Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ (2)
A A
Պաշտոնական

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հակասում է ՀՀ շահերին․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի և գործունեության մասին

Ս․/թ․ սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշեց (ՍԴՈ-1749), որ ս./թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը:

Մինչ այդ՝ ս․/թ․ սեպտեմբերի 5-ին, չզեկուցվող հարցերի շարքում այն հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից (N 1399-Ա)։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը հաճախ ներկայացվում է դեպի խաղաղ կարգավորման և երկարաժամկետ կայունության հաստատման կարևոր քայլ: Սակայն անվիճելի է, որ այս վիճակում այդ գործընթացի կանոնակարգն ու ընթացակարգը հակասում են Հայաստանի Հանրապետության անսակարկ շահերին մի քանի պատճառներով:

1.Անհավասար դիրքորոշումներ
Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը սահմանազատման հարցում հավասար չեն: Ի խախտումն ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը ռազմակալել է նախկին ՀՍՍՀ զգալի տարածքներ։ Ըստ այդմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ռազմա-քաղաքական, տնտեսական և հոգեբանական խիստ անհավասարության ներկա պայմաններում ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացը լինելու է պարտադրանքի տակ և միակողմանիորեն Ադրբեջանի օգտին, ինչպես տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի չորս գյուղերի դեպքում:

2.Պատմական և իրավական անարդարություն
Սահմանազատման հանձնաժողովների արդեն իսկ կատարած աշխատանքի մտահոգություններից մեկն այն է, որ սահմանազատման գործընթացը հաշվի չի առնում պատմական, մշակութային և իրավական գործոնները, որոնք կարևոր են հայկական կողմի համար:

Օրինակ, կողմերն ապավինում են ՍՍՀՄ վարչատարածքային բաժանումներին՝ առանց հաշի առնելու, որ Ադրբեջանն իր պետական անկախության վերկանգնման սահմանադրական ակտում (18 հոկտեմբերի, 1991թ․) հրաժարվել է ՍՍՀՄ իրավա-քաղաքական ժառանգությունից։ Միջազգային մի շարք կարևորագույն փաստաթղթեր և քարտեզներ, օրինակ Ազգերի լիգայի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի զեկույցն ու քարտեզը (24 փետրվարի, 1920թ․) չեն արծարծվում սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում և փաստաթղթերում:

3.Հեռանկարային հարցերի անտեսում
Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին զուգահեռ կարիք կա քննարկելու ոչ միայն սահմանների ճշգրտումը, այլև զուգահեռաբար անվտանգության երաշխիքները, տրանսպորտային հաղորդակցության հարցերը և գերիների ազատ արձակման խնդիրները: Եթե այս ամենը համընթաց լիարժեք քննարկման չեն արժանանում և լուծումներ չեն գտնում, ապա գործընթացը հակասում է Հայաստանի երկարաժամկետ շահերին:

Տարածքային ամբողջականության ընդունումն ու սահմանների ճանաչումն առանց համընդգրկուն համաներման, փոխադարձ պահանջներից ու հատուցումներից հրաժարման՝ Հայաստանի համար հղի է ծանրագույն հետևանքներով։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն արդեն իսկ Իրավարարության միջազգային դատարանում հատուցումների պահանջով երկու հայց ունի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը և նշյալ հանձանժողովների գործունեությունը ներկա ձևով հակասում են Հայաստանի Հանրապետության շահերին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ