Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին
Աջակցիր «Ա1+»-ին«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին:
Հայտնում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,-նշել է Վրեժ Կիրակոսյանը:
«Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ ինքը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նման հայտարարության համար հիմք էր հանդիսացել Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանին քաջալերելու մասին: