Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան 2
A A
Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով:

 

Նախագահին ուղղված ուղերձում ասված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության ապահովման գործում:

 

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև միջպետական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, անցած ժամանակահատվածում կայուն առաջընթաց են գրանցել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:

 

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն առավել զարգացնելու ու փոխգործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 

Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից եկող սերտ բարեկամական կապերի վրա, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ։

 

Անցած տարիներին երկուստեք ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կայուն առաջընթաց է գրանցել, զարգացել և ընդլայնվել են առևտրատնտեսական կապերը, իրականացվել են համատեղ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, տրանսպորտի ու հաղորդակցության և  այլ բնագավառներում:

 

Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։