Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը (տեսանյութ)

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերին:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ռոյլ Դոնային՝ Ասոցիացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Գլխավոր դատախազը Ռոյլ Դոնայի և Շենազ Մուզաֆերի հետ զրույցում անդրադարձել է 2023 և 2024 թվականներին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան համաժողովների արդյունքներին, որոնցից առաջինին մասնակցել է նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հրավերի և ջերմ ընդունելության համար ու ափսոսանքով նշել 2023 թվականին Ասոցիացիայի՝ Լոնդոնում կազմակերպված տարեկան համաժողովին Աննա Վարդապետյանի կողմից անձամբ չմասնակցելու մասին: Ռոյլ Դոնան կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի` «Կիբերհանցագործության դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հոդվածի հրապարակումը Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում:

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի թեմաներով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վեբինարների կազմակերպման, ինչպես նաև Ասոցիացիայի տարեկան համաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպման ավարտին Ռոյլ Դոնային խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Խուան Բատիստա Մահիկսին և հույս հայտնել, որ առաջիկայում անձամբ հանդիպելու հնարավորություն կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի վերջին այցը Հայաստան տեղի էր ունեցել 2009 թվականի ապրիլի 22-ին:

 

Հանրային կապերի բաժին