A
A
Չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի արդյունքները․ Ժաննա Անդրեասյան
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի արդյունքները 2023 թվականի միջազգային գնահատման տվյալներով (TIMSS)՝ 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ։ Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում՝ հատելով 500-ի շեմը։ Մեր սովորողների 93 տոկոսը հաղթահարում է ներքին շեմը, 72 տոկոսը՝ միջին շեմը, 31 տոկոսը՝ նաև բարձր շեմը։
Այս ցուցանիշներով մեր սովորողները ավելի լավ արդյունքներ են ցուցաբերել, քան տարածաշրջանի երկրների մեծ մասը, նաև այնպիսի երկրներ, ինչպես Կանադան, Իսպանիան, Ֆրանսիան ևն։
Արդյունքներն ավելի համեստ են բնագիտության ոլորտում, որտեղ մեզ ցանկալի աճ դեռ չենք գրանցել, սակայն կարևոր է, որ կրճատվել է նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների համամասնությունը 2019-ի նկատմամբ։ 2023-ի տվյալներով սովորողների 82 տոկոսը հաղթահարում է գիտելիքի ներքին շեմը, 40 տոկոսը՝ միջին շեմը, 6 տոկոսը՝ բարձր շեմը։
Նաև շատ կարևոր է, որ գնահատման արդյունքներով սովորողների մոտ ավելի բարձր է բուն գիտական փաստերի իմացության և դրանց բացատրության կամ հիմնավորման բաղադրիչը, սակայն բարելավման կարիք ունի կիրառության բաղադրիչը, որտեղ արդյունքն ավելի ցածր է։ Առաջադրանքներից 69 եղել են զուտ գիտական փաստերի իմացության, 32-ը՝ դրանց հիմնավորման կամ բացատրության և 72-ը կամ ամենամեծ թվով առաջադրանքները, գիտելիքի կիրառությանն ուղղված առաջադրանքներ։
Վստահ եմ, որ բնագիտական լաբորատորիաների ներդրումը բոլոր դպրոցներում, որ այս տարի արդեն ավելի քան 600 դպրոցներում դառնում է հասանելի, մեր երեխաներին օգնելու է նաև բնագիտության ոլորտում հենց կիրառականության ընկալմանն ու գործնական հմտությունների բարելավմանը»։