Բացել լրահոսը Փակել լրահոսը
17314267360709
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարի հետ (տեսանյութ)

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորություններ, նախաձեռնություններ, որոնք կարող են լրացուցիչ խթանել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։

Տարածաշրջանային անվտանգային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։