Բացել լրահոսը Փակել լրահոսը
Համաշխարհային բանկ
A A
Տնտեսություն

Համաշխարհային բանկի նոր զեկույցի համաձայն ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը

Ըստ Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում:

Այս զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն  է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունը և օպտիմալությունը:

2023 թ. հրապարակված առաջին հրատարակությունը վերլուծել է Հայաստանի կապիտալ ներդրումների արդյունավետությունը և սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտին կատարվող հատկացումները: Երկրորդ հրատարակությունը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանն ու արդարացիությանը և օպտիմալացմանը: Զեկույցում ներկայացվում են քաղաքականության վերաբերյալ առաջարկներ և Հայաստանի պետական ֆինանսների օպտիմալացման ճանապարհային քարտեզ:

Հայաստանի հարկային համակարգի բարելավում. արդյունավորության, արդյունավետության և արդարացիության ընդլայնում

Թեև Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրումը, և հարկ-ՀՆԱ գործակիցը 2021-2023թթ. միջինում հասել է ՀՆԱ-ի միջինում 24%-ը, այն դեռևս չի հասնում  Կառավարության ծրագրում (2021-2026) նշված 25% թիրախին:

Այս թիրախին հասնելու համար, միաժամանակ անդրադառնալով հարկային համակարգի անարդյունավետությանը և արդարությանը, զեկույցում առաջարկվում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը, որպեսզի ավելի մեծ թվով բիզնեսներ համանման կերպով հարկվեն։ Ուսումնասիրությամբ առաջարկվում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի ծածկույթը և թույլ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ կամ հատուկ հարկեր ստանալ: Խորհուրդ է տրվում արդիականացնել միջազգային հարկային կանոնները՝ դրանք լիովին կիրառելի դարձնելով թվային տնտեսության համար:

Զեկույցում նաև առաջարկվում է նախատեսել հարկային նվազեցումներ և այլ միջոցներ ցածր եկամուտ ունեցողների համար, ովքեր բարձր ծախսեր են կրում իրենց եկամուտների մասով: Զեկույցը հավելում է, որ թեև Հայաստանում ներդրված են բնապահպանական հարկեր և վառելիքի ակցիզային հարկեր, դրանք տարածաշրջանային չափանիշներից ցածր են և միայն մասամբ են արտացոլում առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը և բավարար խթաններ չեն ապահովում դեպի ավելի կանաչ և կայուն աճի մոդելի անցման համար: Ցածր ածխածնային տնտեսություն դառնալու իր նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ածխածնի հստակ (ուղղակի) գին սահմանել՝ վերին օղակում հարկի միջոցով (օրինակ` գանձելով դա Հայաստան բնական գազ և նավթամթերք ներկրողների համար) և բարձրացնել հանածո վառելիքի գործող ակցիզային հարկը, ասվում է զեկույցում։

«Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել երկրի հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու հարցում, որը հնարավորություն է ապահովում ծախսային հատկացումների ավելացման համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: «Հայաստանի հարկային ռեժիմը կարող է նպաստել գրանցված աշխատատեղերի ստեղծմանը` նվազեցնելով հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար: Մեր զեկույցում նաև դիտարկվում է կրթության ոլորտը և առաջարկներ են ներկայացվում ներդրված նույն գումարի դիմաց ավելի լավ կրթական վերջնարդյունքների հասնելու ուղղությամբ»:

Հայաստանի կրթության ոլորտին հատկացվող ծախսերի արդյունավետության բարելավում

Զեկույցում նաև ընդգծվում է, որ չնայած հանրակրթության ոլորտում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և ընդհանուր բարելավումներին` Հայաստանը դեռևս մարտահրավերների է առերեսվում ուսման որակի, նախադպրոցական և բարձրագույն կրթության հասանելիության, ինչպես նաև ֆինանսավորման անարդյունավետության ու որակի առումներով:

2022 թ․ Հայաստանի աղքատ բնակչության շրջանում դպրոցահասակ երեխաների ընդամենը 43.4%-ն է հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն և ընդամենը 17.2%-ն է ունեցել բարձրագույն կրթության հասանելիություն: Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդհանուր ընդգրկվածության ցուցանիշը մնում է ցածր` 53%, ի տարբերություն համադրելի երկրների միջին 60% ցուցանիշի:

Սովորողները ետ են մնում նաև իրենց ուսանածի առումով։ Թեև սովորողները մոտավորապես 11.3 տարի են անցկացնում դպրոցում, նրանք ավարտում են ընդամենը 8 տարվա օպտիմալ ուսուցմանը համարժեք գիտելիքով:

Մյուս կարևոր մարտահրավերներից են որակյալ նախադպրոցական կրթության սահմանափակ հասանելիությունը, ոչ բավարար միջին մասնագիտական կրթությունը և տնտեսության նորահայտ ճյուղերում պահանջվող արդի հմտությունների պակասը:

Ըստ զեկույցի, Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել`

  • ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը,
  • բարելավելով դասավանդման որակը,
  • օպտիմալացնելով դպրոցների մեծությունը,
  • ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում, և
  • ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության համար:

Բացի այդ, ուսումնական հաստատությունների կառավարման օպտիմալացումը և դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը` շեշտադրելով ուսումնառության վերջնարդյունքները, չափազանց կարևոր է Հայաստանի ապագա աշխատուժի զարգացման համար:

Զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի` ՀՀ կառավարության հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում` ի աջակցություն կրթության ոլորտում երկրի  զարգացման նպատակների։ Այն միտված է ապահովելու, որպեսզի կրթության համակարգը սովորողներին տրամադրի այն հմտությունները, որոնք նրանց անհրաժեշտ են արագ փոփոխվող տնտեսությունում կայանալու համար: