Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Քաղաքականություն

Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի

Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա դա աննախադեպ և բացառիկ երևույթ է համարում հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Մասնագետի խոսքով,  սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում:

«Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան:
Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները:

1. Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է, կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները, որոնք հակադրվում են դրան:

2. Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է՝ չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:

3. Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկզբունքը»:

Սարգսյանը նշել է, որ այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր:

Նա ավելացրել է նաև, որ գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել: