Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։
Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս։ Մենք ուժեր, ռեսուրսներ և էներգիա ենք տեղափոխում հյուսիս»,-ասել է նա երկրի հյուսիսային մասում գտնվող Ռամաթ-Դավիդ ավիաբազայում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է The Times of Israel պարբերականը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։
«Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի գրասենյակը:
Քիչ առաջ Լիբանանում նոր պայթյուններ են հնչել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունը հայտնում է առնվազն երկու նոր պայթյունների մասին՝ մեկը՝ երկրի հարավային շրջաններում, մյուսը՝Բեյրութի հարավային արվարձանում։
Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ պայթել են «Հեզբոլա»-ին պատկանող հեռահաղորդակցության միջոցները։