Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը չի ստորագրել, ստորագրել է Սարգսյանը» (տեսանյութ)

Հարցազրույց
70d56ec5cbd4f596970c308b844123cc

 

Վաշինգտոնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը հիմք է տալիս ենթադրել, թե վերջանական փաստաթուղթն արդեն պատրաստ է: Կարծում է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:  Այս առիթով այսօր «Ա1+»-ը զրուցել է նրա հետ.

 

 Իսկապես, զարմանալի է, որ Մամեդյարովն արդեն խոսում է մեծ պայմանագրի մասին, որը շատ ծավալուն փաստաթուղթ է լինելու եւ տեւական ժամանակ կպահանջի այն մշակելու համար: Դեռեւս 2004թ. սեղանի վրա է դրված եւ կողմերի միջեւ աշխատանքային փաստաթուղթ ծառայող Պրահյան սկզբունքների հիման վրա ձեւավորված փաստաթուղթը, որի տարբերակներից մեկը կողմերին 2007թ. ներկայացվեց  Մադրիդում եւ հիմա այն կոչվում է Մադրիդյան սկզբունքներ, կարծես թե Մամեդյարովը  համարում է ընդունված եւ մտածում է հաջորդ քայլի մասին:

Կարծում եմ' դեռ շուտ է մտածել հաջորդ քայլի մասին:Այդ փաստաթուղթը հեռու է կատարյալ լինելուց: Այն ինֆորմացիան, որ մենք ունենք, խոսում է այն մասին, որ ԼՂՀ-ի ստորագրությունն այդ փաստաթղթում չի լինելու: Այս առումով ինձ համար շատ հետաքրքիր է, թե ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը: Արդյո՞ք իրենք համաձայն  են այս փաստաթղթի հետ: Այս փաստաթղթի ընդունումից հետո կոնկրետ քայլեր են արվելու, այդ թվում տարածքների վերադարձի վերաբերյալ:     

 Ձեր կարծիքով ինչո՞ւ է Մահմեդյարովը հենց այս պահին նման հայտարարությամբ հանդես գալիս:  

 Աննախադեպ է, որ միջնորդ երկրների նախագահները խոսեցին ժամկետի մասին՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ընդունման համար: Միջնորդները երբեւէ նման հայտարարություն չէին արել, առավել եւս նման բարձր մակարդակով: Կարծում եմ, որ սա լուրջ ճնշում է: Այդ հայտարարության մեջ ես առաջին հերթին ճնշում եմ տեսնում Ադրբեջանի նկատմամբ, բայց նաեւ ՝ ՀՀ-ի: Հայտարարության մեջ հստակ ասվում է, որ եթե այդ փաստաթուղթը չընդունվի, ապա կողմերը ցույց կտան, որ չունեն կամք հարցը կարգավորելու համար եւ փաստորեն կկորցնեն այդ 3 երկրների աջակցությունը: Փաստորեն, դա կլրջացնի վիճակը: Եթե կողմերը խուսափեն եւ կրկին փաստաթուղթ չստորագրվի, կարծում եմ, որ վստահության լուրջ դեֆիցիտ կառաջանա երկու պետությունների ղեկավարների մոտ: Մասնավորապես այն աջակցությունը, որն ուներ Սերժ Սարգսյանը կցնդի:

 Մեր իշխանությունները անընդհատ ասում են, որ ԼՂ խնդիրը չի կարգավորվում Ադրբեջանի պատճառով: Մամեդյարովի հայտարարությունից թվում է , որ  Ադրբեջանը պատրաստ է, նույնիսկ գործընթացն արագացնելու կոչ է անում, ինչո՞վ սա կբացատրեք:

 Վերջերս ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե Ադրբեջանը համաձայն չէ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ կետի հետ, այսինքն' հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կետին: Կարծում եմ' սա փորձ է մոլորեցնելու մեր հասարակությանը, որպեսզի այդ կետի շուրջ համաձայնություն ձեռքբերելուց հետո այն ներկայացվի իբրեւ հաղթանակ:  Մենք գիտենք եւ բազմից հրապարակվել է Մադրիդյան փաստաթղթի այն ձեւակերպումները, որոնք կային ռեֆերենդումի վերաբերյալ, որտեղ պետք է դրվեր հարց՝ արդյոք ԼՂՀ-ն ուզո՞ւմ է անկախանալ, ուզո՞ւմ է միանալ Հայաստանին, թե մնալ Ադրբեջանի կազմում: Բացի այդ ռեֆերենդումին մասնակցող ԼՂ ժողովրդի հարաբերակցությունը պետք է համապատասխանի 1988թ. հարաբերակցությանը, իսկ այն ժամանակ ԼՂ-ի բնակչության շուրջ 78 տոկոսը հայեր էին, իսկ մնացածը ադրբեջանցիներ: Այդ դրույթներից որեւէ մեկից ցանկացած նահանջ ցույց կտա, որ մեր իշխանությունների կողմից տարվել է  պարտվողական քաղաքականություն: Մեր հասարակությունը պետք է թույլ չտա, իշխանություններն իրեն մոլորեցնի եւ Ադրբեջանի հետ իր համաձայնությունները ներկայացնի իբրեւ հայկական կողմի հաղթանակ:

 Ինչպե՞ս եք վերաբերում Ժառանգության եւ ՀՅԴ-ի այն հայտարարություններին, թե ԼՂ հարցում ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի տեսակներն համընկնում են:

 Դրանք շատ էժան քարոզչական հայտարարություններ են: Եթե իշխանությունները վարում են բանակցություններ կոնկրետ փաստաթղթի շուրջ եւ իրենք գիտեն, թե որ հարցերում են գնում զիջումների, որ հարցերում պնդում իրենց մոտեցումները, ապա ՀԱԿ-ը չի մասնակցում այդ բանակցություններին: ՀՀ Առաջին Նախագահն 1997թ. ներկայացրել  Է փաստաթուղթ խնդրի փուլային  կարգավորման վերաբերյալ: Փաստաթղթին համաձայնություն է տվել եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ միայն Ղարաբաղի չհամաձայնվելու պատճառով՝ փաստաթուղթ չի ստորագրվել: Ես համարում եմ դա շատ լուրջ, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերից բխող փաստաթուղթ: Հիմա սեղանին ինչ կա դրված՝ ոչ մեկս չգիտի:

 Ձեր կարծիքով, եթե այսօր ԼՂՀ բնակչությունը դեմ լինի կողմերին ներկայացվող փաստաթղթերին՝ ՀՀ իշխանություններն այն հաշվի կառնե՞ն:

 Նորից եմ ասում՝ ես ինքս, հանրության հետ միասին կուզեի տեղյակ լինեի, թե որն է Ղարաբաղի տեսակետը: Կոնկրետ հիմա համանախագահները Բաքվից ուղեւորվում են Ստեփանակերտ: Նախկինում երբեք նման բան չի եղել: Համանախագահները միշտ Ստեփանակերտ են գնացել Հայաստանից: Սա նոր ավանդույթ է, որը Բակո Սահակյանի համաձայնությամբ ներմուծել են համանախագահները: Իսկ ի՞նչ են խոսելու համանախագահները Ստեփանակերտում. բնականաբար այն փաստաթղթի շուրջ, որի մասին համանախագահող երկրների ղեկավարները նշեցին իրենց վերջին հայտարարության ժամանակ: Հայաստանի եւ ԼՂՀ-ի ժողովուրդը շատ բնական ցանկություն ունի ծանոթանալու իշխանությունների տեսակետին:

 Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում Ղարաբաղը որպես կողմ դուրս մղվեց բանակցային գործընթացից: Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ Ղարաբաղը նորից կողմ դարձնել այն դեպքում, երբ նա համարվում է Քոչարյանի քաղաքականության շարունակողը:

 Նախ և առաջ' Ղարաբաղը պետք է այդ ցանկությունը հայտնի: Սերժ Սարգսյանն արդեն 3 փաստաթուղթ է ստորագրել ԼՂ վերաբերյալ՝ արհամարհելով Ղարաբաղի ժողովրդին: Պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել Ադրբեջանի հետ առանց Ղարաբաղի մասնակցության: Եթե Ղարաբաղը լռում է, մենք չենք տեղյակ չենք նրա մոտեցումներին, ես շատ դժվար եմ պատկերացնում, որ ՀՀ որեւէ իշխանություն կարողանա Ղարաբաղին ներգրավել բանակցություններում՝ առանց ԼՂՀ իշխանությունների հստակ դիրքորոշման:

 Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը