Փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը․ ծեծել, դանակով հարվածել Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարին․ ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակավայրում կատարված զինված խուլիգանության և բռնությունների դեպքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույն համայնքի բնակիչներ են: Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել դեպքի հանգամանքի շուրջ:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ:
Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, քննության տվյալներով, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։
Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության և կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում Իջևան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27-ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաև նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաև վերոգրյալ ճանապարհով երթևեկությունը:
Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հաշվի չառնելով, որ գտնվում են հանրապետական նշանակության ավտոճանապարհին և իրենց գործողություններով խոչընդոտում են երթևեկությունը և անհանգստություն պատճառում ճանապարհով երթևեկող, ինչպես նաև՝ դեպքի վայրում հավաքված անձանց, նշված անձինք սկսել են հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ հնչեցնել վարչական ղեկավարի հասցեին և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ հասցրել նրան: Տեսնելով, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ չեն կարողանում ցանկալի մարմնական վնասվածքներ պատճառել նրան, 56-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված, վիճաբանության ընթացքում վարչական ղեկավարին մարմնական վնասվածք պատճառելու նպատակով դեպքի վայր տեղափոխված հրազենը, փորձել է լիցքավորել, սակայն վերջինիս հաջողվել է խլել այն, որը հետագայում վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է իրավապահներին:
Այնուհետև, ցանկանալով ամեն կերպ հասնել իր նպատակին՝ 56-ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով՝ այդ ընթացքում շարունակելով հայհոյել, սպանության սպառնալիքներ հնչեցնել, որի արդյունքում խաթարվել է հասարակական կարգը և խոչընդոտվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի օրը՝ ժամը 22:45-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում՝ պետական սահմանը հատելու պահին, 56-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել:
Միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ավելի ուշ` օգոստոսի 16-ին, հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է նաև Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ապացուցողական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե