Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZNZ_3464
A A
Բիզնես

ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը (լուսանկարներ)

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։

Հաշվետվության հրապարակմանը հրավիրված էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, որոտի կրթական- գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ժամանակ հնչեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը, որում նա մասնավորապես նշել է․ «Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է բոլոր ուղղություններով՝ բնապահպանություն, սոցիալական և կառավարչական, միջազգային ընդունված չափանիշների աստիճանական ներդրում: Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ․ միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»:

Նա նաև նշեց, որ կայուն զարգացումը նոր տեխնոլոգիաների և արտադրողականության կառավարման ոլորտում ժամանակակից մոտեցումների ներդրման անբաժանելի մասն է։ Սա ընկերության զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի, արտադրողականության աճի և արդյունավետ ռիսկերի կառավարման ինտեգրված մոտեցում է:

Կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նա ընդգծեց, որ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքների և մոտեցումներին համապատասխան։ Զեկույցը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում Ընկերության ներդրումը և մանրամասնում է նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

Հաշվետվութան մեջ առանձնացված են 2023 թվականին ընկերության ձեռքբերումները՝ կայուն զարգացման ոլորտում։ Արմեն Ստեփանյանը նշեց, որ

առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։

Նշվեց նաև, որ ընկերության կառավարման ընթացակարգերում ավելացել են նոր կանոնակարգեր ու քաղաքականություններ՝ վարվեցողության կանոններից մինչև սոցիալական, առողջության և անվտանգության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող։ Նորացված ընթացակարգեր և քաղաքականություններ են մշակվել նաև բնապահպանական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։ Գնումների ընթացակարգերում ևս ներդվում է միջազգային առաջատար փորձը՝ արդյունավետությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը՝ Հայաստանի ամբողջ տարածքում հեռախոսային հարցման, իսկ Սյունիքի մարզում՝ «դեմ առ դեմ» ձևաչափերով։ Ըստ հարցման, Հայաստանի Հանրապետությունում հարցվածների մեծամասնությունը՝ 77%-ը, կարծում է, որ կարելի է ունենալ միաժամանակ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն ու զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8%-ը նույնպես այդ կարծիքին են, ընդ որում այս միտքը հիմնականում ընդունելի են համարել 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ հարցվողները։

«Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում․ Սյունիքի մարզի և ԶՊՄԿ-ի ֆենոմենը» հետազոտությունը ներկայացրեց «Modex Advisory» ընկերության ղեկավար Հայկազ Ֆանյանը։ Ըստ մանրամասն սոցիալ-տնտեսական վերլուծության, Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքագործության վրա։ Սյունիքը, որտեղ գործում է ԶՊՄԿ-ն՝ ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, Հայաստանի ամենահարուստ մարզն է, որն իր փոքր բնակչությամբ, ապահովում է մեծ տնտեսական արդյունք։ Ըստ վերլուծության, աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1%, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։