Օրացույց․ 22-ը սեպտեմբերի․ այս օրը Հայաստանում երկրորդ անգամ տեղի են ունենում նախագահի ընտրություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1996-ի այս օրը Հայաստանում երկրորդ անգամ տեղի են ունենում նախագահի ընտրություններ։ Հանձին Վազգեն Մանուկյանի՝ ընդդիմությունը հանդես է գալիս միասնական թեկնածուով։ Իշխանության թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Ընդդիմությունն ամբողջ օրը խոսում է կոպիտ խախտումների մասին եւ հայտարարում, որ չի ընդունելու կեղծված արդյունքները։ Նույն օրը,ժամը 22-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է իր հաղթանակի մասին եւ ընդունում թիմակիցների շնորհավորանքները։
1997-ի այս օրը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նշում է, իր բառերով, Հայաստանի նախագահ դառնալու մեկ տարին։ Լրագրողների հետ նա խոսում է այն թեմայով, թե ինչ եղավ, երբ իրեն թույլ չտվեցին դառնալ նախագահ։ «Խայտառակ եղանք աշխարհով մեկ»,-ասում է այդ օրերի ընդդիմության առաջնորդը։
1997-ի սեպտեմբերի 22-ին Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասում է, որ մամուլից է տեղեկանում, որ պատգամավորները աշխարհի մի ծայրից մյուսը զբոսնում են դիվանագիտական անձնագրով։ Խոսնակը որոշում է շարունակել թերթ կարդալը։
1998-ի այս օրը Սպենդիարյանի տուն թանգարանում նշվում է «Ալմաստ» օպերայի բեմադրման 65-ամյակը։ Այս օպերան Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի եւ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունք էր։ Առաջին անգամ բեմականացվում է 1933-ին, Ալմաստի դերում՝ Տաթեւիկ Սազանդարյան, առաջին հանդիսատեսներից է Իոսիֆ Ստալինը։
1999-ի այս օրը վարչապետ Վազգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովում իր ելույթի ժամանակ խոստանում է չհուզվել։ Չի ստացվում։ Վարչապետը մեծ հուզմունքով նկարագրում է, թե ինչպես է տեսնում սփյուռքի տեղը եւ դերը Հայաստանի կյանքում։Սփյուռքը հավասար գործընկեր է եւ կառավարությունը կարող է նրանց համար կատարել իրավական եւ հարկային բարեփոխումներ։
2000 թվականի սեպտեմբերի 22-ին «Ռոյալ Արմենիա» ընկերությունը դժգոհում է, որ պետական եկամուտների նախարարությունը հարկային օրենքն իրականացնում է ըստ քմահաճույքի։Ընկերությունը սահմանին ավելացված արժեքի հարկ է վճարում, սա օրենքով նախատեսված չէ։ 2000 թվականի այս օրը Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ։ Մինչդեռ Ղարաբաղի իշխանությունները մեծ հույսեր են կապում պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատելու փաստի հետ։Նրանք պետք է ցույց տան, որ կարողանում են ինքնուրույն մարդ դատել։ Նույն օրն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա։ Նախատեսվում է հանդիպումների եւ պայմանավորվածությունների լայն շրջանակ։
2000 թվականի այս օրերին Արմավիր մարզի Վանանդ գյուղում նույն ջուրն օրվա մեջ օգտագործում են մի քանի անգամ։Ավագները լվանում են ձեռքն ու դեմքը, հետո դրանով շփում երեխայի մարմինը, հետո այդ ջուրը տալիս կենդանիներին։ Վերջին անգամ այստեղի ծորակներից խմելու ջուր է հոսել 10 տարի առաջ։ Այստեղ հող չի ոռոգվում։ Խմելու համար հաճախ օգտագործում են հարեւան գյուղի ոռոգման ջուրը։
Գրողների միությունում այս օրը խոսում են մահապատիժը որպես պատժատեսակ վերացնել-չվերացնելու մասին։Գրողները քննարկում են մի հրապարակում, որի հեղինակն առաջարկում է մահապատժի իրավունքը շնորհել տուժողին։ Բոլորը պետք է կտակ գրեն, թե ինչ պատժատեսակ են գերադասում հանցագործի հանդեպ, որը կսպանի իրենց։
2001-ի այս օրը Հայաստան է ժամանում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդը։ Այցը Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում է։ Պատրիարքը օդանավակայանում խոսում է Ամերիկան պատուհասած ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների մասին։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ընդունում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ Նրանք խոսում են «Զվարթնոց» օդանավակայանը Էռնեկյանին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։ Նույն օրը Արմեն Խաչատրյանը հայտարարում է, որ հաջորդ քառօրյային քննարկելու են նիստերից առանց հարգելի պատճառի բացակայած պատգամավորների հարցը։ Վիկտոր Դալլաքյանը տեղեկացնում է, որ խոսքը 265 քվեարկության չմասնակցած Վանո Սիրադեղյանի մասին է։ Կանոնակարգը սակայն պահանջում է, որ պատգամավորը տեղեկացված լինի այս մասին։ «Եթե Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալը 11 բիզնես ունենա, ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել»,֊- 2006-ի սեպտեմբերի 22-ին հայտարարում է SIL կոնցեռնի բաժնետեր, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս չի ասում, թե ում մասին է խոսքը, սակայն կոմիտեի նախագահի միակ բիզնես ունեցող տեղակալն այդ օրերին Գագիկ Խաչատրյանն էր։
2007-ի նախորդ օրը ավելի քան 9 տարվա լռությունից հետո խոսում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում է լիովին կոռումպացված եւ հանցագործ վարչակազմ, որը մեզ գլորել է երրորդ երկրների շարքը։ Նա նաեւ վաղ է համարում խոսելը՝ կառաջադրվի՞ մյուս տարվա փետրվարի նախագահի ընտրություններում, թե՝ ոչ։