Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Տեր-Պետրոսյան. «Ադրբեջանի համբերությունը չի հերիքի»

Հարցազրույց
e8307552693666cacfe03a3777d3d890

Կազանյան հանդիպումից առաջ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Московские новости» թերթին:

Նախքան ԼՂ հիմնախնդրի ներկա փուլին անդրադառնալը Լեւոն Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի ակունքները, անդրադարձել է Ադրբեջանի կազմում նրա, Նախիջևանի հայտնվելու հանգամանքներին:

«Հայաստանի ցանկացած նախագահ, անկախ նրանից, թե ինչպես նրան կկոչեն, ստիպված է լինելու ակտիվացնել կապերը Թուրքիայի հետ», -ապա հարց է ուղղել, թե «ի՞նչ է Սերժ Սարգսյանը սխալ արել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»:

Տեր-Պետրոսյանն ասել է, որ նա ամեն ինչ ճիշտ է արել. «Անհրաժեշտ է այս հարցը միշտ օրակարգում պահել: Քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման Հայաստանը զարգանալու հեռանկարներ չունի»:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը դեռ 1992թ.-ին ցանկանում էր համաձայնության գալ Թուրքիայի հետ, սակայն Ղարաբաղյան պատերազմում Քելբաջարի մարտերը խանգարեցին այդ գործընթացին. «Հիմա դա մեզ դուր է գալիս, թե ոչ, բայց թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը: Կլուծեք ղարաբաղյան հարցը, հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները: Այլ հարցեր գոյություն չունեն»:

Այն հարցին, թե ինչպե՞ս լուծել խնդիրը` Տեր-Պետրոսյանը պատասխանել է, թե ինքն այդ երկու հարցերն իրար չի կապում, «Ղարաբաղյան հիմնահարցը գոյություն ունի՝ անկախ Թուրքիայի կամքից և ցանկությունից» Առաջին նախագահը նշել է, որ չի եղել մի պահ, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվել է առանձնացնել այս երկու խնդիրները եւ ավելացրել. «Միայն Քելբաջարից առաջ»:

«Մենք փորձում էինք ապացուցել թուրքերին, որ պետք չէ այդ երկու հարցերն իրար կապել: Ես կարծում եմ, որ դա ճիշտ կլիներ Թուրքիայի համար: Թուրքերն այստեղ իրոք սխալվել են, նրանք դրանով վնաս են հասցրել Ադրբեջանին, այլ ոչ թե օգնել են: Նրանք ներշնչել են ադրբեջանցիներին, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, որ կանգնած է իրենց թիկունքին, իսկ ադրբեջանցիները կարող են ավելի անզիջում լինեն ղարաբաղյան հիմնահարցում: Եվ դա հանգեցրեց արդեն երկրորդ պատերազմի, երբ Ադրբեջանն արդեն կորցրեց 5 շրջան: Եվ դրանում կա Թուրքիայի մեղքը, քանի որ նա չկարողացավ ադրբեջանցիներին իրականությունը ներշնչել, համոզել գնալ ինչ-որ զիջումների: Իրենք ավելի քիչ զիջումների պետք է գնային այն ժամանակ, քանի հիմա: Ընդ որում, կան նաև թուրք քաղաքական գործիչներ, որոնք ընդունում են, որ դա սխալ էր»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

ՀՀ Առաջին նախագահը ասել է, որ անցած 13 տարիների ընթացքում բավականին շատ բան է կորսվել. «Հիմա հասնել նրան, ինչին մենք կարող էինք հասնել այն ժամանակ, շատ դժվար է: Միակ բանը, որ տարբերվում է այն նախագծից, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն է: Սակայն այն դեռ ոչ մի բանով հաստատված չէ: Նույնիսկ այդ եզրից հիմա հեռանում են: Խոսում են կամարտահայտությունից, հարցումից և այլն: Ոչ մի խոսք այդ հանրաքվեի իրավական հետևանքների վերաբերյալ չկա: Ողջ զարգացումը ցույց է տալիս, որ հիմա շատ ավելի վատ է: Ցանկացած որոշում հիմա կլինի ավելի վատ, քան այն ժամանակ: Ցավոք»:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման մասին՝ Տեր-Պետրոսյանն ասել է. «Արևմուտքն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այս հարցի լուծման համար, քանի որ նրա առաջնահերթությունների մեջ են Իրաքը, Աֆղանստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և այլն: Ուղղակի ձեռքերը չի հասնում: Որքան էլ, որ այդ պետությունը հարուստ լինի, ԱՄՆ ռեսուրսներն անսահմանափակ չեն: Սա հնարավորություն է ստեղծում Ռուսաստանի համար ավելի ակտիվ լինել այս հարցում, և Ռուսաստանը վերջին երկու տարում , եթե ոչ սեպարատ, ապա ավելի ակտիվ քաղաքականություն է վարում այս հարցում՝ նախագահական հանդիպումներ, ստորագրված հայտարարություններ և եռակողմ հռչակագրեր: Ղարաբաղյան հիմնահարցի լուծման նախաձեռնությունն անցնում է Ռուսաստանին: Ռուսաստանը հնարավորություն ունի: Ես համոզված եմ, որ Արևմուտքը շատ դեմ չի լինի, որպեսզի հարցը լուծվի այս ճանապարհով, եթե հակամարտող կողմերը համաձայնեն գնալ դրանով: Հիմա այս գործընթացի հաջողման հնարավորություն կա: Եթե այս գործընթացն էլ հաջողություն չբերի, ապա պատերազմը հնարավոր է, քանի որ Ադրբեջանի համբերությունը չի հերիքի: Հայաստանը երբեք չի նախաձեռնի պատերազմ, ով էլ, որ նրա նախագահը լինի: Եթե պատերազմ լինի, ապա միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ: Եվ ամենավտանգավորն այն է, որ ոչ մեկը չի կարող պահել Ադրբեջանի ձեռքը»:


«Քոչարյանը գնաց, սակայն Սերժ Սարգսյանը մնաց թակարդում»

Անդրադառնալով Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վրա ԼՂ հիմնախնդրի ազդեցությանը, Տեր-Պետրոսյանն ասել է. «Մեր ժամանակ ոչ թուրքերը և ոչ էլ հայերը այդ հարցը չեն շոշափել: Բանակցությունները նորմալ ընթացք են ունեցել, սակայն Ռոբերտ Քոչարյանի անզգույշ քայլից հետո, երբ նա դրա մասին խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից, Թուրքիան դիմեց հակընդդեմ քայլի. եթե դու այդ հարցը բարձրացնում ես, արի ստեղծենք պատմաբանների հանձնաժողով, թող ուսումնասիրեն այն: Քոչարյանն էլ հայտնվեց այդ թակարդում: Քոչարյանը գնաց, սակայն Սերժ Սարգսյանը մնաց թակարդում: Մեր դիրքորոշումներն այն հարցի շուրջ, որ պետք է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ամբողջովին համընկնում են, բացի Ցեղասպանության հարցից: Նրանք ներառել են արձանագրությունների մեջ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետը: Մենք բացարձակապես դեմ ենք այդ կետին: Հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ հարցականի տակ է դրվում Ցեղասպանության փաստը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիան, եթե ավելի ճիշտ դիրքորոշում որդեգրեր և բարելավեր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դա դրական կանդրադառնար ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վրա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նա ասել է. «Դա միայն ցանկությամբ չէ, որ երեք նախագահներն էլ չեն ճանաչել և դրա համար կա օբյեկտիվ պատճառ: Նրանք ասում էին, չէ՞, որ հայրենասեր են, որ իրենք Ղարաբաղի կողմն են: Այդ ինձ կարող էին մեղադրել, որ չեմ ճանաչում, քանի որ դավաճան եմ: Ես ուրախ եմ, որ այդքան խելք ունեցան այդ անզգույշ քայլին չդիմելու համար: Դա ոչ մի օգուտ չի բերի: Հայաստանը կլիներ միակ երկիրը, որ կճանաչեր, ինչպես Հյուսիսային Կիպրոսն է»:
Ըստ Տեր-Պետրոսյանի այս քայլը ցույց կտար, որ Հայաստանը զիջումների գնացող չէ, քանի որ ճանաչելով Ղարաբաղը, բանակցային գործընթացը կավարտվեր և կմնար հարցի ուժային լուծման տարբերակը. «Եվ այս դեպքում, հավատացնում եմ ձեզ, համաշխարհային հանրության նախապատվությունները կլինեին Ադրբեջանի կողմը»:

Լրագրողի այն հարցին, թե վա՞տ է, որ Ղարաբաղը չի մասնակցում կարգավորման գործընթացին, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Սա սարսափելի է: Եվ դա հայկական դիվանագիտության ամենահիմար, եթե չասենք, հանցավոր սխալն է՝ համաձայնել, որ Ղարաբաղն այլևս բանակցության կողմ չլինի: Ինչպիսի գնով էինք մենք դրան հասել: Չորս տարի պայքարել ենք: 1994թ. հենց Ռուսաստանի օգնությամբ մենք հասանք նրան, որ Ղարաբաղը, որպես երրորդ հավասար կողմ ստացավ միջազգային մանդատ: Բանակցությունների ժամանակ կար երկու հայկական և մեկ ադրբեջանական կողմ: Դա սկզբունքի հարց է: Մենք ինքնորոշման կողմնակից ենք: Իսկ որտե՞ղ է Ղարաբաղի ինքնորոշումն առանց Ղարաբաղի: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ղարաբաղ ներկայացնել միջազգային բանակցություններում: Ինչպե՞ս Հայաստանը պայմանագրեր կստորագրի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ: Իսկ ո՞ւր է ինքնորոշումը»:

«Ոչ Սերժը, ոչ Ռոբերտը երբեք չէին կարող նախագահ դառնալ»

«Московские новости» թերթին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ ՀՀ ներքաղաքական խնդիրներին:

Նա հերքել է ռուս լրագրողի այն հարցը, թե 2008թ. Հայաստանում հեղափոխության փորձ է կատարվել՝ ասելով. «Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չկար: «Ես եկել էի նոր պլատֆորմով: 10 տարի լռել էի: Կարծում եմ՝ նախկին նախագահները չպետք է միջամտեն: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե քո աչքի առաջ քո երկիրն ամբողջությամբ փոխվում է, դու չես կարող ձեռքերդ ծալած նստել»:

Արտաքին ուժերի ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներում նա ամբողջությամբ չի բացառում, սակայն գտնում է, որ այն կարող է լինել 5%-ի սահմաններում. «Հայաստանում չկար ոչ մի արտաքին ազդեցություն, հիմա էլ չկա: ՀԱԿ-ը չունի արտաքին աշխարհից ոչ մի երկրի աջակցություն: Դա, հնարավոր է, մեր դժբախտությունն է, սակայն մենք չենք փնտրում տերեր, դա չկա և չի էլ լինի: Ես չեմ ուզում այնպիսի իշխանություն, որը նվիրաբերված կլինի օտարերկրյա ուժերի կողմից: Երբե՛ք»:

Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ գիտի այդ ամենը փոխելու ձևը, քանի որ այդ գործընթացով արդեն մեկ անգամ անցել է ժամանակին: Տեր-Պետրոսյանը նշել է վերջին 3 տարիներին Կոնգրեսի ձեռքբերումների մասին եւ ասել. «Եթե իշխանությունները կատարել են մեր պահանջները... դա չի նշանակում, որ նրանք վախեցել են մեզանից: Նրանք վախեցել են իրավիճակից: Եթե միջոցներ չձեռնարկեին, ավելի վատ էր լինելու: Եվ նրանք ստիպված էին գնալ այդ զիջումներին... Պատվիրակությունները, որոնք նշանակվել են Կոնգրեսի և նախագահի կողմից, կարող են հանդիպել և քննարկել բոլոր խնդիրները»:

Այն հարցին, թե արդյո՞ք սա փորձ է Սերժ Սարգսյանի կողմից դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից, և եթե նա գնա այս քայլին, ապա կարո՞ղ է ընտրվել երկրորդ անգամ. Լրագրողի հարցին՝ Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ Սերժը, ոչ Ռոբերտը երբեք չէին կարող նախագահ դառնալ, եթե ընտրություն չկեղծեին, եթե ընտրությունները չկեղծվեին: Եթե ես գնում եմ բանակցությունների, դա չի նշանակում, որ ես ճանաչում են նրա լեգիտիմությունը: Ոչ մի դեպքում: Ինչպես ասում էի, որ նա լեգիտիմ չէ, իսկ ընտրությունները՝ կեղծված են, այնպես էլ ասելու եմ»:

Ռուս լրագրողի վերջին հարցը Տեր-Պետրոսյանին եղել է՝ արդյո՞ք նպատակահարմար է ընտրություններից մեկ տարի առաջ պահանջել արտահերթ ընտրություններ, և արդյո՞ք ժողովուրդը չի հոգնի քաղաքական վաղաժամ սկսված արշավից: «Դա ունի երկու կողմ: Հնգամյա պայքարը կարող է լինել ավելի ուժեղ, քան կես տարվա պայքարը: Մյուս կողմից՝ Հայաստանը ժամանակ չունի: Հայաստանը սպառվում է: Ես չեմ չափազանցնում: 2011 թ. առաջին 4 ամիսներին Հայաստանը լքել է 45 հազար մարդ: Սա պաշտոնական տվյալներ են: Ինչ կարող ենք մենք ունենալ ևս 2 տարի հետո: Այդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ տարի կա, իսկ նախագահականը երկու տարուց են: Խնդիրը պետք է լուծել, որքան հնարավոր է շուտ: Կհաջողվի, թե ոչ՝ դա ինձանից կախված չէ և ոչ էլ Կոնգրեսից: Ամեն ինչ կախված է ժողովրդից, և ամեն ինչ տեղի կունենա նրա ճնշման տակ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Նրանք պետք է շտապեն, եթե մի քիչ մտածում են պետության և ժողովրդի մասին»,- ասել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: