Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը զարմացրել է ՀՀԿ-ին (տեսանյութ)

Հարցազրույց
bfead6282377e580579651c3c7e2e2c5

 

ՀՀԿ-ին զարմացրել է հունիսի 17-ի Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ   ՀԱԿ-ի երեկվա  հանրահավաքի ընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:

 -         Տեր-Պետրոսյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանն, անպայման, պատվիրակություն կստեղծի ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

-         Ես Տեր-Պետրոսյանի վստահության առիթն ու պատճառը չեմ կարող ասել: Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, այնպես էլ ՀԱԿ-ի առաջնորդը իրավունք ունի բարձրաձայն հայտնել իր մտքերը:

-         Տեր-Պետրոսյանը մինչեւ սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանություններին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: 

-         Մենք գտնում ենք, որ ՀՀ-ում ամեն ինչ պետք է լինի կառուցողական եւ երկխոսության ճանապարհով: Մենք չենք գտնում, որ վերջնաժամկետներ դնելը ժողովրդավարության լավագույն ճանապարհն է: Նաեւ Առաջին նախագահը գիտի, որ վերջնաժամկետը լավագույն  ճանապարհը չէ:

-         Իսկ ո՞րն է լավագույն ճանապարհը մեր երկրի համար:

-         Լավագույն ճանապարհը երկխոսությունն է, որն առաջարկել  է Սերժ Սարգսյանը եւ շատ լայն սպեկտր է առաջարկել: Ինձ համար զարմանալի է, որ ՀԱԿ-ի առաջնորդի նման գնահատականը: ՀՀԿ-ն առաջարկել է, եթե կան կարեւորագույն հարցեր, մենք դրանք կարող ենք բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Նման առաջարկ առաջին անգամ է պատմության մեջ, որ իշխանությունն արտախորհրդարանական ընդդիմությանն առաջարկում է հարցեր քննարկել ԱԺ-ում: Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե կան հարցեր կապված գործադիր մարմնի հետ, ապա այն կարող է քննարկվել վարչապետի հետ, համապատասխան նախարարները կհանդիպեն ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Եթե խնդիր կա, որը գտնվում է նախագահի աշխատակազմի զինանոցում, ապա նա էլ պատրաստ է քննարկել:

-         Կարելի՞ է ասել, որ դուք ակնարկում եք երկխոսելու պատրաստ պատվիրակության մասին:   

-         Սա ոչ թե բանակցող կողմ է, այլ օրենքով օժտված պաշտոնյաներ են, որոնք ի տարբերություն ՀԱԿ-ի մեր գործընկերների, որոնց լիազորել է ՀԱԿ-ը, ավելի բարձր կարգավիճակ ունեն՝ օրենքով տրված լիազորություններ եւ պարտավորություններ: Այսքանից հետո կառչել պատվիրակություն ստեղծելուց, չեմ կարծում, որ այդքան էլ արդարացված է:

-         ՀԱԿ-ի ներկայացուցիչները տարբեր առիթներով ասել են, որ իշխանություններն իրականում չեն ցանկանում երկխոսել: Կարող  եք հստակ ասել՝ դուք պատրա՞ստ եք երկխոսել ՀԱԿ-ի հետ, թե՞ ոչ:

-         Իշխանությունը պատրաստ է երկխոսել բոլոր քաղաքական ուժերի հետ եւ բացառապես երկխոսության մեջ է տեսնում քաղաքական գործընթացների իրականացումը, մասնավորապես նաեւ ՀԱԿ-ի հետ: Դրա մասին իր հայտարարության մեջ մանրամասն անդրադարձել է Սերժ Սարգսյանը:

-         Դուք ասում էիք, որ սպասում եք ՀԱԿ-ի արձագանքին: Այն եղավ: Հիմա ի՞նչ եք ասում:

-         ՀԱԿ-ի արձագանքը եղավ, հիմա եղավ իմ արձագանքը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ը ոչ թե ուզում է գնալ երկխոսության, գոնե ամառային այս փուլում, այլ ժամանակ է շահում եւ ավելի մեծ աղմուկ է բարձրացնում՝ իր ընտրազանգվածին քաղաքական այս պասիվ ժամանակահատվածում տաք պահելու համար:

-         Ինչո՞վ կավարտվի այս գործընթացը: ՀԱԿ-ը սպասում էր իշխանություններին արձագանքին, դուք սպասում եք ՀԱԿ-ի արձագանքին, այսպես որքա՞ն կարող է շարունակվել:

-         Ես գտնում եմ, որ մենք՝ եւ իշխանությունները, եւ  ընդդիմությունն իրավունք չունի գնալ ցնցումների ճանապարհով: Մենք մտադիր ենք Հայաստանը առաջ տանել ժողովրդավարության ճանապարհով: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր երկրում ամեն ինչ լինի քաղաքակիրթ ճանապարհով:

-         Այդ դեպքում ի՞նչն է իշխանություններին խանգարում ՀԱԿ-ի հետ նստել մի սեղանի շուրջ եւ քննարկել առկա խնդիրները եւ ոչ թե մամուլով միմյանց պատասխանել:

-         Մեզ ոչինչ չի խանգարում: Մենք ասել ենք՝ վարչապետն էլ է պատրաստ, ԱԺ նախագահն էլ , Նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ: Իսկ ՀԱԿ-ը դա ասում է' դռնեդուռ գնալ: Անհասկանալի եւ տրամաբանական չէ, երբ ՀԱԿ առաջնորդը դա գնահատում է դռնեդուռ գնալ: Դա լուրջ քաղաքական պրոցես է: Իշխանությունը շատ մեծ քայլ է կատարել; Լավ, եթե ՀԱԿ-ը չի ցանկանում երկխոսել վարչապետի, ԱԺ նախագահի հետ, բա ո՞ւմ հետ է ցանկանում երկխոսել:

-         Սերժ Սարգսյանի:

-         Սերժ Սարգսյանը լիազորել է այդ մարդկանց:

-         Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի հրաժարականի պահանջին:

-         ՀՀԿ-ն նման հարց չի քննարկել:

-         Ինչպե՞ս եք գնահատում Կազանի հանդիպումը:

-         Կազանի հանդիպումը չտվեց դրական արդյունքներ երկու պատճառով: Առաջինը՝ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է, երկրորդ՝ ԼՂՀ-ն բանակցությունների լիիրավ կողմ չէ: Ադրբեջանը մոռանում է, որ 1994թ. հրադադարի պայմանագիրը կնքել  են Ադրբեջանը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն:

-         Չե՞ք տեսնում իշխանության մեղքի բաժինը ԼՂՀ-ն բանակցություններից դուրս մնալու հարցում:

-         Ես չեմ ուզում հետ  նայել, ՀՀԿ-ն առաջ  է նայում, եւ ամեն ինչ պետք  է անել, որպեսզի ԼՂՀ-ն լինի բանակցային գործընթացի լիիրավ մասնակից:     

-         Ի՞նչ եք կարծում այս անգամ մեզ կհաջողվի հասնել նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ Կազանում հանդիպումը ձախողվեց Ադրբեջանի պատճառով, թե կրկին երկու կողմի հասցեին էլ մեղադրանքներ կհնչեն:

-         Մի բան պարզ է, որ Ադրբեջանի վրա ճնշումները պետք  է ուժեղացնեն:

-         Եթե հանդիպումը ձախողվեց, ապա ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն ինչո՞ւ են կրկին գալիս տարածաշրջան:  

-         Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, մենք չենք կարող ասել, որ եղել է ձախողում: Ավելի լավ է բանակցել, քան չբանակցել:

-         Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Կազանի հանդիպումից ԱՄՆ-ու ՌԴ-ն հիասթափված են, որ Ֆրանսիան դեռ հույսեր ունի, որ խնդիրը կկարգավորվի:

-         Ես մի բան կարող եմ ասել, որ չի եղել մի դեպք, երբ համանախագահները տարակարծիք լինեն: Նրանք միշտ հայտարարել են, որ իրենց դիրքորոշումները համաձայնեցված են:

-         Այդ դեպքում, Կազանի հանդիպումից հետո համանախագահների տեսակետները նույնպե՞ս համաձայնեցված էր, մշակված ծրագի՞ր է:

-         Չեմ  բացառում:

 

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը