Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 31-ը օգոստոսի․ 41 աստիճան շոգի պատճառով հետաձգվեց ուսումնական տարվա սկիզբը (տեսանյութ)

1997-ի օգոստոսի 31-ին Երեւանը հրաժեշտ է տալիս մեկ օր առաջ մահացած հայտնի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին։ «Ավարտվեց հայ կինոն»,-արձանագրում են կինոգետներից ոմանք։ Նոր էր լրացել «Բարեւ, ես եմ» ֆիլմի հեղինակի 70-ամյակը։ Նրա վերջին ֆիլմը ստալինյան բռնաճնշումների մասին պատմող «Կարոտն» էր։ Նույն օրը հերթական նստաշրջանի բացման նախօրեին Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը կանխատեսում է հագեցած աշուն։Փակագծեր, սակայն, չեն բացվում։ Պարոն Արարքցյանը խոսում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» օրենքի նախագծի մասին եւ ասում, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ համակարծիք է՝ այս օրենքի ժամանակը չէ։

Նույն օրը սոցապ նախարար Հրանուշ Հակոբյանը 20 գործազուրկի վկայական է բաժանում, ըստ որի նրանք երկամսյա դասընթացից հետո արդեն գործավար-օպերատոր են։«Եթե սրանից հետո էլ աշխատանք չունենաք, գոնե ես ինձ որպես մարդ բավարարված կզգամ»,-ասում է Հրանուշ Հակոբյանը։

Կրթության եւ գիտության նախարարությունը Երեւանում, Արարատի եւ Արմավիրի մարզերում աննախադեպ շոգերի պատճառով 1998-99 ուսումնական տարվա սկիզբը հետաձգել է մեկ շաբաթով։Նախորդ օրը Երեւանում գրանցվել է օգոստոսի համար ռեկորդային՝ 41 աստիճան տաքություն։Նման շոգ, ըստ օդերեւութաբանների, չի գրանցվել վերջին 120 տարում։

Գեղարքունիքի Վերին Գետաշենի եւ հարակից գյուղերում 1999-ի այս օրերին բերքահավաքի ամենաակտիվ շրջանն է։Ցանվել էր 50 հեկտար ցորեն եւ 100 հեկտար գարի։ Սա շատ ցածր ցուցանիշ է, արտերը գրեթե չեն ոռոգվել, գյուղապետարանները սակայն ոռոգման հարկ են պահանջում։

2000 թվականի օգոստոսի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալու մասին։ 10 տարի առաջ էր նա դիմել իշխանություններին քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Վերջապես այս մարդը Հայաստանից կարող է դուրս գալ որպես Հայաստանի քաղաքացի։ Սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ քաղաքացիությունից մինչեւ անձնագիր ստանալու գործընթացը Րաֆֆի Հովհաննիսյանի քթից բերեց։

Երեւանի Քանաքեռ Զեյթուն համայնքի ներքին գործերի բաժնի պատուհանից նետվել է մի քաղաքացի։Այստեղից սակայն լուրը ոչ հաստատում են, ոչ էլ՝ հերքում։ Լուրը հաստատում են բակում խաղացող երեխաները։ Նրանք ասում են, որ 2000 թվականի օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության բաժնի 4-րդ հարկից մի երիտասարդ է ընկել։

Օգոստոսի 31-ին բաժնի պետը հաստատում է լուրը։ Պատուհանից դուրս նետվողը գողացած ապրանք գնելու մեջ մեղադրվող 38-ամյա Վլադիմիր Հարությունյանն է։ Նա մահանում է հիվանդանոցում ներքին արյունահոսությունից։ Ի դեպ, նույն օրը ոստիկանության բաժիններից ինքնասպանության փորձով նույն հիվանդանոց են տեղափոխվել եւս երկու կասկածյալ։

2000 թվականի 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել է Ամերիկա մեկնելու ցանկություն ունեցող հայաստանցիների թիվը։1997-98 թվականներին միասին վերցրած նրանց թիվը 12 հազար է։ 2000 հազարի առաջին ութ ամիսների ընթացքում նրանց թիվն անցնում է 26 հազարը։

4 ցլամարտիկ եւ 14 ցուլ երեք օր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կզվարճացնեն հայ հանդիսականին։Իսպանացի ցլամարտիկները 2001-ի այս օրը հայ լրագրողներին տեղեկացրեցին, որ ընդհանրապես իրենք ցուլերին սպանում են սիրելով։ Ճապոնիայից եւ Ամերիկայից հետո Հայաստանը երրորդ երկիրն է, որտեղ իսպանացի ցլամարտիկներից պահանջում են խնայել ցլերի կյանքը։ Նույնիսկ Պորտուգալիայում, որտեղ այս մարզաձեւը ցլերի համար մահացու չէ, պահանջել են սպանել ցլերին։ Այստեղ հանդիսատեսը չի կարող թելադրել ցլերի ճակատագիրը։ Ի դեպ, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում փորձարկվելու է նաեւ ցլամարտի հայկական տարբերակը։ Ցլերին կհանգստացնեն մեր կովերը։ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 2001-ի օգոստոսի 31-ին ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսպես թե այնպես պետք է հեռանա, որովհետեւ ձախողել է Հայաստանի ապագան եւ իր նախընտրական ծրագիրը։ Չնայած դրան, ըստ Շիրխանյանի, Քոչարյանը մեկ-երկու բան հաջողացրել է անել։

2005-ի այս օրը Արտաշես Գեղամյանը հայ ժողովրդին կոչ է անում ոչ ասել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։ «Հանրաքվեին ոչ ասել, նշանակում է ոչ ասել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, 1998, 2003 թվականի նախագահական ընտրությունների կեղծարարների, ապրիլի 12-ի վայրագությունների կազմակերպիչներին ու հեղինակներին»,-ասում է Արտաշես Գեղամյանը։ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին 2009-ի այս օրը զվարճացնում է այն փաստը, որ Հայաստանը ապրում է 9,2 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեով։ Հրանտ Բագրատյանի համար ամեն ինչ այդքան զվարճալի չէ։