամը պետբյուջեի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ համայնքահեն փոքր խմբային տներում» միջոցառման շրջանակում կիրականացնի 3 փոքր խմբային տներում 39 շահառուի շուրջօրյա խնամքը։

 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է անձի ֆունկցիոնալության խնդիրներ ունեցող չափահաս և տարեց անձանց շուրջօրյա խնամք իրականացնող երկու կազմակերպությունների համար ձեռք բերել հաշմանդամություն ունեցողներին հարմարեցված 1 միկրոավտոբուս, ինչպես նաև նման խնդիրներ ունեցող երեխաներին խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար՝ ևս 5 նույն կարգի միկրոավտոբուս՝ հաշվի առնելով այդպիսի մեքենաների սուր կարիքը։ Առաջարկվում է նաև ձեռք բերել ևս 4 միկրոավտոբուս՝ ֆունկցիոնալության խնդիրներ չունեցող անձանց սպասարկումն իրականացնելու նպատակով: Համաշխարհային բանկի աջակցությամբ տրանսպորտային միջոցների ձեռքբերումը մեծապես կնպաստի կազմակերպությունների կողմից որակյալ և արդյունավետ ծառայությունների մատուցմանը, դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրների արագ արձագանքելուն:

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղ

 

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 

 

«Ին-Վի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մալուխների և հաղորդալարերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է 5.6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 368 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 16 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառյալ ներմուծվող հումքի արժեքը) ձեռքբերման և 800 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և նոր արտադրամասերի կառուցման համար։ Ներկայումս առկա է 92 աշխատատեղ՝ 375 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 105-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 525 մլն դրամ:

 

«ԱԱՍ Ինդուստրյա» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ջերմազգայուն թղթի, ինքնասոսնձվող ջերմազգայուն պիտակի թղթի, ալյումինե տարաների կափարիչների, թղթյա բաժակների և այլ թղթյա պարագաների, յուղաթղթի և թխուկի թղթի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Տավուշի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 250 մլն դրամի ներդրում սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 120 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների (սարքավորումներ և նոր շենք-շինություն) ձեռքբերման և 9.55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 95-ի՝ 195 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 517 մլն դրամ:

 

«Արկոլադ» ՓԲԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել նոր գործարանի արտադրական տարածքի և պահեստների կառուցման համար։ Ընկերությունը զբաղվում է շոկոլադի և շոկոլադապատ չրերի արտադրությամբ։ Արտադրությունն իրականացվում է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 105 մլն դրամի ներդրում, որից 58 մլն դրամը ներմուծվող ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական տարածքի և պահեստների նախապատրաստման, օդափոխման և հարդարման աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 277 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով,  մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է  հասցնել մինչև 65-ի՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 58 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:

 

«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և 3 մլրդ դրամի ներդրում գործարանի կառուցման համար։ Ներկայումս առկա է 426 աշխատատեղ՝ 207 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը  նախատեսվում է հասցնել մինչև 526-ի՝ 257 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 382. 5 մլն դրամ:

 

«Նեկա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 999.9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 187 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով,  մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է  հասցնել մինչև 80-ի՝ 359 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 999.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

 

Այլ որոշումներ

 

Գործադիրն ընդունել է «2024 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 90 հազար հա հողատարածություններին, որից շուրջ 50 հազար հա  Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում՝ «Սլոն-Ֆուդ» ՍՊԸ-ի ներկայացրած առաջարկի իրականացման արդյունքում Երևանում կվերակառուցվի  «Մերգելյանի այգին: Ըստ հիմնավորման՝  ՀՀ կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին համայնքի սեփականությունը հանդիսացող 5089.13 քմ մակերեսով հողամասից «Սլոն-Ֆուդ» ընկերությանը ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 30 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 220 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծի: Այսպիսով՝ կհստակեցվեն այգու վերակառուցման աշխատանքների իրականացման արդյունքում ընկերության կողմից ստանձնված պարտավորությունները: Կվերակառուցվի  «Մերգելյանի այգին», հատկացված հողամասում կկազմակերպվի պուրակ, նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույցներ, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն, ինչն այն կդարձնի յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար: