Պարզվում է՝ Դեբեդը նաև թռչելու հատկություն ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հիմա ստեղից, որ նայում ենք, կամուրջը դեռ երևում է: Էն ժամանակ գետն այդ կամրջի տակով էր հոսում: Հիմա հունը փոխել է»,ասում է Թումանյան համայնքի բնակիչ Սամվել Շահվերդյանը:
Նախորդ տարվա մայիսին Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքով տեղի ունեցած աղետի հասցրած վնասները մարդիկ դեռ հաշվում են: Դեբեդը հեղեղել ու քշել է նաև Թումանյան համայնքի բնակիչ Սամվել Շահվերդյանին պատկանող այգիները, անասնագոմերը, անասունները: Կրած վնասների դիմաց նա որևէ փոխհատուցում չի ստացել:
«Էսօրվա թվերով եթե հաշվենք, մոտ քսան մլն դրամի վնաս եմ կրել, բայց հույս չկա, որ գոնե մի դրամ էլ կփոխհատուցեն»,-ասում է Սամվել Շահվերդյանը:
Սամվել Շավերդյանին պատկանող այգիները, անասնագոմերը գտնվում են Ալավերդի համայնքի Այգեհատ վարչական բնակավայրի տարածքում՝ Դեբեդ գետի հարևանությամբ: Աղետի հետևանքով հսկայական վնասներ կրած բնակիչը փոխհատուցում չի ստացել, որոհետև Այգեհատը աղետի գոտի չի ճանաչվել: Այնինչ, Դեբեդը քշել է նրա այգիների մոտ հիսուն տոկոսը:
Ասում է՝ նախ դիմել է Թումանյանի համայնքապետարան, որից հետո մարզպետարան, ապա նամակ գրել էկոնոմիկայի նախարարին: Պատասխանել են, որ նշված տարածքը աղետի գոտի չէ: Սամվել Շահվերդյանը նամակով դիմել է նաև Լոռու մարզպետին և ստացել նույն պատասխանը:
Աղետից տուժած քաղաքացին չի դադարում դիմումներ գրել։ Նրա վերջին երկու նամակները ուղղված են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ Այգեհատը նույնպես աղետի գոտի ճանաչվի, և մարդիկ կարողանան կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալ:
Սամվել Շահվերդյանը մեզ տեղեկացրեց, որ օրեր առաջ նորից է եղել Ալավերդու համայնքապետարանում և նորից դիմում է ներկայացրել։
Փոխահտուցում կլինի, թե՝ ոչ, դեռ պարզ չէ: Ալավերդու համայնքապետարանից տեղեկացանք, որ այս պահին Այգեհատը աղետի գոտի ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման փոփոխություն չկա: Այդ պատճառով՝որևէ բան ասել չեն կարող:
Աղետից տուժած Սամվել Շահվերդյանը չի հուսահատվում: Ասում է՝ բնության դեմ ոչինչ անել չենք կարող:
«Կվճարեն, կվճարեն: Հիմա, որ էդպես է եղել, ինչ կարող ենք անել: Բնական աղետ է: Եթե նստեցինք, լացեցինք, ի՞նչ է փոխելու»,-ասում է Սամվել Շահվերդյանը:
Անկյուն+3