Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը կապահովի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ ծրագրերի իրականացումը (տեսանյութ)

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված վարկային և դրամաշնորհային ծրագրերի նվազեցմամբ, «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումներն իրականացնելու համար գերակա շահ ճանաչված հողօտարումների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև ընդունված, սակայն չվճարված կատարողականների պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ 2024 թ. պետբյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված վարկային և դրամաշնորհային միջոցառումների համար նախատեսված՝ պետության կողմից համաֆինանսավորման միջոցներից՝ 5,305,396.3 հազար դրամ կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

 

Որոշմամբ նախատեսվում է մարզերում հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 մլն դրամ: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզին կհատկացվի 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ շուրջ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ, Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 միլիոն դրամ:

 

Ընդհանուր առմամբ նախատեսվում է գումար հատկացնել հետևյալ ծրագրերի համար. Լոռի մարզի Ալավերդի համայնքի Քարկոփի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգում, Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի ջրատարի և Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ, Գյումրիի Տիգրան Մեծ № 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման աշխատանքների իրականացում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2 տանիքների վերանորոգման աշխատանքներ,

Մեղրի քաղաքի Ադելյան 5 հասցեում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքի դրենաժային համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներ, Գեղարքունիք մարզի Սևան համայնքի կոյուղատարի վերանորոգում:

 

Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը

 

Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։

 

«Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս», - նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Նախարարը հավելել է, որ բարեփոխումների 2024-2026 թթ. շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացման, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։

 

«Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը: Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նախագծով հասցեագրվում են հետևյալ առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ ապահովվելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր է սահմանվելու աշխատատեղերի համար և այլն: Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը։ Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրվելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը», - ասել է նախարարը:

 

Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկվում հանրության օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար, նախատեսվում է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակում առանձին հեռախոսահամարներով 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից՝ արագ սպասարկմամբ, որը նախատեսվում է իրականացնել 2026 թ.-ին։

 

Նախարարը ռազմավարության համատեքստում կարևորել է նաև հանցավորության կանխարգելման թեման, որը նախատեսում է հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան։ Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում»,- ասել է Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ապահովելու են արդեն իսկ արձանագրված հաջողությունները և նոր արդյունքների գրանցումը։

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանության փոփոխությունների ռազմավարությունն ամենաարդյունավետ ընթացքի մեջ է, որովհետև այդ ճանապարհի մի զգալի մասն անցել են: Վարչապետը կարևորել է նաև հանրությանը փոփոխությունների երևացող և չերևացող կարևոր կողմերի մասին պարզաբանելու հանգամանքը. «Արդեն իսկ փոխվել է հետևյալը, եթե նախկինում ունեինք ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց, և պետք է արձանագրել, որ իր էական արդյունքն ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց նաև որոշակի փոփոխության ժամկետը, ժամանակը հասունացավ: Հիմա մենք այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում մենք ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույց՝ առանձին քրեական ոստիկանությունն է, որտեղ քրեական ոստիկանությունը մարզի մասշտաբով է աշխատում, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով»:

 

Վարչապետը նշել է, որ զուգահեռ նոյեմբերից ներդրվել են համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ և նաև քաղաքացիական գործերի հետ առնչություն ունեցող գործառույթներով՝ կապված ձերբակալվածներին պահելու, զենքի թույլտվությունների, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի հետ: «Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է: Ամենակարևոր առանձնահատկությունն ի՞նչն է, որ այս բոլոր կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը: Այսինքն՝ մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որ, կարծում եմ, շատ կարևոր է», -նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով, որ ոստիկանության այս երեք ուղղությունները մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում:

 

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել նաև ռազմավարությամբ իրականացվելիք բարեփոխումների պատշաճ իրագործումը։

 

Վարչապետն ընդգծել է նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտի ներդրման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նման դիրքորոշում նախկինում էլ է ունեցել. 2016 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ է եղել, այդ մասով իր ելույթի ժամանակ ասել է՝ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանն իր ծառայության համար թիրախավորել: «Շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք։ Սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա այսպիսի հարց, երբ ոստիկանությանն ուժ կիրառելու համար առարկություններ են ներկայացվում, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում՝ ասելով, որ մենք մեր գործն ենք անում։ Ինչ-որ առումով ճիշտ են ասում, բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են, որ դրան պետք է որոշակի ձև, չափ ու սահման լինի։ Այս հարցն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի», - ասել է երկրի ղեկավարը՝ այս հարցն համարելով կարևոր, որ բոլորի համար թափանցիկ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում ինչ տիպի ուժ պետք է կիրառի։

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական համակարգի ներդրումների արդյունքներին, որոնք մարդիկ պետք է տեսնեն: Ըստ վարչապետի՝ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ մարդիկ ակնկալում էին, որ իր առաջնորդությամբ կամ գուցե հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն, պետությունից գողացված գումարը հետ կվերադարձնեն կամ ապօրինի գույք ունեցողներին կտանեն ՔԿՀ-ներ: «Եթե անկեղծ ասեմ, քաղաքական առումով նման բան անելու հնարավորություն կար էլ, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, ասել ենք՝ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն անդրադարձել է երկար տարիներ ձգվող դատավարություններին և նշել. «Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է. մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է: Այս խնդիրը պետք է լուծվի»:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այսպես չի կարող շարունակվել. «Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ»:

 

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

 

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը:

 

Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. 923 կմ, Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհից դեպի Դսեղ տանող ճանապարհի 7.54 կմ, Արզականից դեպի Աղվերան տանող ճանապարհի 6.8 կմ հատվածների միջին նորոգման, Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնիի հատվածում 0.64 կմ երկարությամբ մետաղական արգելափակոցի տեղադրման, Արծվաբերդից դեպի Չինարի տանող ճանապարհի միջին նորոգման համար:

 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկվել է 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ. «Ընդհանուր շուրջ 123 կիլոմետր է: Արդեն որոշ որոշումներում մենք գումար տվել ենք, և հիմա հերթական որոշումն է՝ միջին նորոգման մի քանի ճանապարհահատվածների համար գումար տալու»:

 

Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները

 

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի հուների մաքրմանն ուղղված միջոցառումների իրականացումը գնահատվել է անհետաձգելի և հրատապ, հաշվի առնելով նաև օդերևութաբանական կանխատեսումները աշնան, ձմռան և գարնան ամիսներին սպասվելիք առատ տեղումների և նորմայից ցածր ջերմաստիճանի վերաբերյալ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր հեղեղումների և ավելի մեծ վնասների։ Հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150 մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ հողազանգվածը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը լցվելով հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։ Նկարագրված իրավիճակից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հատվածում իրականացնել հետևյալ հակահեղեղային հրատապ կանխարգելիչ միջոցառումները` մաքրել սողանքային մարմնից պոկված, գետի հունը փոխած հողազանգվածը, ինչը կլայնացնի գետի հունը և կվերադարձնի գետը նախկին հուն։ Այն կնպաստի նաև գետի թողունակության մեծացմանը, ինչն էլ կնվազեցնի այդ հատվածում ջրհեղեղով պայմանավորված ռիսկերը: Որոշմամբ 150 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզին, 70 մլն դրամ՝ Տավուշի մարզին:

 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ խնդրի երկարաժամկետ լուծման ևս մեկ ծրագիր է նախատեսվում. «Այն նախատեսվում է իրականացնել Լոռու մարզում՝ Ասիական զարգացման բանկի հետ: Հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակի համար 1,1 մլրդ դրամ ենք նախատեսել: Իրենց պատվիրել ենք այդ ամբողջ հատվածների, գետերի, գետաահուների, հարակից հատվածների ուսումնասիրություն և առաջարկներ, թե ինչպիսի լուծումներ տանք: Օրինակ՝ ճանապարհը որ տեղերում փոխենք, լայնացնենք, բարձրացնենք, հուներն ինչպես մաքրենք, ինչ հենապատեր դնենք: Այսինքն՝ մեծածավալ աշխատանք է պատվիրված»:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առկա մի շարք խնդիրներին, մասնավորապես՝ գետերի հուների ճիշտ կառավարման, որը կնպաստի ջրհեղեղի ներուժի մասշտաբների նվազեցմանը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հետևողական միջգերատեսչական աշխատանք իրականացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

 

Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակում Մ- 2 ավտոճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու են՝ 2-րդ կարգի, 80 կմ/ ժամ արագությամբ, երկու երթևեկելի գոտով շուրջ 32 կմ ճանապարհահատվածի՝ Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ հատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ հատվածի կառուցման, ինչպես նաև 11 կամուրջի (ընդհանուրը 2․24 կմ երկարությամբ) և 2 թունելի (ընդհանուրը 0,97 կմ երկարությամբ) կառուցման աշխատանքներ, 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) հատվածի վերակառուցման աշխատանքները։ Թունելն ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Թունելի ճանապարհը ասֆալտբետոնե ծածկով է, 2 երթևեկելի գոտիով, 9 մ լայնությամբ։ Ճանապարհի երկու կողմերում կառուցվելու են քայլուղիներ՝ ճանապարհի մակերևույթից մոտ 15 սմ բարձրության վրա, թունելի առաստաղում կառուցվելու է ծխատար խողովակ, որը հանդիսանալու է թունելի եվրոպական ստանդարտներին համապատասխանող օդափոխության համակարգի մաս, իսկ ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար: Ծրագրի արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, կնվազի ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի օգտագործումը, հնարավորություն կստեղծվի խուսափել ձմռանը լեռնանցքի անցանելիության դժվարություններից,

զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը, կավելանա ապրանքաշրջանառությունը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ծրագրի կարիքների համար ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում, Մեղրի համայնքի Տաշտուն, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, բնակավայրերում ընդհանուր 62 հողամասերի ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։

 

Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

 

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում՝ 22,879.4 հազար դրամի չափով: Արդյունքում՝ ձեռք կբերվեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կապահովվեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես՝ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 8 ուսումնարանի հակահրդեհային և հրդեհաշիջման համակարգի նախագծման, Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջին ամրացված շենքի մի հատվածի հիմնանորոգման, Երևանի պարարվեստի քոլեջին ամրացված շենքի մասնակի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կաթսաների փոխարինման համար և այլն։ Մարզադպրոցն ունի 2 կաթսա, որոնք արդեն շարքից դուրս են եկել և ենթակա են փոխարինման։ Առկա է մարզադպրոցի կաթսաների Ներկայացված է համապատասխան նախահաշիվ և հիմնավորող գնային առաջարկները։

 

Մեկ այլ որոշմամբ էլ կատարվել է 60,242.3 հազար դրամի չափով վերաբաշխում, որը կուղղվի Մեծ Պարնու ակադեմիկոս Մ․ Մելքոնյանի անվան և Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցների տանիքների հիմնանորոգմանը, Կոտայքի մարզային գրադարանի թեքահարթակի և աստիճանների կառուցմանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համար գույքի և տեխնիկայի ձեռքբերմանը: Գումար կհատկացվի նաև Թումանյանի թանգարանի շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման համար։

 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին` Գարգառ գյուղի վարչական տարածքում կրթահամալիր կառուցելու նպատակով։ Կրթահամալիրը կառուցվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

 

Օրենսդրական նախաձեռնություններ. կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը

 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողության գործընթացի կարգավորումն է: Ըստ այդմ՝ կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար

չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ: Այսինքն` կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, միաժամանակ, կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը:

 

Գործադիրը հավանություն է տվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ: Նախագծով սահմանվում է, որ վերահսկողությունը իրականացվելու է դիտարկման միջոցով, որը տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է:

 

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցերում։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի

 

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։ Նշվել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար: Պուշկինի 56ա հասցեում ներկայումս գտնվող վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու տեսանկյունից։ Նախատեսվում է նաև ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից այժմ զբաղեցվող՝ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական

շենքն ընդգրկել Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական կարիքների համար։

 

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս ՝ 300 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 6.6 մլն դրամ:

 

Միջազգային համագործակցություն. կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

 

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում: Վերջինիս ենթամիջոցառումներից են՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում: