Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար
Աջակցիր «Ա1+»-ինԶբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատումը:
Փաստաթղթով նախատեսված է առանձին թիրախային խմբերի համար իրականացնել 103 միջոցառում, որոնք միտված են մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին։
Ըստ այդմ, Հայաստանի զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագրի նպատակները հետևյալ կետերի շուրջ են՝
• մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ,
• 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով,
• կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը,
• ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով,
• զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը: