Քննարկում են նոր տեխնոլոգիայով դպրոցի կառուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքաշինության կոմիտեն և «Կազա Իտալիա» ընկերությունը քննարկում են նոր տեխնոլոգիայով դպրոցի կառուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հուլիսի 9-ին ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի ներկայացուցիչներին՝ փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի գլխավորությամբ։ Հստակեցվել են ժամանակակից տեխնոլոգիայով արագ կառուցվող մոդուլային հավաքովի տների, հասարակական նշանակության տարբեր կառույցների նախագծման և շինարարության ոլորտում մասնագիտացած ընկերության հետ համագործակցության ուղղությունները։
Նախորդ հանդիպումից հետո ընկերության ներկայացրած ծրագրերն ու փորձը հաշվի առնելով՝ քննարկվել է 144 տեղ հզորությամբ մեկ դպրոցի կառուցման պիլոտային ծրագիր իրականացնելու գաղափարը՝ գործնականում տեսնելու ավանդական շինարարական տեխնոլոգիայի և շինանյութի փոխարեն նոր լուծումների կիրառման արդյունավետությունը։
Նախատեսվում է նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առանձնացված բաժնում, հրապարակել իտալական ընկերության մշակած մոդուլային հավաքովի տների նախագծերը՝ ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու ներկայացված տարբերակներից։
Ֆեդերիկո Պոլիդորին վստահեցրել է, որ ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների՝ թեթև կոնստրուկցիաներով մոդուլային հավաքովի կառույցների ստեղծմամբ հնարավոր կլինի կարճ ժամանակում իրականացնել մի քանի անգամ ավելի շատ ծրագիր, միաժամանակ ապահովել բարձր որակ, ամրություն, հարմարավետ միջավայր, իսկ կառույցը հանձնել շահագործման ամբողջությամբ պատրաստ վիճակում։
Հանդիպման ավարտին որոշվել է, որ կոմիտեի և «Կազա Իտալիա»-ի մասնագետները կաշխատեն մոդուլային դպրոցի նախագծային պահանջների վերաբերյալ մանրամասները հստակեցնելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում ընկերությունը կներկայացնի գնառաջարկ և ժամանակացույց։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե