A
A
Էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է․ Փաշինյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․
Վերջերս համացանցում մի զրույց էի նայում եւ զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երեւույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ:
Ի՞նչ է բխում սրանից. որ էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում:
Եւ իսկապես: Եթե դու շփման մեջ եւ կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է:
Բերեմ կոնկրետ օրինակ. եթե դու խոսքով կամ գործով վիրավորում, վնասում ես մեկին, նա կարող է հակադարձել առնվազն վիրավորանքով, պատասխան վնաս հասցնելով եւ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է բերել ընդհուպ բռնության, ընդհուպ զոհերի եւ էական չէ, դու սպանողն ես, թե զոհը: Երկու դեպքում էլ քո կյանքը խաթարված է:
Վերը նկարագրվածը, իհարկե, ծայրահեղ դեպքն է, որը բերում եմ որպես ամենասուր օրինակ: Ու տարբեր իրավիճակների հաշվառումով սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում:
Հարգարժան պրոֆեսորը էթիկայի հստակ համակարգի բացակայությունը, կամ դրա չպահպանումը համարում էր ինքնաոչնչացման մեխանիզմի մաս, վերը հիշատակված նույն հիմնավորմամբ: Ու սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում: Ընդ որում, բոլոր այս դեպքերը հավասարաբար վերաբերվում են թե արտաքին եւ թե ներքին հարաբերություններին:
Սկսած ընտանիքից: Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին):
Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար:
Եթե հանրային մի խումբը իրեն սահմանափակված չի համարում էթիկայով, դա կարող է ներհանրային լարումներ գեներացնել: Նույն կերպ՝ կարող է առաջացնել արտաքին լարումներ: Եւ այսպես շարունակ:
Հետեւաբար, համոզիչ է թվում, որ էթիկան անվտանգության էական բաղադրիչ է:
Եթե մեր երկրում անհատական, խմբային, հանրային եւ պետական մակարդակում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին եւ ներքին ռիսկեր է գեներացնելու: Ավելի ճիշտ, այդ ռիսկերը գեներացված են վաղուց, եւ հարգարժան պրոֆեսորի բանաձեւի տրամաբանությամբ, ինքնաոչնչացման գործարկված մեխանիզմի մասին կարող են վկայել:
Այս խնդրին, իհարկե, հնարավոր չէ բացարձակ լուծում տալ: Որեւէ բան փոխել հնարավոր չէ մեկ կամ մի քանի գրառումներով: Հարկավոր է նախ քննարկում ունենալ այս թեմայով, բանաձեւեր առաջ բերել:
Այս պահին սա գրում եմ մեր հանրային, քաղաքական, պետական կյանքում այս օրակարգը ամրագրելու համար: