A
A
Կեղծ են հայտարարագրի դրական հնարավորությունները․ Ավետիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի խնդիրներին և դրա ներդրման հիմնավորվածության պակասին։
Պատգամավորի խոսքով՝ երկու տարի շարունակ այդ համակարգի ներդրումը ստեղծել է ավելորդ բյուրոկրատիա, իսկ դրա նպատակները չեն համընկնում առաջարկվող կարգավորումների հետ։
«Նախորդ տարի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող շուրջ 60,000 քաղաքացիների կեսը չի կատարել իր պարտականությունը։ Եթե այս համակարգը իսկապես այդքան լավ է, ինչո՞ւ մարդիկ չեն օգտվում դրանից։ Իսկ այս տարի հայտարարագիր պետք է ներկայացնեն արդեն շուրջ 800,000 քաղաքացիներ՝ վարձու աշխատողներ և քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող անձինք»,- ընդգծեց պատգամավորը։
Ավետիսյանի գնահատմամբ՝ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը պատրաստ չէ նման հայտարարագրերի ընդունմանը, իսկ համակարգի իրականացման ներկայիս ձևաչափը չի նպաստում ստվերի կրճատմանը և թափանցիկության ապահովմանը։
«Եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային եկամուտ, որն արտացոլված չէ եկամտահարկի միասնական համակարգում, նա չի ներառելու այն իր հայտարարագրում։ Սա կրկնօրինակում է արդեն իսկ առկա տեղեկատվությունը, իսկ պետական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացման մասին պնդումները պարզապես կեղծ թեզեր են»,- նշեց պատգամավորը։
Ըստ Ավետիսյանի՝ առանց ծախսերի հաշվառման համակարգի ներդրման, եկամուտների հայտարարագրումը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև քաղաքացիների համար ավելորդ վարչարարական բեռ։
Ավարտելով իր ելույթը՝ պատգամավորը շեշտեց, որ նման համակարգը չի կարող դառնալ արդյունավետ գործիք՝ հօգուտ հանրության։