Կընդլայնվի սպանդանոցային ցանցը. փոփոխություններ՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում
Աջակցիր «Ա1+»-ինՍպանդանոցային ցանցն ընդլայնելու, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը բարձրացնելու միջոցով թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության ցուցանիշները բարելավելու, դրանց մրցունակությունը բարձրացնելու և ագրոպարենային արտադրանքի արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գործող ծրագիրն ունի սահմանաչափ, այն է՝ 1 տնտեսվարողի համար ցանկացած պահի համար լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջեցրել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել: «Տնտեսվարողների հետ քննարկումները և շուկայի զարգացումները ցույց են տվել, որ շահառուները բավականին լավ օգտվել են ծրագրից, լավ արդյունքներ ունեն: Նրանք պահանջ են դնում, որ ցանկալի կլիներ այդ շեմը բարձրացնել: Մենք առաջարկում ենք այս 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի», - ասել է նախարարը:
Որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։ Շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 % կանխավճարի 80 %-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Սահմանվում են նաև տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը և լիզինգի կանխավճարի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում զարգացման ծրագրերն իրենց ընթացքով հաճախ փոխում են Կառավարության մտածողությունն ու ընկալումը: «Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, դրանց հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ: Հետո տեսանք, որ այդ ծրագրերից ոչ ոք չի օգտվում՝ ամենատարբեր պատճառներով: Եվ շփումների ընթացքում տեսանք, որ աշխատել ցանկացող մարդիկ չեն կարողանում օգտվել, որովհետև մենք փոքր սահմանաչափեր ենք դրել: Նրանք, որոնք ուզում են աշխատել՝ չեն կարողանում, նրանց, ում ուզում ենք այդ ծառայությունը մատուցել՝ չեն ուզում: Հետևաբար` մենք կամաց-կամաց, քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը: Եվ մեր մոտեցումը հետևյալն է, եթե մարդն աշխատում է, ավելին է ուզում անել, մենք պետք է իրենց աջակցենք, որովհետև իրենք են լոկոմոտիվը, իրենք պետք է մյուսներին հետևներից տանեն »,-ասել է վարչապետը:
Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում ագրովերամշակման, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները 45,5 մլրդ դրամի պորտֆել են ձեռք բերել և դրա շնորհիվ 2930 սարքավորում: Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել է՝17 մլրդ-ից ավելի պորտֆել և 3677 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1349 տրակտոր և 20 կոմբայն:
Կառավարության ղեկավարը կարևորել է լիզինգի ծրագրի պարտադիր այն պայմանը, ըստ որի տնտեսվարողը պետք է ձեռք բերի բացառապես չօգտագործված տեխնիկա: