Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀԱՊ կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի էքսպոյին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նպատակը կրթական գործընթացներում մշակութային կրթության դերը ընդլայնելն է` նպաստելով դպրոցականների կարողությունների զարգացմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի ձևավորմանը:

«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում օրերս ԿԳՄՍ նախարարությունը բոլոր մարզերում կազմակերպել էր «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ: Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների ու դպրոցների համար սա իրազեկման հրաշալի հարթակ էր:

Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում էքսպո-արշավին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետ Կոլյա Միքաելյանը: Էքսպոյի բացմանը ելույթ են ունեցել փոխմարզպետ Բագրատ Սողոմոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Մայր թանգարանի տնօրենը խոսել է դպորցականների մշակութային կրթության կարևորության մասին, կոչ արել առավել ակտիվ մասնակեց պատկերասրահի կրթական ծրագրերին և հաճախ այցելել մշակութային հաստատություններ:

Վայոց ձորում ՀԱՊ-ը երկու մասնաճյուղ ունի` Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահները: Եղեգնաձորի էքսպո-արշավին մշակութային 6 կազմակերպությունների շարքում ներկայացել են նաև Ջերմուկի ու Եղեգնաձորի պատկերասրահները: Աշխատակիցները դպրոցականներին ներկայացրել են իրենց բազմաթիվ կրթական ծրագրերը` այդ թվում «Դպրոցական բաժանորդային համակարգով» իրականացվողները: Դրանք լավ հնարավորություն են ոչ միայն թանգարաններ այցելելու, այլև անվճար մասնակցելու պատկերասրահի կրթական ծրագրերին: ՀԱՊ-ը Բաժանորդային համակարգով երեք կրթական ծրագիր է իրականացնում` «Ժանրեր, թեմաներ, հեղինակներ»,  «Իմ Կոմիտասը», «Սասունցի Դավիթ»: Դրանք անցկացվում են ըստ ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների:

Տաղավարներին կից տեղադրված են եղել նկարչական մոլբերտներ, պատանիները մի քանի ժամ բացօթյա նկարչությամբ են զբաղվել, ստեղծագործել ազատ թեմաներով` ամեն մեկն իր նախընտրած ժանրում: Սա Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաղկացուցիչ մասն է:

Էքսպո-արշավի տաղավարներին ծանոթանալուց հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը` մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պատկերասրահ, ծանոթացել ցուցադրությանը, զրուցել դպրոցականների հետ:

Մարզերում անցկացված իրազեկման էքսպո-արշավներին միացել են Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղ պատկերասրահները: