Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Lրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2024թ․ տարեկան զեկույցի մասին

2024 թվականին Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ 208 փաստ՝ 2023 թվականի 200-ի դիմաց։ ԽԱՊԿ-ի դասակարգմամբ պատկերը հետևյալն է․ 15 ֆիզիկական բռնության դեպք (24 տուժող), 71 տարատեսակ այլ ճնշումներ, 122 տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Դիտարկվող ժամանակահատվածում լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության միջավայրը բնորոշվել է ալիքաձև զարգացումներով՝ պայմանավորված հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներով ու դրանց հաջորդող հարաբերական կայունությամբ։

 

2024 թ. խախտումների քանակական տվյալներն ըստ եռամսյակների

Խախտումների տեսակները 1-ին եռամսյակ 2-րդ եռամսյակ 3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ Ընդամենը

Ֆիզիկական

բռնություններ

լրագրողների

նկատմամբ 0 14 (23 տուժող) 0 1 15 (24 տուժող)

Ճնշումներ ԶԼՄ-ների և

դրանց

աշխատակիցների

նկատմամբ 17 26 11 17 71

Տեղեկություններ

ստանալու և

տարածելու իրավունքի

խախտումներ 41 19 40 22 122

 

2023-2024 թթ. խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները 2023 թ. 2024 թ.

Ֆիզիկական բռնություններ

լրագրողների նկատմամբ 6 15

Ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց

աշխատակիցների նկատմամբ 60 71

Տեղեկություններ ստանալու և

տարածելու իրավունքի խախտումներ 134 122

Տարվա ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություններ գրանցվել են հիմնականում երկրորդ եռամսյակում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմանն ի պատասխան ընդդիմադիր ուժերը բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպում, և հենց այդ իրադարձությունները լուսաբանելիս լրատվամիջոցների աշխատակիցները ենթարկվել են բռնությունների, մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների ու ճնշումների։ Միայն այդ ընթացքում լրագրողների իրավունքների այդպիսի խախտումների ընդհանուր թիվը հասել է 20-ի։ Դրանցից 13-ը տեղի են ունեցել իրավապահների, 7-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողությունների արդյունքում։

Այս բոլոր դեպքերը, ինչպես նաև ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների թիրախավորման, նրանց նկատմամբ անհարգալից ու վիրավորական վերաբերմունքի դրսևորումները ներկայացված են ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցում, իսկ դրանցից առավել արտառոց փաստերի առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու գործընկեր կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։

Նախորդ տարվա համեմատ, 2024 թվականին 7-ով ավելացել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը՝ հասնելով 43-ի։ Դրանցից 17-ը ներկայացվել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից, 13-ը՝ ձեռնարկատիրական ընկերությունների կամ գործարարների, 3-ը փաստաբանների, 1-ը ՀԿ-ի, 1-ը ընդդիմադիր գործչի, 8-ը՝ այլ ֆիզիկական անձանց կողմից։

 

2024 թ. ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերը

Դատական գործերի տեսակները 1-ին եռամսյակ 2-րդ եռամսյակ 3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ Ընդամենը

Վիրավորանքի և

զրպարտության

հիմքով 12 17 6 8 43

 

Պաշտոնյաների ներկայացրած դատական հայցերը հիմնականում ուղեկցվել են մեծ գումարային փոխհատուցման պահանջներով։ Այս առումով առավելապես աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրանցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների 3-ական նոր հայց է ներկայացրել։

2024 թվականին իրականացված մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրավիճակը խնդրահարույց է նաև տեղեկատվության ազատության ոլորտում։ Այստեղ նույնպես տարվա կտրվածքով արձանագրվել է խախտումների զիգզագաձև պատկեր․ ըստ եռամսյակների՝ 41, 19, 40 և 22 փաստ։ Պետական մարմինները պատշաճ կերպով բաց չեն ԶԼՄ-ների հետ աշխատանքում և, ըստ լրագրողների

վկայությունների, փորձում են թաքցնել հատկապես այն տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է բացահայտել գործունեության թերություններն ու հնարավոր չարաշահումները։ Տարածված երևույթ է մնում տեղեկություններ տրամադրելու համար օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետի խախտումը (23 դեպք)։ Որոշ դեպքերում այդ գործընթացն անհարկի ձգձգվում և հասցվում է 30 օրվա՝ առանց պատշաճ հիմնավորման, թե այդ ընթացքում ինչ լրացուցիչ աշխատանքներ պետք է իրականացվեն (11 դեպք)։ Առավել խնդրահարույց են հարցումներին լղոզված, առանց պատշաճ հղումների, թերի պատասխանները (36 դեպք)։ Անհիմն վկայակոչվում են պետական կամ այլ գաղտնիքները և անձնական տվյալների պաշտպանությունը, ինչի քողարկմամբ չեն տրամադրվում հրապարակման ենթակա տեղեկություններ (12 դեպք)։

Տարվա ընթացքում կարևոր զարգացումներ են տեղի ունեցել լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող գլխավոր՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն արդիականացնելու ուղղությամբ։ Այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը մշակվել է լրագրողական կազմակերպությունների, այդ թվում՝ ԽԱՊԿ-ի, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Freedom House միջազգային կազմակերպության գործակցությամբ, քննարկման առարկա դարձավ ապրիլի 29-ին կայացած խորհրդարանական լսումներին։ Օրենսդրական փոփոխություններն ու լրացումները կատարելագործելու նպատակով օրինագիծը ուղարկվել է փորձաքննության՝ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով։ Հոկտեմբերի 14-ին այդ կառույցը ներկայացրել է իր եզրակացությունը, տարեվերջի դրությամբ նախագիծը խմբագրվում է։

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է որակյալ լրագրության խրախուսումը, մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացումն ու զարգացումը, պետության կողմից այդ համակարգի ճանաչումը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարվա ընթացքում շարունակել է հետամուտ լինել 2015թ․ հունիսին տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի իրադարձությունների ժամանակ տուժած լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Երկրի ներսում անցնելով բոլոր ատյանները և սպառելով հնարավորությունները՝ ԽԱՊԿ-ի աջակցությունն ստացած լրագրողները 2021 թվականին դիմել էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։ 2024թ․ սեպտեմբերի 4-ին միջազգային այս ատյանը, վերահաստատում ստանալով բողոքը քննելու պահանջի վերաբերյալ, խնդրել է ուղարկել ամբողջական գործը՝ անգլերեն թարգմանությամբ: Հոկտեմբերի 10-ին այն ուղարկվել է, գործընթացը շարունակվում է։