Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Հասարակություն

Երևանի քաղաքապետին լիազորություն է տրվում իրականացնել «Հին Երևան» ծրագրի շրջանակներում գույքերի օտարման գործընթաց

 ՀՀ կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում ընդունեց որոշում, որով Երևանի քաղաքապետին լիազորություն է տրվում իրականացնել Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում գտնվող երկու գույքային միավորի օտարման գործընթացը՝ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում։ Որոշումը նպատակ ունի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը՝ մասնավոր ներդրումների միջոցով։ Տարածքում նախատեսվում է վերակառուցել հին պատմության և մշակույթի հուշարձանները՝ ստեղծելով նոր քաղաքաշինական գեղագիտական միջավայր։

Տարածքը ներառում է հին և խարխուլ շինություններ, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և քաղաքաշինական նորմերին։ 2018 թվականին տարածքի 151 գույքի մեծ մասն արդեն օտարվել է, սակայն Արամի 27/1 և Արամի 29/4 հասցեների գույքերը դուրս են մնացել գործընթացից։ Այս գույքերի օտարման համար անհրաժեշտ է նորից հանրային գերակա շահ ճանաչել։

Հիմք ընդունելով գործընթացում առաջացած նոր հանգամանքները, որոշմամբ նախատեսվում է՝ գույքերի օտարումն իրականացնել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ պայմանագրով։ Հանրային գերակա շահի ռեժիմը տարածել այն գույքերի վրա, որոնք կստանան կադաստրային գրանցում կամ օրինականացում 2024 թվականից հետո, կարգավորել կադաստրային գրանցումների ժամանակ հնարավոր տարաձայնությունները։

Որոշումը թույլ կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, ինչը կնպաստի՝ պատմամշակութային արժեքների վերականգնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը։

Ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի պատմական ժառանգության պահպանմանը և մայրաքաղաքի զարգացմանը՝ նորարարական և գեղագիտական լուծումներով։