Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան Քերոբյան (3)
A A
Քաղաքականություն

Վահան Քերոբյանը որդուն ԱՄՆ չի ուղեկցի․ դատարանը մերժեց միջնորդությունը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կարող մեկնել ԱՄՆ՝ ամերիկյան համալսարան ընդունված որդուն ուղեկցելու համար։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դատարանը գտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի՝ ԱՄՆ մեկնելու համար որևէ ծանրակշիռ պատճառաբանություն չի ներկայացվել։
 
«Դատարանը որոշում է մեղադրյալ Վահան Քերոբյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- հայտարարեց դատավորը։
 
Նշենք, որ Վահան Քերոբյանը ցանկություն էր հայտնել օգոստոսի 17-30-ը որդուն ուղեկցել ԱՄՆ և վերադառնալ Հայաստան։
 
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։
2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։
Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։