Բացել լրահոսը Փակել լրահոսը
18․01 (3)
A A
Պաշտոնական

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան:

 

Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում:

 

Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը:

 

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ:

 

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

 

Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն:

 

Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ

ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ:

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով