Օրացույց․ 18-ը սեպտեմբերի․ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իրենց Ղարաբաղի կորստի գնով ձեռք բերված իշխանափոխություն պետք չէ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1996-ի այս օրը Երեւանում նշում են երկաթուղու մայրաքաղաք մտնելու 100 տարին։ Պատմությունը հարուստ չէ։ Հայաստանում երկաթուղային հանգույցներ էին միայն Ալեքսանդրապոլը եւ Երեւանը։ 1997-ի այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է Մայր Աթոռի` վերանորոգված Գեւորգյան ճեմարանի վերաբացմանը: Կաթողիկոս Գարեգին Առաջինն ասում է, որ ուզում է դասավանդել այս ճեմարանում։ Այստեղ ժամանակին դասավանդել է նաեւ նախագահը:
1999-ի սեպտեմբերի 18-ին մայրաքաղաքի փողոցներում տեղաշարժվում է զինվորական տեխնիկա։ Այս տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին բարեկարգված փողոցների ու պողոտաների ասֆալտը նախշազարդվում են տանկերի թրթուրավոր անիվներով։ Ընթանում են Անկախության օրվա զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Հարազատների համար լավ առիթ է տեսնել իրենց ծառայող որդիներին եւ եղբայրներին:
Նույն օրը Երեւանի մամուլի ակումբն ամփոփում է լրատվական տարին՝ մամուլը վարչապետ Վազգեն Սարգսյանին ավելի շատ է հիշել, քան նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ակումբն ամփոփել է 10 թերթի, 6 հեռուստաալիքի եւ 1 ռադիոկայանի տվյալներ, վարչապետը լավատեսության մարմնացում է։ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հանդիսություններին 1999-ի այս օրը մասնակցող թուրք մտավորական Ռաքոբ Զարաքոլուն հայտարարում է, որ 1915-ին թուրքերը ցեղասպանել են հայերին ։Այնուհետեւ մարդիկ պարում են, հետո բաժանվում է հարիսան կարմիր բերետավորների միջամտությամբ։
Դեռ մեկ շաբաթ առաջ էր լրացել օպերային թատրոնն իշխանությունների առջեւ դրված վերջնաժամկետը վերջին ամիսների չվճարված աշխատավարձերը վճարելու համար; Փող այդպես էլ չեն ստացել։ Նվագախումբը հրաժարվում է նվագել «Տրավիատայի» նախորդ օրվա փորձի համար։ Տնօրինությունը մտածում է նվագախմբի անդամներին հազարական դրամ բաժանել։ «Ամոթ է»,-ասում է նվագախմբի ղեկավար Օհան Դուրյան, որն անձամբ իր գրպանից նվագախմբին վաղը կբաժանի 10 հազար դրամ;
Անկախության 10-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանում Շառլ Ազնավուրը։ Ինքը միաժամանակ Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւ արդեն այնքան էլ հաճախ չի երգում։ Ի դեպ, չի խոստանում նաեւ, որ կներգաղթի Հայաստան: Նույն օրը ընդդիմությունը Աջափնյակում Ռոբերտ Քոչարյանին հիշեցնում է, որ ինքը բարոյական իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու։ Նրա օրոք տեղի են ունեցել մի շարք սպանություններ, ներառյալ՝ հոկտեմբերի 27-ը:
Նույն օրը Շավարշ Քոչարյանը Սահմանադրական դատարանին է ներկայացնում բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին օրենքի ընդունման հակաօրինականության հարցով։ Օրենքն ընդունվել է միմյանց փոխարեն քվեարկելու արդյունքում: Դավիթաշենի մի ամայի տարածքում մանկատունն ավարտած երեխաների համար կառուցում են բարեգործական թաղամաս «Հույսի ավան» անվանումով։ Խոսքը 200 առանձնատան մասին է:
2003-ի սեպտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե- Էս» ընկերությանն է փոխանցում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը՝ հինգ տարի ժամկետով։ Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿը այլեւս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։
2009-ի այս օրը Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իրենց Ղարաբաղի կորստի գնով ձեռք բերված իշխանափոխություն պետք չէ: Իրենց պետք է Սերժ Սարգսյանի քաղաքակիրթ հրաժարականը:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ամենեւին իր վրա չի վերցնում կառավարության նիստում իր ոլորտին ուղղված քննադատությունը։ «Դա նախորդ ժամանակներին է վերաբերվում»,-ասում է նա, Սարգսյանն ընդամենն իրեն ասել է շտապ վերացնել թերությունները: