Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը՝ կարևորելով այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: Մասնավորապես՝ շեշտել են թվայնացման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդկային կապիտալի, տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման, հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում հանրային ծառայությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության ամրապնդման նպատակով օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին:
Սամանթա Փաուերը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը «Ամազոն Վեբ Սերվիսիզ» (Amazon Web Services) կազմակերպության հետ 5 մլն ԱՄՆ դոլարի համագործակցություն է մեկնարկում՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:
Հանդիպմանը հաջորդել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությունը: