Բաքուն հերքում է հայերի նկատմամբ հոգեներգործուն միջոցներ կիրառելու Փաշինյանի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանն «անհիմն ու անհեթեթ» է որակել Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները, թե հայկական կողմի հետախուզական տեղեկություններով՝ Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառվում, որ տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն:
Ադրբեջանական ԱՊԱ-ին երկրի արտաքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ «մեղադրյալների բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված են»: Պաշտոնական Բաքուն պնդել է, թե ամբողջ դատական գործընթացը և նրանց ցուցմունքները գրանցված են:
Երեկ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ:
«Այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ», - նշեց նա: