Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նաև հույս է հայտնել, որ իր շփումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «շատ շուտով» կկայանա։

Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան նոր վարչակազմը կշարունակի՞ զենք մատակարարել Կիևին, թե՞ դիտարկում է մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։ 

«Մենք կուսումնասիրենք դա: Մենք կապի մեջ ենք (խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի հետ: Մենք շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ: Կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը, որը հունվարի 20-ին երդվել է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ: 

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ եվրոպական երկրները պետք է զգալիորեն մեծացնեն Կիևին աջակցելու ծախսերը։ 

«Սա նրանց ավելի շատ է վերաբերում, քան մեզ, մեր միջև օվկիանոս կա», - հավելել է Թրամփը՝ մեջբերելով այն տվյալները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք 200 միլիարդ դոլար ավելի է ծախսել Ուկրաինային օգնության վրա, քան ԵՄ-ն։ 

«Ի՞նչ է՝ մենք հիմա՞ր ենք։ Կարծում եմ՝ դրա պատասխանն է՝ այո, որովհետև նրանք, հավանական է, այդպես են կարծում», - ասել է Թրամփը՝ կրկնելով իր այն պնդումը, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։